Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գողանում են մեքենաների հայելիներն  ու լուսարձակները, անգամ՝ դուռը

Հունվար 27,2020 14:30

Հունվարի 24-ին Երեւանի բնակիչներից մեկն ահազանգել էր ոստիկանություն եւ հայտնել, որ իրեն պատկանող մեքենայի դուռը գողացել են (լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի):

Սոցցանցում արդեն նորություն չեն մեքենաների մասերի գողությունների վերաբերյալ գրառումներն ու ահազանգերը: Ըստ քաղաքացիների՝ գողության դեպքերը վերջին հատկապես մեկ ու կես տարում են հաճախակիացել:

Հստակ վիճակագրություն թեեւ չկա, բայց «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ-ն պարբերաբար առաջին ձեռքից ստանում է թալանված մեքենաների լուսանկարները: Երբեմն գողոնի արժեքից ավելի մեծ վնաս է հասցվում մեքենայի տիրոջը (լուսանկարները՝ «Վարորդի ընկեր» հ/կ-ի):

«Հայելիների գողացված լինելու պարագայում, օրինակ, մարդիկ հաճախ ոստիկանություն չեն դիմում, որովհետեւ կարծում են, որ անիմաստ է, որ քաշքշուկի մեջ են ընկնելու: Ոստիկանությունը մեքենաներից գողությունների գուցե փոքր թիվ ներկայացնի, բայց իրական պատկերն ավելի մեծ է: Դա վկայում են տուժած մարդկանց նամակներն ու գրառումները մեր «ֆեյսբուքյան» խմբում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը: Ամենաթարմ դեպքը ներկայացնելով՝ նա կատարվածն աբսուրդ որակեց, որովհետեւ բանը հասել էր նրան, որ մեքենայի դուռն են գողացել: Մեր զրուցակցի խոսքով՝ ավելի հաճախ գողանում են մեքենաների հայելիները. կարծես թե պահանջարկ կա:

«ԱՄՆ-ից մեծ քանակությամբ վթարված մեքենաներ են բերվել: Նախորդ տարվա տվյալներով մոտ 140 000 այդպիսի մեքենա  է մտել Հայաստան: Այդ վթարված մեքենաների համար ինչի պահանջարկ որ կա, դա էլ փորձում են գողանալ: Հայելիները, համենայնդեպս, հեշտ են գողացվում: Մի քանի վայրկյանում հնարավոր է հայելիները հանել: Որոշ մեքենաների լուսարձակներն են հեշտ հանվում, օրինակ՝ «Պորշե Կայեն»-ի դեպքում: Լուսարձակները դնում են, հաջորդ օրը՝ էլի գողանում»,-փաստեց Պեդանյանը: Թե ինչպես է գողոնն իրացվում, Դավիթ Պեդանյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, իրացումը կատարվում է ավելի շատ հարեւան Վրաստանի շուկայում:

Ինչ վերաբերում է գողոնի գներին, Դավիթ Պեդանյանի տեղեկացմամբ՝ հայելիների գները տատանվում են 20.000-150.000 դրամի շրջանակում, իսկ լուսարձակներն, օրինակ, BMW մակնիշի ավտոմեքենայի մոդելներից մեկի դեպքում արժեն 1500-3000 դոլար (զույգը), եւ նման դեպք եղել է: Դավիթ Պեդանյանը նաեւ նշեց, որ մեքենաների մասերի գողությունների թիվը մեծացել է՝ համեմատած, ասենք, 2018թ.-ի հետ, բայց կարեւոր է շեշտել, որ նման դեպքերի լուսաբանումը եւս ավելացել է. «Հիմա գրեթե ցանկացած դեպք մեդիայով եւ այլ հարթակներով լուսաբանվում է»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031