Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ինչպես փոխել Սահմանադրությունը, որ մարդիկ չասեն` Հրայր Թովմասյանի համար է արվում. Վարդան Այվազյան

Հունվար 26,2020 20:41

«Եթե Սահմանադրության բարեփոխումներն իրականացվում են դատաիրավական բարեփոխումների նպատակով, ասեմ որ մեր Սահմանադրության մեջ եթե բարեփոխման խնդիր կա, թերեւս ամենաքիչը դատաիրավական համակարգը ունի բարեփոխման կարիք, քանի որ այդ բաժնի սահմանադրական ամրագրումը այդքան շատ թերություններ չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Հայ արարման հավաք» կուսակցության ԳՄ անդամ Վարդան Այվազյանը` անրադառնալով Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու՝ իշխանության նախաձեռնությանը:

Գործող Սահմանադրության դատաիրավական համակարգին վերաբերվող բաժնում, մեր զրուցակիցն ասում է, իհարկե, կան թերություններ` կապված ՍԴ-ի ձեւավորման կարգի, ՍԴ-ին տրված չափից ավելի լիազորությունների հետ. «Դրանք խնդիր են, բայց շատ լուրջ խնդիր կա նաեւ պետական կառավարման ոլորտում: Բացարձակ պահպանված չէ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը: Այս առումով շատ լուրջ թերություններ կան եւ ընդհանրապես պետք է ասեմ, եթե մենք գնում ենք Սահմանադրական փոփոխությունների, ապա անթույլատրելի է Սահմանադրական դրվագային փոփոխություններ կատարելը: Եթե այդ փոփոխությունները համակարգային բնույթ չեն կրում`պետական իշխանության որակականության ապահովման առումով, ապա այդ փոփոխությունները որեւէ դրական բանի չեն բերի: Դրվագային փոփոխությունները, որպես կանոն, տեղի են ունենում իշխանության հարմարավետությունը բարձրացնելու նպատակով»:

Ըստ մեր զրուցակցի, դրական արդյունք կարելի էր ակնկալել, եթե ծանրակշիռ, հիմնավորված, համակարգային փոփոխություններ լինենին: Ընդ որում, հիմնավորվածությունը պետք է լիներ ԱԺ-ի մակարդակով ընդունված փաստաթղթով, որում պետք է հիմնավորվեր, թե գործող Սահմանադրության որ հոդվածներն են, որ խութեր են առաջացնում, որ դրույթներն են, որ պետության զարգացմանը խոչընդոտում են եւ որ ուղղությամբ ու ինչ փիլիսոփայությամբ դրանք պետք է փոփոխվեն. ճանապարհային քարտեզը եւ ակնկալվող դրական արդյունքները պետք է տեսանելի լինեն:

«Այ սա կլիներ արդեն խելամիտ տարբերակ, բայց միայն դատական համակարգը, այսպես կոչված, բարեփոխելու համար եթե պիտի այդ քայլին գնան, ապա դա այնքան խոցելի կլինի, որ ամբողջ հանրությունը կսկսի խոսել` դա արվում է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար»,- ասաց Վարդան Ավազյանը:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով սպասվող սահմանադրական փոփոխություններին, հայտարարել է, որ կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու կարիք չկա: Փաշինյանի կարծիքով՝ կիսանախագահական համակարգը 3-րդ հանրապետության պատմության ողջ ընթացքում պետության ձախողման պատճառ է դարձել, քանի որ պետության փաստացի ղեկավարը՝ նախագահը, պատասխանատվություն չի կրել ձախողումների համար:

Սահմանադրական փոփոխությունների գլխավոր նպատակն, ըստ Փաշինյանի, դատաիրավական համակարգը առկա իրողություններին համապատասխանեցնելն է. «Հեղափոխության հաջորդ օրից եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին՝ կիսանախագահական համակարգը պետք է արագ վերականգնել և ինձ բացատրում էին, թե հին համակարգում լավ էր, նախագահ կար, վարչապետ կար, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը վարչապետի ձեռքին էր, և հենց որ խնդիր էր առաջանում, նախագահը շատ հաջող պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից ազատում էր, և բուֆեր էր առաջանում։ Այս դեպքում, ասում էին՝  ամբողջ պատասխանատվությունը վարչապետի, տվյալ դեպքում իմ վրա է, արագ պետք է փոխել: Ես ասում էի, որ կարծում եմ, որ պետության իրական լիդերը, և ես անձամբ երբեք իմ պատասխանատվությունը ուրիշի վրա չեմ գցի: Առաջինը մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանատվությունից: Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է»,- նշել է վարչապետը։ Վարդան Այվազյանը ևս գտնում է, որ կառավարման համակարգի փոփոխություն մեզ հիմա անհրաժեշտ չէ, պետք է այսօրվա սահմանադրական կարգավորումներով խիստ թերի եւ խիստ ոչ հավասարակշռված կառավարման համակարգը հավասարակշռել:

