Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են Հայաստանում աղջիկ փախցնում

Հունվար 27,2020 13:00

Աղջիկ  փախցնելը տարածված է եղել դեռ վաղ ժամանակաշրջաններում եւ աշխարհի տարբեր մասերում: Այս ամուսնության եղանակը պահպանվել է մինչեւ մեր օրերը եւ քիչ թե շատ տարածված է նաեւ հայկական իրականության մեջ:

Աղջիկ փախցնելու դրդապատճառները տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են, սակայն այն մշակույթները, որտեղ տարածված է ամուսնության այս եղանակը. հիմնականում հայրիշխանական են, եւ դրանց արժեհամակարգում մինչեւ ամուսնություն սեռական հարաբերություն ունենալը անարգանքի է հավասար կնոջ համար:

Ազգագրագետ Կարինե Բազեյանն ասում է, որ աղջիկ փախցնելը չենք կարող անվանել ավանդույթ կամ սովորույթ, այն եղել է ամուսնության ձեւերից մեկը: «Հին հայկական իրականության մեջ ամուսնության եղանակները երեքն էին՝ գնմամբ ամուսնություն, միջնորդությամբ ամուսնություն եւ առեւանգմամբ ամուսնություն՝ նույն աղջիկ փախցնելը: Այն դեռ հնագույն ժամանակներից է տարածված եղել հայոց մշակույթում, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդն ընդունել է ամուսնության այդ եղանակը»,- մեզ հետ զրույցում նշեց Կարինե Բազեյանը:

Նրա խոսքերով, աղջիկ փախցնելը տեղի էր ունենում զանազան պարագաներում, զանազան պատճառներով, այսինքն՝ երբ կողմերը միմյանց հետ կապված էին փոխադարձ սիրով, երբ կողմերն իրար անծանոթ էին, երբ ծանոթ կողմերից երիտասարդը անպատասխան սեր էր տածում, երբ աղջկա ծնողները համաձայն չէին՝  նկատի ունենալով տղայի սոցիալական դրությունը եւ այլն: «Անցյալում աղջկա բացարձակ անգիտությամբ կամ բռնությամբ տեղի ունեցող առեւանգումները կատարվում էին տղայի կամ նրա ընտանիքի իմացությամբ, սակայն աղջիկ փախցնելը երբեմն սիմվոլիկ էր եւ տեղի էր ունենում աղջկա գիտությամբ, որ դեմ էր գնում իր ծնողներին: Ուստի «աղջիկ փախցնել»-ը  չենք կարող  ըմբռնել միայն «առեւանգում» իմաստով»,-նշում է ազգագրագետը:

Այժմ էլ տեղի են ունենում դեպքեր, երբ աղջկան փախցնում են իր գիտությամբ՝ մի շարք դրդապատճառներից ելնելով, հաճախ խուսափելով ամուսնական ծախսերից, սակայն սա չի նշանակում, որ աղջկա կամքին հակառակ առեւանգումը ներկայում տարածված չէ:  Այս դեպքում խախտվում են  կանանց իրավունքները: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ մարդու կամքին դեմ ցանկացած քայլ բռնության դրսեւորում է: Հետեւաբար, «աղջիկ փախցնելը» առանց աղջկա համաձայնության, կարող ենք դիտարկել որպես կանանց նկատմամբ բռնություն:

«Այս սովորույթը տարածված է մեր օրերում հատկապես մարզային, գյուղական միջավայրում: Շատ հաճախ, երբ աղջկա առեւանգումից հետո բռնությամբ տեղի է ունենում սեռական ակտ, աղջկա ծնողները համաձայնության են գալիս տղայի հետ եւ ամուսնացնում իրենց դստերը՝ ամոթանքից խուսափելու համար: Որոշվում է աղջկա ճակատագիրն առանց նրա գիտության: Եղել են դեպքեր, երբ աղջիկները, այդ իրավիճակում հայտնվելով, դիմել են կանանց աջակցման կենտրոն՝ օգնություն ստանալու նպատակով»,-պարզաբանեց Զարուհի Հովհաննիսյանը:

Նա մանրամասնեց նաեւ առեւանգմամբ ամուսնության հնարավոր հետեւանքները՝ նշելով՝ երբ տղամարդը չի կարողանում բանակցային ճանապարհով կնոջ հետ ընտանիք կազմել, ապա կասկածելի է այդ ընտանիքի ապագան: Արդեն իսկ հնարավոր է դառնում ընտանեկան բռնությունը նման եղանակով ստեղծված ընտանիքներում: Ամուսինը կարող է ցանկացած իրավիճակում բռնություն գործադրել կնոջ նկատմամբ:

Հիշեցնենք, որ այժմ աղջիկ փախցնելը դիտարկվում է որպես անձի ազատության, պատվի եւ արժանապատվության դեմ ուղղված հանցագործություն, եւ պատժվում է քրեական օրենսգրքի 131-րդ  հոդվածով՝ ազատազրկմամբ  երկուսից հինգ տարի ժամկետով:

Սառա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
25.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031