Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նոր կորոնավիրուսի, Հայաստանի՝ վիրուսի ներթափանցումը կանխարգելող միջոցառումների և գրիպից խուսափելու պարզ կանոնների մասին

Հունվար 26,2020 23:00

Շաբաթ երեկոյան Չինաստանը նշում էր Նոր տարին, սակայն տոնական շատ միջոցառումներ չեղարկվել են կորոնավիրուս 2019-nCoV-ի տարածումը կանխարգելելու պատճառով։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հանդես է եկել հայտարարությամբ, որ երկիրը դժվարին իրավիճակում է հայտնվել։

Պեկինում և Շանհայում տեղի իշխանությունները դիմել են վիրուսով վարակված շրջաններ այցելած քաղաքացիներին՝ խնդրելով կամավոր կերպով 14 օրվա ընթացքում խուսափել հանրային վայրեր այցելելուց։

Վերջին տվյալներով չինական Ուհան քաղաքում հայտնաբերման պահից ի վեր նոր կորոնավիրուսը նվազագույնը 56 մարդու մահվան պատճառ է դարձել։

Նոր տիպի կորոնավիրուսից հարուցված թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 1975-ի։ Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2000 մարդ։

Հիվանդության դեպքերի մեծամասնությունն ու մահացության բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում, սակայն վիրուսը հայտնաբերվել է նաև Թայլանդում, Վիետնամում, Սինգապուրում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայվանում, Նեպալում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ողջունելով Չինաստանի՝ համաճարակի դեմ ուղղված քայլերը, միջազգային արտակարգ իրավիճակ չի հայտարարել, քանի որ Չինաստանի սահմաններից դուրս վիրուսով վարակման դեպքերը դեռևս սակավաթիվ են։ Սակայն, ինչպես նշել է ԱՀԿ-ի փորձագետը, իրավիճակը կարող է բարդանալ։

Այժմ մեր ձեռքի տակ կարևորագույն տեղեկատվություն կա՝ վիրուսը, ամենայն հավանականությամբ կարող է փոխանցվել մարդկանցից, որոնց մոտ բացակայում են ախտանշանները։

Ինչպես նշել է Հոնկոնգի համալսարանի գիտնական Կվոկ Յուն Էն-ը, «հավանական է առանց ախտանշանների վարակը»։

Չին գիտնականի կարծիքով՝ եթե ախտանշանների բացակայությամբ վարակի հավանականությունը հաստատվի, համաճարակի հետ պայքարելն ավելի բարդ կլինի և կախված կլինի նրանից, թե կհաջողվի՞ արդյոք արդյունավետորեն մեկուսացնել հիվանդներին ու նրանց հետ շփում ունեցող մարդկանց։

Ի՞նչ է հայտնի նոր վիրուսի մասին

  • 2019-nCoV վիրուսը կորոնավիրուսի տեսակ է, որը մինչ այս չէր փոխանցվում մարդկանց։
  • Կորոնավիրուսները 2020 թվականի հունվարի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք են, որոնցից միայն 7-ն է ախտահարում մարդկանց։
  • Հետազոտողների կարծիքով վիրուսը մարդկանց փոխանցվել է կենդանիներից, բայց ընդունակ է մարդուց մարդուն փոխանցվելու։
  • Վիրուսով վարակման ախտանշաններն են մարմնի բարձր ջերմությունը, հազը, դժվարացած շնչառությունը։
  • Մարդկանց խորհուրդ է տրվում չդիպչել կենդանիներին, խուսափել վատ եփված ծովամթերք,  միս ու ձու օգտագործելուց, ինչպես նաև գրիպի ու հարբուխի ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփվելուց։

Ինչպե՞ս են փորձում պայքարել նոր վիրուսի ներթափանցման դեմ Հայաստանում

Չինաստանում արձանագրված նոր կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մի շարք քայլեր է ձեռնարկել։

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ, ջերմությունից բացի, առկա են նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ԱԱՏՄ աշխատակիցների կողմից ուղեւորը մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել է նաեւ իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու եւ դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։

Մասնավորապես՝

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • Չինաստանից վերադառնալիս գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար։

Մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել գրիպով հիվանդանալու վտանգից

