Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր

Հունվար 27,2020 13:30

Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղում բնակվող Մինասյանները չեն շտապել ազատվել տոնական եղեւնուց: 2020 թվականը կարեւոր ձեռքբերումների տարի է դարձել նրանց համար. 26 տարի կիսակառույցում բնակվելուց հետո, վերջապես բարեկարգել եւ ավարտուն տեսքի են բերել տունը: Ընտանիքի կրտսեր զավակն էլ, ավագ եղբայրների նման, աշնանն ուսանող է դարձել՝ իրականացնելով կյանքից անժամանակ հեռացած մոր երազանքը: Հունվարի երկրորդ կեսին միայն տոնական եղեւնին ուրախ տրամադրությամբ հավաքող երեք երիտասարդներն ու ընտանիքի հայրը կարեւոր են համարում դրական տրամադրության ուժը: Որոշել են՝ տանն այսուհետեւ միայն լուսավոր տրամադրություն է լինելու:

Մինասյանների ընտանիքը Վիվա-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությունը ստացած ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Տան ավագ որդին՝ 25-ամյա Հրաչը, ծրագրի մասին տեղեկացել է մեկ այլ շահառուից, հարեւան՝ Դարպաս գյուղում բնակվող ընկերոջից: Իսկ նախորդ տարվա ամռանն արդեն, ծրագրում ընդգրկվելուց հետո, մեծ թափով շինարարական աշխատանքներ է սկսել: Դրանց միացել են հարեւաններն ու բարեկամները: Գործը կարողացել են  ավարտին հասցնել կարճ ժամկետներում: Մինասյանների կիսակառույցը տուն է դարձել յոթ ամսում: Դժվարությունների երկարուձիգ տարիների հուշերը մնացել են անցյալում:

«Ավագ որդուս երազանքն իրականություն դարձավ: Այժմ էլ ես ցանկություն ունեմ. ուզում եմ, որ տղաներս ընտանիք կազմեն ու արվածը վայելեն: Այն, ինչ արեցին մեզ աջակցող կազմակերպությունները, ուրախություն եւ հույս է տվել ոչ միայն մեր ընտանիքին, այլեւ՝ գյուղին: Մենք մեզ մենակ չենք զգում», – ասել է ընտանիքի հայրը՝ Վլադիկ Մինասյանը:

«Ծրագրի ամենալավ կողմերից մեկն այն է, որ մարդն ինքն է իր տունը կառուցում: Երկրորդը՝ արագ իրականացվող շինարարությունն է: Այն, ինչն առանց աջակցության հնարավոր է իրականացնել 10-15 տարվա ընթացքում, ավարտին է հասցվում մեկ տարվա մեջ: Կա նաեւ հոգեբանական կարեւոր ազդեցություն. մարդիկ զգում են, որ իրենք մենակ չեն, եւ դա նրանց ուժ ու վստահություն է փոխանցում», – ասել է ընտանիքի ավագ տղան՝ Հրաչ Մինասյանը:

Գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 208 ընտանիքի հաջողվել է հաղթահարել ոչ միայն իրենց ֆինանսական, այլեւ հոգեբանական խնդիրները:

«Առավոտ» օրաթերթ
25.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031