Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈԻ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ. ՊՆ նախկին փոխնախարար

Հունվար 26,2020 11:34

Ընդհանրապես, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանն ամայի տարածք էր մինչև 2018թ․ մայիսը և միայն նորին պայծառափայլության հրաշափառ հայտնությամբ է հայ ժողովուրդը սկսել ապրել: Մինչ այդ Հայաստան կոչվող տարածքում ասպատակում էին գողերը, ավազակները, թալանչիները, դավաճանները, հող հանձնողները, կեղեքիչները, կեղծարարները, զրպարտիչները և այլն: Իսկ երկրում հայտնված զբոսաշրջիկներին ուղղակի ողջակիզում էին: Հիմա եկել են սրբադասված փրկիչներն ու Հայաստանը հանրահռչակող առաքյալները, և ամեն ինչ OK-է:

Փաստ N 7: 20 տարի շարունակ ՀՀ ԶՈՒ բյուջեն ամեն տարի (բացառությամբ 2010թ.) ավելացել է, և դա նորմալ երևույթ է, այդպես էլ պետք է լինի: Օրինակ՝ 2018թ. բյուջեն 2017թ. համեմատ ավելացել է 18,1%-ով (38.1 մլրդ դրամ), 2009թ.-ին՝ 2008թ. համեմատ ավելացել է 19,2%-ով (24,1 մլրդ) ու այդ առիթով ոչ ոք ժամանակին գլուխ չի գովացել, ասուլիսներ չի հրավիրել, նախորդներին հաթաթա չի տվել:

Հիմա 80-ականների զենքի և դրա «ամոթալի էջ» լինելու մասով:

Հարգելի Նիկոլ Փաշինյան,
Հարգելի բարեկամ,

ՀՀ Զինված Ուժերում կան և՛ 80-ականների, և՛ 90-ականների, և՛ 2000-ականների զինատեսակներ ու դրանց մոդիֆիկացիաները: Դրանք դեռ երկար ժամանակ ծառայելու են Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը: Որպես ՊՆ նախկին փոխնախարար, խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ մանրամասն ընթերցիր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատված «ԶՈՒ արդիականացման 2018-24թթ ծրագիրը»: Ծանոթացիր ծրագրի բոլոր բաժիններին ու կտեսնես, որ ՀՀ ԶՈԻ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ: Այն ռազմավարական բնույթի, երկարաժամկետ ուղենիշների, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մանրամասն պլանավորում և հետևողական իրականացում է: Ծրագրում տեղ գտած ցանկացած նոր զինատեսակ տրամաբանական շարունակությունն է քո նշած 80-ականների զինատեսակների: Առաջիկայում ձեռքբերվելիք նոր զինտեխնիկանները 80-ականների հետ միասին են կռվելու, ապահովելու հակառակորդի զսպման, կանխման, թիրախավորման, խոցման և ռազմական բնույթի սպառնալիքների չեզոքացման այլ անհրաժեշտ խնդիրները:

Շուտով նշելու ենք Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը և իհարկե Բանակի ու հաղթանակների մասին հուզիչ ելույթներ ես ունենալու: Ի՞նչ ես կարծում, իսկ եթե քո տրամաբանությանը հետևելով, Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին խոսեր և մեղադրեր իր նախորդներին, որ ազգային բանակ չեն ստեղծել և ամոթալի է ֆիդայական ջոկատներով կռվելը, ճիշտ կլինե՞ր արդյոք:

Ի՞նչ ես կարծում, ճիշտ կլինե՞ր արդյոք, եթե Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ զրահատանկային և հակատանկային ստորաբաժանումները, տարբեր տիպի հրետանային բրիգադները, համազարկային կրակի համակարգերը, խոշոր տրամաչափի «Ս 300 ՊՍ» զենիթահրթիռային համակարգերը, գրեթե ոչնչից զորամասեր ու մշտական տեղակայման վայրերը, ամբողջ առաջնագծի ահնրաժեշտ ինժեներական աշխատանքները իրականացնելուց և համալրելուց հետո հաթաթա տար իր նախորդին, որ, այլևս ՀՀ ԶՈՒ-ն նոր տեխնիկա, սպառազինություն, համազգեստ, քնելու մահճակալ, արկեր, հրթիռներ և այլ պարագաներ ունի:

Ճիշտ կլինե՞ր արդյոք, որ Սերժ Սարգսյանը` օրինակ «ԲՄ-30 Սմերչ» ՀԿՌՀ, «Տոչկա-ՈՒ» ՄՀՀ, «Իսկանդեր-Է» ՕՄՀՀ, «Բուկ» ԶՀՀ, տարատեսակ ԱԹՍ-ներ, Օդուժի, ՀՕՊ և այլ սպառազինություն ու տեխնիկա, առաջնագծի կահավորման համար հեռադիտարկման սարքավորումներ և այլ ժամանակակից պարագաներ ձեռք բերելուց հետո, հաթաթա տար իր նախորդին, որ իր ձեռքբերած զինատեսակները ավելի մեծ խնդիրներ են լուծում:

Իմ կարծիքով ճիշտ չէր լինի և որևէ պետության մեջ այդ տրամաբանությամբ առաջ չեն գնում (բացառությամբ պոպուլիստների):

Բայց ասեմ, որ բախտդ բերել է, որովհետև ԶՈՒ գեներալների և բարձրաստիճան սպայակազմի հետ միասին, 2018-24թթ. համար մենք այնպիսի արդիականացման ծրագիր ենք մշակել, որ ձեզ մնում է միայն հերթով իրականացնել դրանք: Վստահ եղիր, որ ձեզանից հետո եկողը չի քննադատելու:

Այնպես, որ զենքի հինն ու նորը արտադրության տարեթվով չի որոշվում, այլ իր գործածելիությամբ, օգտակարությամբ, դրանով լուծվող խնդրի մասշտաբով, ինչպես նաև ձեռքբերման ու սպասարկման արժեքով: Ռուսաստանն աշխարհում զենքի խոշոր արտադրողներից մեկն է, բայց իր զինված ուժերի սպառազինության մի զգալի մասը դեռևս 80-ականների զինատեսակներն են:

Հ.Գ․ հումորի կարգով.
Ս300-ը, Տոչկա-ՈՒ-ն, Բուկ-ը, Սմերչ-ը և այլ զինատեսակներ 1980-ականների են, հանկարծ չստիպես զինվորականներին, որ դեն նետեն: Դրանցից հակառակորդը վախենում է:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ
ՊՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/2416867015291540

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031