Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հունվար 26,2020 17:26

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։

«Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, հաջորդ սերունդներին պատմությունը կրկին պատմելու մասին է։ Սա նաև միասնական լինելու մասին է՝ ֆաշիզմը, ռասիզմը, ատելությունը, հակասեմականությունը դադարեցնելու համար։

Կարծում եմ՝ 1915-ին կատարվածի մասին լռությունը հանգեցրեց նրան, ինչ մենք ունեցանք 1931-ին, 1936-ին, 1942-ին, ինչ տեղի ունեցավ Հոլոքոստի ժամանակ։ Ձեր մասնակցությունն այս առանձնահատուկ և պատմական հավաքին շատ նշանակալից է։ Մենք նաև պետք է նայենք ապագային։ Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը հիմք կհանդիսանան, որ միասին ավելին անենք»:

Շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Ձեր նշած նույն մտքերով եմ եկել Երուսաղեմ։ Դրանք անցյալը հիշելու և ապագային նայելու մասին են։ Ես կցանկանայի նայել դեպի ապագա, քանի որ վստահ եմ, որ Հայաստանի և Իսրայելի, հայ և հրեա ժողովրդի միջև փոխգործակցության և համագործակցության մեծ ներուժ կա։ Առաջին հերթին մենք կիսում ենք շատ ընդհանուր արժեքներ, ինչպես նաև շատ նման պատմական ճանապարհ ունենք, որը շարունակվում է մինչ օրս։ Մենք նաև ժողովուրդներ ենք, որոնք կյանքը գերադասել են մահվանից։ Մահը պատմականորեն միշտ մեզ հետապնդել է, բայց կյանքը միշտ եղել է մեզ հետ։ Այստեղ եմ նաև կյանքին նայելու համար։

Մենք, ձեզ և այլ ազգերի հետ միասին պայքարել ենք նացիզմի դեմ։ Հպարտ եմ ասել, որ շուրջ վեց հարյուր հազար հայեր մարտնչել են խորհրդային բանակում, նրանցից երեք հարյուր հազարը զոհել են իրենց կյանքն այդ պայքարում։ Եվ սա նախկին Խորհրդային Միության անդամ փոքր մի երկրի մասին է։ Նրանք պայքարում էին նացիզմի դեմ, միևնույն ժամանակ, պայքարում էին իրենց հայրենիքի համար։ Ավելի քան հարյուր հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ։ Հայերն իրենց ներդրում են ունեցել աշխարհի, Խորհրդային Միության խաղաղության համար՝ պայքարելով բոլորիս համար։

Հպարտ եմ լինել այստեղ՝ ներկայացնելով իմ ժողովրդին, որը մեծ ներդրում է ունեցել այդ պայքարում»:

Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։

Ինչ վերաբերում է համագործակցության հեռանկարներին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ապագան նորագույն տեխնոլոգիաներն են։ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել այս ոլորտում, և իր նպատակն է սերտ կապեր հաստատել Իսրայելի տեխնիկական համալսարանների հետ: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ՝ զբաղվելու արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև իսրայելական ընկերություններ, գիտակրթական հաստատություններ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության ներուժը բավականին մեծ է և պետք է շատ աշխատել՝ ներգրավվելով նաև երկու երկրների սփյուռքների ներկայացուցիչներին:

Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև կրթության, մշակույթի, տուրիզմի ոլորտները։

Հայաստանի նախագահը Իսրայելի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031