Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ABBA-ն «ամուսնացրեց» Շվեդիայի թագավորին

Հունվար 27,2020 12:00

45 տարի առաջ շվեդական հայտնի ABBA խումբը կատարեց Dancing Queen երգը, որի ծնունդը հետաքրքիր նախապատվություն ունի: Kulturologia կայքի փոխանցմամբ, երգի համար խումբը պարտական է Շվեդիայի ներկայիս թագավոր Կարլ Գուստավին, նրա սրտի տիրուհուն  եւ մեծ սիրուն:

1972-ի մի գարնանային երեկո Շվեդիայի այն ժամանակվա թագաժառանգ Կարլ Գուստավը մեկնում է Մյունխենի Tiffany’s կաբարե, որտեղ խնդիր է ունենում անվտանգության աշխատակիցների հետ: Վերջիններս նրան ներս չեն թողնում, քանի որ հրավերք չուներ: Բարեբախտաբար, այդտեղ է լինում Մյունխենի օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավար Վիլլի Դումը, որն անձամբ ծանոթ էր  թագաժառանգի հետ: Նա Կարլ Գուստավին հրավիրում է իր սեղանի շուրջ, որտեղ նստած էր նաեւ չքնաղ Սիլվիա Զոմերլախը:

Շվեդիայի ապագա թագավորն առաջին հայացքից սիրահարվում է Սիլվիային, որը գերմանացու ու բրազիլուհու դուստր էր, գեղեցիկ ու անչափ խելացի անձնավորություն: 29-ամյա Սիլվիան հրաշալի կրթություն էր ստացել, ազատորեն տիրապետում էր գերմաներենին, անգլերենին, իսպաներենին, ֆրանսերենին, պորտուգալերենին եւ իտալերենին: Իսկ Վիլլի Դումի հետ նրա հանդիպման պատճառն էլ այն էր, որ օլիմպիադայի հյուրերի եւ մասնակիցների հետ աշխատող թարգմանիչների համար թրենինգ պետք է անցկացներ: Արքայական ընտանիքը հիացած չէր Կարլի ընտրությամբ, քանի որ նրա սրտի տիրուհին ազնվական ծագում չուներ, սակայն Կարլը մտադիր չէր հրաժարվել իր սիրուց:

Նույն  տարի աշնանը վախճանվում է Շվեդիայի թագավոր Գուստավ Ադոլֆ VI-ը, եւ նրա թոռը Կարլ Գուստավ VI-ը, որը մանուկ հասակից զրկվել էր հորից, ժառանգում է գահը, ապա ամուսնանում սիրած կնոջ հետ: 1976թ. հունիսի 19-ին օրիորդ  Զոմերլախը հռչակվում  է Շվեդիայի թագուհի:

Հարսանեկան շքեղ արարողությանը հրավիրված էր նաեւ ABBA-ն, որն այդ ժամանակ հանրահայտության գագաթնակետին էր: Հենց թագուհու պատվին էլ նրանք գրել էին Dancing Queen երգը, որը կատարում են հարսանիքի ժամանակ, եւ որը  հետագայում դարձավ բոլոր ժամանակների սուպերհիթ:

Պատրաստեց  ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ 
Լուսանկարները՝ kulturologia.ru կայքից:

«Առավոտ» օրաթերթ
25.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել