Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Երկու կողմերի դիրքորոշումը, կարելի է ասել, մեղմվել է». ի՞նչ դերակատարություն ունեն  ընտրությունները ԱՄՆ-Իրան առճակատման հարցում 

Հունվար 27,2020 14:00

Ըստ իրանագետի՝ այն անորոշությունը, որ տարածաշրջանում տիրում է,  շարունակվում է: Բայց լարվածության ուժեղացում չի նկատվում:

«Երկու կողմերի դիրքորոշումը, կարելի է ասել, մեղմվել է, որովհետեւ առճակատումը ոչ մեկի շահերից չի բխում եւ ոչ մեկը շահագրգռված չէ դրանում»,- «Առավոտի» հարցին՝ արդյոք Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության հարցում հետընթաց նկատվո՞ւմ է, այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը:

Նշենք, որ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները. մեկ օր առաջ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանում երկու անձանց եւ վեց ընկերությունների դեմ, որոնցից չորսը կապված են Ազգային իրանական նավթային ընկերության հետ։ Թեեւ այս պատժամիջոցներին՝ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ լարվածության կուլմինացիոն կետն անցել է: Այս առիթով մանրամասնեց. «Երկու կողմերի դիրքորոշումը, կարելի է ասել, մեղմվել է, որովհետեւ առճակատումը ոչ մեկի շահերից չի բխում եւ ոչ մեկը շահագրգռված չէ դրանում: Հաշվի առնելով, որ երկու երկրներում էլ ընտրություններ են՝ Իրանում փետրվարին, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ում՝ Թրամփի համար  ճակատագրական, բնականաբար, առճակատումը բացառվում է: Կարող են միջնորդավորված բախումներն այսպես շարունակվել Իրաքում, Լիբանանում կամ այլուր, բայց դրանից ավել չի գնալու: Բայց միանշանակ չենք կարող բացառել նաեւ պատահական ինչ-որ դեպքերի բերումով նման բախումներ տեղի ունենալը, նաեւ չի բացառվում, որ կողմերը, հաշվի առնելով իրենց շահերը, նստեն բանակցության սեղանին»:

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ այն անորոշությունը, որ  տարածաշրջանում տիրում է, շարունակվում է: Բայց լարվածության ուժեղացում չի նկատվում: Անդրադառնալով Իրանի դեմ նոր սահմանափակումներին՝ փորձագետը նկատեց. «Իրանի դեմ սահմանափակումներն արդեն, կարծում եմ, դրանից այն կողմ չեն լինի, բոլոր սահմանափակումներն արդեն եղել են, էլ չկա մի սահմանափակում, որն այս պահին հուժկու հարված կլինի Իրանին: Թեեւ միմյանց հասցեին սպառնալիքները շարունակվում են, բայց չեմ կարծում դրանից ավելի առաջ գնան»: Մեր հարցին՝ իսկ Եվրոպայի լռության եւ երկակի պահվածքի՞ պատճառը որն է, հնարավո՞ր է դա արվում է Դոնալդ Թրամփի կառավարության ճնշումները մեղմելու համար:

Էմմա Բեգիջանյանն արձագանքեց. «Այո, իհարկե, սկզբից չէին խոստովանում: Իրանի՝ 4+1 համաձայնության առնչությամբ այնտեղ կան տարաձայնություններ լուծելու՝ այսպես կոչված ձգանի մեխանիզմը, որը Եվրոպան գործողության մեջ դրեց, բայց այնուամենայնիվ, դեռ դրա վերջնական չեղարկումը չեն համարում: Իսկ դա եղել է սկզբից. դարձյալ չէին խոստովանում, հետագայում խոստովանեցին, որ այդ քայլին Եվրոպան դիմել է ԱՄՆ ճնշումների ներքո, քանի որ ԱՄՆ-ն սպառնացել է, որ եթե գործի չդնեն այդ մեխանիզմը, ապա Եվրոպայից ներմուծվող ավտոմեքենաների մաքսային սակագները 25 տոկոսով ավելացնելու են, իսկ դա մեծ հարված է առաջին հերթին տնտեսական առումով Գերմանիային, քանի որ բավականին մեծ թվով եվրոպական մեքենաներ են արտահանվում ԱՄՆ: Այնուամենայնիվ, Եվրոպան չի ցանկանում լիովին դուրս գալ, ընդհակառակը, Իրանին խրախուսում է, եթե չընդլայնի միջուկային ծրագրերի ուղղությամբ գործունեությունը, այն չի ներկայացնի ՄԱԿ-ին, չեն վերականգնվի ՄԱԿ-ի սահմանափակումերը Եվրոպայից: Ինչ-որ տեղ ԱՄՆ-Եվրոպա եւս տարաձայնություններ կան այստեղ»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ Հայաստանի՞ պահվածքն ինչպես կգնահատի ԱՄՆ-Իրան այս հակամարտության հետ կապված, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Հայաստանը շատ ճիշտ իրեն դրսեւորեց: Նախ անմիջապես արձագանքեց այդ դեպքին, հետագայում էլ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ մենք երկու երկրների հետ էլ բարեկամ ենք, եւ երկուսն էլ մեծ ըմբռնումով կհասկանան մեր դիրքորոշումը: Մեր դիրքորոշումը ճիշտ է: Մեր շահերը պահանջում են՝ այդ երկու երկրները միմյանց հետ լինեն բարեկամ: Ես գնահատում եմ «լավ» մեր վարած քաղաքականությունն այս հարցում, եւ մեզ պետք է ակտիվ չեզոքություն, ինչն այդպես էլ արվում է»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031