Ամեն տարի գրիպով միլիոնավոր մարդիկ են հիվանդանում, որոնց գերակշիռ մեծամասնությունն ապաքինվում է 1 շաբաթվա ընթացքում, սակայն մի մասի բախտն այնքան էլ չի բերում ու գրիպը նրանց համար մահացու հիվանդության է վերածվում։

Գրիպի հիմնական ախտանշաններն են մարմնի բարձր ջերմաստիճանը, գլխացավը, մկանային ու հոդերի ցավը, կոկորդի ցավն ու հարբուխը։

Սովորաբար սեզոնային գրիպն ավելի շատ է դրսևորվում աշնան վերջին ու ձմռանը, և այդ ընթացքում հատկապես կարևոր են գրիպի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն հոգ տանել սեփական առողջության և շրջակա միջավայրի մասին։

Պատվաստվեք

Գրիպի դեմ ամենամյա պատվաստումն այդ հիվանդությունից և դրա պոտենցիալ վտանգներից խուսափելու առավել արդյունավետ մեթոդներից մեկն է։

Հատկապես կարևոր է հղի կանանց պատվաստումը՝ անկախ հղիության ժամկետից։

Գրիպի դեմ հարկավոր է պատվաստել նաև 6 ամսականից 5 տ․ երեխաներին, տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց ու առողջապահության ոլորտի աշխատակիցներին։

Անհրաժեշտ է հիշել՝ պատվաստման արդյունքում գրիպով հիվանդանալն անհնար է։

Պատվաստումից հետո առաջացած անհարմարության զգացումն ու մարմնի ջերմաստիճանի մի փոքր բարձրացումը նորմալ երևույթ է, որն անցնում է 1-2 օրից։

Պարբերաբար լվացեք ձեռքերը

Մաքուր ձեռքերը նպաստում են շատ հիվանդությունների, այդ թվում գրիպի կանխարգելմանը։ Ձեռքերի հիգիենայի պահպանումն առողջության մասին հոգ տանելու պարզ միջոցներից է։

Պարբերաբար լվացեք ձեռքերը հոսող ջրի ու օճառի օգնությամբ, վերջիններիս բացակայության դեպքում մաքրեք ձեռքերը հակասեպտիկ միջոցներով։

Կարևոր է հիշել՝ ձեռքերն անհրաժեշտ է լվանալ 15-20 վայրկյանից ոչ պակաս ժամանակամիջոցում։

Ձեռքերով մի դիպչեք ձեր աչքերին, քթին, բերանին

Աչքերը, քիթն ու բերանը գրիպի հարուցիչների՝ օրգանիզմ ներթափանցելու առավել «հուսալի» ճանապարհն են։

Մենք չենք կարող լիովին բացառել մեր կողմից շնչվող օդում գրիպի վիրուսների առկայությունը, սակայն կարող ենք կրճատել վարակվելու հավանականությունը՝ խուսափելով մեր դեմքին դիպչելուց։ Եթե անհրաժեշտություն է առաջանում դեմքին դիպչելու, ապա նախապես օճառով լվացեք ձեռքերը կամ անձեռոցիկ օգտագործեք։

Խուսափեք գրիպի և հարբուխի ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումներից

Գրիպը վարակիչ հիվանդություն է։ Այն հեշտությամբ տարածվում է այն վայրերում, որտեղ մարդկանց հոծ բազմություն է՝ հասարակական տրանսպորտում, կրթական հաստատություններում, մասսայական միջոցառումների ժամանակ։

Երբ գրիպով հիվանդը հազում կամ փռշտում է, վիրուսներ պարունակող միկրոսկոպիկ մասնիկները տարածվում են մինչև մեկ մետր շառավղով և վարակում նրանց, ովքեր շնչում են դրանցով վարակված օդը։

Եթե հիվանդ եք, մնացեք տանը

Եթե դուք հիվանդացել եք գրիպով, ապա վտանգավոր եք շրջապատի համար, հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Շրջապատող մարդկանց հետ շփվելուց խուսափելու մասին որոշումը կարող է կանխել գրիպի վիրուսի տարածումն ու գուցե փրկել ինչ-որ մեկի կյանքը։

Ծանուցում․ եթե ձեզ մոտ առկա են վերոհիշյալ ախտանշանները, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031