ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ասուլիսում շատ հարցերի ինքնավստահ պատասխաներ տվեց։ Կփորձեմ անդրադառնալ առայժմ վարչապետի դատաիրավական ոլորտին առնչվող պատկերացումներին։
Փաստորեն, ըստ վարչապետի պատկերացումների, որևէ երկրի պետական կառուցվածքը նշանակություն չունի տվյալ երկրի ժողովրդավարական, իրավական լինելու հետ, այլ ամեն ինչ կախված է պետության ղեկավարի՝ ժողովրդի կողմից ընտրված լինելուն և վե՛րջ։ Եվ եթե, այսպես կոչված «սուպերվարչապետական» համակարգը (հիշեցման կարգով, երբ պետական կարևոր իրավապահ կառույցները՝ Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, նաև ՊԵԿ, ԱՎՎ գտնվում են վարչապետի անմիջական հսկողության ներքո և կատարում են նրա հրահանգները) նախկին «ռեժիմի» ժամանակ ծառայում էին «հանցագործ, կոռումպացված, կերակրատաշտից» օգտվողներին, ապա իշխանափոխությունից հետո, արդեն ժողովրդին, կամ «հպարտ» քաղաքացիներին։
«Խոսելով սուպերվարչապետական համակարգի մասին՝ Փաշինյանը հիշեցրեց նախկինում իր արտահայտած մտքերից մեկը, որ ժողովրդավարության պարագայում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող, քանի որ այդ պարագայում ժողովուրդն է որոշում, թե ով է իշխանությունը»։
Ահա և 21-րդ դարի հայկական իրավափիլիսոփայական մտքի թռիչքը, որը մերժում է ողջ, մինչ վերջերս, մեզ թվացող առաջադեմ մարդկության դարերով զարգացրած քաղաքական միտքը։ Ի՜նչ իշխանությունների տարանջատում, ի՜նչ անկախ դատարան, ի՜նչ անմեղության կանխավարկած, ի՜նչ Եվրոպայի Խորհուրդ և այլն։ Եվ մտածում ես, ինչպիսի պարզունակ մտածողություն են ունեցել Արիստոտելը, Մոնտեսքյոն, Հոլմսը, Վեբերը և այլոք, ովքեր, ի դժբախտություն իրենց, չէին տեսել հայկական հեղափոխությունը և չէին լսել նրա առաջնորդի մտքի գոհարները։ Նրանք այսօր կամ հրապարակավ կապաշխարեին, կամ եթե «տեղը չբերեին», կհայտնվեին Արմեն Աշոտյանի վիճակում։
Կարդացեք նաև
Վարչապետն ընդունեց նաև, որ սահմանադրական փոփոխությունները միտված են հիմնականում դատաիրավական փոփոխություններին (նույն տեղում)։
Պարզվում է, որ «ՀՀ դատական համակարգը ցույց է տալիս, որ ինքը կարող է եւ անցնում է առողջացման ճանապարհը եւ ՀՀ դատական համակարգում, ներառյալ ՍԴ-ում, կան բազմաթիվ դատավորներ, որոնք չեն ներքաշվել խարդավանքների եւ սեփական ժողովրդի եւ երկրի դեմ պատերազմելու ոմանց օրակարգի մեջ (նույն տեղում)»։ Սակայն պարզ տրամաբանությունը հուշում է, որ սա նշանակում է, որ դատավորներն հիմնականում արդեն կատարում են «ժողովրդի», այն է՝ նրա ներկայացուցիչ վարչապետի կամքը, իսկ փոփոխություններով կազատվեն անհնազանդ դատավորներից։ Իսկ մինչ այդ, դատավճիռները կկայացնի նույնպես ժողովուրդ-վարչապետը․
«Եվ հիմա պարզվեց, որ նա, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։ Մենք չենք կարող ասել՝ դե լավ, մի թեթեւ կեղծիք են արել։ Տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, որի արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն՝ մի անձի եւ մի խմբի կողմից։ Եվ այդ խումբը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն է»։
Վարչապետի պատկերացմամբ, եթե դատարանները, այդ թվում ՍԴ-ն ընդունում են ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ոչ հաճո որոշումներ, ապա նրանք պայքարում են սեփական ժողովրդի դեմ ․ «Ասում ենք ՍԴ հարգելի անդամներ, խնդրում ենք ձեզ, մի պայքարեք սեփական ժողովրդի ու երկրի, սեփական երկրի ապագայի դեմ» (նույն տեղում)։
Կառաջարկեի պարոն վարչապետին, լինել մինչև վերջ անկեղծ և սահմանադրական փոփոխություններով, ընդհանրապես վերացնել դատական համակարգը։ Նախ «ժողովրդի» կողմից ընտրված չկոռումպացված իշխանությանը բոլորը կվստահեն և ժողովրդի վարչապետի դատավճիռները վստահելի կլինեն ժողովրդի համար։ Երկրորդ, պատկերացնու՞մ եք, որքան ֆինանսական ռեսուրսներ կավելանան բյուջեում պարգևավճարների, գործուղումների, տոնակատարությունների համար։
Չէ՞ որ․
«Ինչ-որ պետք է, էն էլ անելու ենք»(նույն տեղում)։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Հ․Գ․ Ինչ վերաբերում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն իրականացնողներին պատժելու հարցով , «գիտակից քաղաքացու» կողմից հայտարարությանը, ապա, իմ կարծիքով սա ընդամենը վենդետտա է, օգտագործելով իշխանությունն ու «պետական» լծակները։