Սահմանադրագետի կարծիքով խորհրդարանական կառավարման դերից անցումը հին` կիսանախագահական համակարգին, մեր պետության միջազգային վարկանիշին մեծ հարված կլինի եւ Հայաստանը կդառնա անլուրջ, բանանային պետություն. «25 տարի նախորդ համակարգն ենք ունեցել, մոտ 3 տարի անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման համակարգին եւ հիմա փոխում ենք, քանի որ այնքան հիմար ենք եղել, հիմա էլ հասկացել ենք, որ հիմարություն ենք արել: Մենք ուղղակի կդառնանք խեղկատակներ եւ միջազգային հանրության առջեւ ծիծաղելի վիճակում կհայտնվենք: Միանգամից հասկանալի կդառնա, որ իշխանությունն իր հարմարավետության համար է դա անում: Դրա համար, խորհրդարանական կառավարման ձեւը պետք է շարունակվի եւ այն հավասարակշռման համակարգերը, որոնք չեն եղել ի սկզբանե, պետք է ներդրվեն եւ համակարգը շատ հստակ կաշխատի»:

Հետաքրքրվեցինք` խոսքը վարչապետի լիազորությունների կրճատման մասի՞ն է: Մեր զրուցակիցն ասաց, որ դա մակերեսային խնդիր է: Հավասարակշռման բերելու ձեւը նա համարում է նախագահի ինստիտուտի գործառնական առաքելության բարձրացումը. «Աշխարհում ընդունված է, որ նախագահի ինստիտուտը կոչված է պետության ամբողջականության ապահովմանը եւ Սահմանադրության երաշխավորը լինելուն: Այդ գործառույթների համար, նրան պետք է լրացուցիչ գործառույթներ տրվեն, որոնք չկան մեր Սահմանադրության մեջ: Նախագահը մեր երկրում այսօր գրեթե գոյություն չունեցող մարմին է, դա պետք է կարգավորել»:

Ինչ մնում է վարչապետի լիազորություններին, ասում է` խնդիր չի տեսնում. եթե վարչապետը, նախագահը, ով Սահմանադրությամբ փաստացի երկրի կառավարիչն է, պետականամետ է, ազգին նվիրյալ է, պրոֆեսիոնալ պետության էությունը հասկացող մարդ է, ինչքան լիազորությունները շատ լինեն, նա այդքան օգուտ կբերի պետությանը, ինչքան վատը եղավ, այդքան վնաս կբերի: «Խնդիրը ոչ թե Սահմանադրությամբ վարչապետի լիազորություններ եւ այլն, լավ էլ նորմալ լիազորություններ են, վարչապետին պետք է օգնել, որպեսզի մի քիչ իր գիտելիքները խորացնի պետականության վերաբերյալ»:

Մեր զրուցակիցը բերում է Ֆրանսիայի օրինակը, երբ անընդհատ ճգնաժամերից հետո Շարլ դը Գոլին բերեցին իշխանության եւ անմիջապես խորհրդարանական համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի` նրան տալով սուպերնախագահական լիազորություններ, իբրեւ Ֆրանսիայի ազգային հերոս: Գոլը իր վրա դրված պարտականությունը պատվով կատարեց եւ հրաժարական տվեց, երբ խորհրդարանի վերին պալատի լուծարման իր առաջարկը հավանության չարժանացավ:

«Պետականության որակի բարձրացումը դա առավելապես մարդկային գործոնի որակի բարձրացմամբ է պայմանավորված, այլ ոչ թե լիազորությունների տեխնիկական կրճատում կամ ավելացումով: Խնդիրը համակարգային ամբողջության մեջ պետք է դիտարկել: Եթե կա հնարավորություն բարեփոխումների, այդ հարթությունում պետք է դրանք լինեն»,- ասաց Վարդան Այվազյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031