Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. Շոշափելի տեղաշարժեր չկան

Հունվար 26,2020 17:07

Այսօր տեղի ունեցավ «Հայ արարման հավաք» կուսակցության հիմնադիր համագումարը: Նախաձեռնող խմբի անդամներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սուրեն Օքմինյանը։
Կուսակցության ղեկավար մարմնում ընդգրկված են հինգ հիմնադիրները: Գերագույն մարմինը կղեկավարի Արթուր Առաքելյանը, Սուրեն Օքմինյանը փոխախագահն է:

Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության ԳՄ անդամ Արագած Ախոյանն ասաց, որ մարզերում իրենք բազմաթիվ համախոհներ ունեն, ուստի կուսակցություն ստեղծելու պահանջը եղել է հանրային պահանջ:

Նաեւ հանրապետությունում ստեղծված անհանդուրժողականությունը, սոցիալ-տնտեսական վատթարացող խնդիրներն են ստիպել իրենց հավաքվել եւ կուսակցություն հիմնադրել: «Մենք ուզում ենք մասնակից դառնալ մեր պետականաշինության գործին»,- ասաց Արագած Ախոյանը` հավելելով, որ իրենց թիմն ունի հարցերի լուծման սեփական պատկերացումները:

«Նոր կուսակցություն ստեղծելու իմաստը նոր եւ մաքուր էջից սկսելն է, որովհետեւ այսօր հասարակությունը երկու մասի է բաժանված` սեւերի եւ սպիտակների, ինչն անընդունելի է: Բոլորն էլ մեր հասարակության մասն են, տարանջատումները մեզ համար անընդունելի են»:

Հարցին` ինչ դիրք են զբաղեցնելու քաղաքական դաշտում, պարոն Ախոյանը պատասխանեց. «Լավին լավն ենք ասելու, վատին` վատը»: Լինելու ենք կառուցողական դաշտում, բացի իշխանությանն իր բացթողումները մատնանշելուց, շատ դեպքերում նաեւ ընդդիմությանն են ընդիմություն լինելու` իրենց տեսակետն առաջ տանելով:

Նաեւ հետաքրքրվեցինք` այսօր կատարվող գործընթացներից ինչի՞ հետ համամիտ չեք, որն է այն «նոր ասելիքը», որը պիտի ասեք, Արագած Ախոյանը պատասխանեց. «Մենք համամիտ չենք «նոր մարդու»` ատոմային մարդու կերտմանը, ինչը տանելու է մեր դարերով եկած ազգայն արժեքների, ազգայի հարստությունը մսխելուն: Հայաստանը կարելի է դարձնել ողջ հայության կրթության բնօրրանը, կարելի է ներգաղթ ապահովել սփյուռքից, քանի որ շատերը կարծում են, որ Հայաստանում իրենց երեխաները ապահովագրված կլինեն արժեհամակարգային փոփոխություններից, ինչը հիմա տեղի է ունենում շատ երկրներում եւ հանգեցնում է հասարակությունների դեգրադացիայի: Կարծում եմ, մենք Հայաստանում կարող ենք ստանալ համահայկական դարբնոց` Սփյուռքի, Հայկական լեռնաշխարհի, Արեւմտյան Հայաստանում ապրող հայերի համար, որոնք հայերեն բառ չգիտեն, բայց իրենց զավակների ապագան տեսնում են հայ լինելու, հայկական արմատներին վերադառնալու մեջ: Այդ պարագայում Հայաստանը կդառնա թե՛ սրբատեղի, թե՛ տնտեսական ու մշակութային զարգացման կենտրոն»:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց 100 փաստ, որոնք, ըստ վարչապետի, վկայում են իր իշխանության շրջանում Հայաստանի զարգացման մասին: Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք` ի՞նչը վարչապետի խոսքում իրեն տպավորեց, ինչի՞ հետ է համամիտ, ի՞նչն է անընդունելի համարում, մանավանդ, որ սոցիալական ցանցերում շատ քննադատվեցին վարչապետի հայտարարությունները: Մեր զրուցակիցն ասաց, որ մանրամասն թվերին չի տիրապետում, բայց ինքը շոշափելի տեղաշարժեր չի տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031