Իրանի զինված ուժերի հրամանատարի սպանությունից եւ Իրանում ուկրաինական ավիաուղիների ահավոր ու աննախադեպ ավիավթարից հետո ողջ աշխարհը լեցուն է ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերլուծություններով:
Քաղաքագետները զանազան տարբեր եւ իրարամերժ գուշակություններ են անում: Ոմանք նույնիսկ գտնում են, որ ԱՄՆ-Իրան կոնֆլիկտը կարող է այնաստիճան սրվել ու խորանալ, որ ի վերջո հանգի համաշխարհային պատերազմի:
Ավելի լավատեսները գտնում են, որ ԱՄՆ-ն եւ Իրանը զգուշավորություն ու խելամտություն հանդես կբերեն եւ հնարավորինս կխուսափեն համաշխարհային հզոր աղետից:
Բնականաբար, մեզ առավել հետաքրքրում է հայ քաղաքագետների ու վերլուծաբանների կարծիքը, ովքեր առայժմ զգուշավորություն են հանդես բերում, եւ դա միանգամայն բնական է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը Իրանի վաղեմի դաշնակիցն է, ու եթե նաեւ հաշվի առնենք, որ Նոր Հայաստանի իշխանությունը նաեւ Միացյալ Նահանգների հանդեպ է ձգտում բարիդրացիական հարաբերություններ պահպանել:
Կարդացեք նաև
Փաստորեն, Հայաստանն աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որ առանձնապես ու բացարձակապես շահագրգռված չէ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների սրմամբ: Եվ եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետագա առավել սրումը կարող է իսկական փորձանք դառնալ ողջ աշխարհի գլխին, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կապակցությամբ Նոր Հայաստանի իշխանությունների մոտեցումները նաեւ մարդասիրական ու խաղաղասիրական տեսանկյունից են աշխարհի համար բարերար ու նպաստավոր:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իրան կոնֆլիկտի հետ կապված իրադարձություններին, դրանք հատկապես ու առանձնապես մեծ մասշտաբներ ընդունեցին Կանադայի ներկայացուցիչների այն հայտարարություններից հետո, ովքեր ի լուր աշխարհի հայտարարեցին, որ ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի այդ ահավոր ավիավթարն Իրանի իշխանությունների ձեռքի գործն է: Սկզբում քչերը հավատացին Կանադայից հնչած այդ արտառոց հայտարարությանը, բայց երբ հայտարարողները միանգամայն հավաստի ապացույցներ ներկայացրին, նույնիսկ Իրանի հասարակ ժողովուրդն ընդվզեց իր իսկ երկրի իշխանությունների դեմ՝ բողոքի ու դժգոհության բազմամարդ հանրահավաքներ անցկացնելով, որոնք միանգամայն արդարացի էին, քանզի ուկրաինական ավիաուղիների վթարի ենթարկված ինքնաթիռի անմեղ զոհերի քանակը հարյուրից շատ ավելի էր:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իրան բացառիկ սրված հարաբերությանը Նոր Հայաստանի իշխանության վերաբերմունքին, առայժմ այն հնարավորինս չեզոք է, եւ, ի տարբերություն աշխարհի այլ պետությունների, մենք կողմերից որեւէ մեկին չենք շտապում պաշտպանել, քանզի, ինչպես ասացինք, մերոնք սույն կոնֆլիկտով առանձնապես չեն ոգեւորվում. ավելին. Նոր Հայաստանի իշխանություններն ու Նոր Հայաստանի քաղաքական վերլուծաբանների մեծ մասը միանշանակ գտնում են, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է իսկական ու խոշորամասշտաբ չարիք դառնալ աշխարհի բարի կամքի տեր երկրների ու ժողովուրդների համար. էլ չենք ասում, որ միանգամայն ռեալ վտանգ կա, որ այն կարող է վերաճել համաշխարհային պատերազմի, որը միանգամայն անցանկալի է Նոր Հայաստանի համար:
Բայց կողմերի նկատմամբ բացարձակ չեզոքություն պահպանելն էլ Հայաստանի համար առանձնապես տարբերակ չէ՝ թե Իրանի, եւ թե ԱՄՆ-ի պարագայում, որովհետեւ Իրանը մեր դարավոր հարեւանն ու բարեկամն է, իսկ ԱՄՆ-ն ոչ միայն մերօրյա աշխարհի խոշորագույն պետությունն է, այլեւ ներկա պահին ու մանավանդ հեռանկարում՝ Նոր Հայաստանի հնարավոր ամենահեռանկարային դաշնակիցներից մեկը: Բայց ինչքան էլ ընդունենք, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է չափազանց խոշոր մասշտաբներ ընդունել եւ իսկական չարիք դառնալ բարի կամքի տեր երկրների ու ժողովուրդների համար, պետք է նաեւ ընդունենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ բարի կամքի տեր մյուս երկրներն ու ժողովուրդները չեն կարող անտարբերություն հանդես բերել ԱՄՆ-Իրան հակամարտության նկատմամբ:
Ավելին. հարկ եղած դեպքերում անհրաժեշտ է նույնիսկ զգուշություն հանդես բերել, որը եւ մերոնք առայժմ հնարավորինս անում են: Համաձայնեք, որ այս իրավիճակում ցանկացած անզգույշ քայլ կարող է ճակատագրական նշանակություն ունենալ տվյալ քայլն անողի համար:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
25.01.2020