Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության նախարարը՝  Գյումրիում որոշ անձանց հովանավորչություն անելու մեղադրանքի ու ՇՊՀ-ի ճակատագրի մասին

Հունվար 25,2020 20:40

Այսօր լրագրողները Շիրակի պետական համալսարանում «Բարձրագույն  կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի քննարկմանը մասնակցող Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Շիրակի մայր բուհին։ Նրանք հնչեցրեցին շրջանառվող այն տեսակետը, որ ամեն ինչ անում են բուհի լուծարման համար։

«Շիրակի պետական համալսարանն ունենալու է լավագույն ճակատագիրը»,-հայտարարեց նախարարը։

Հիշեցմանը, որ երկու անգամ չի հաջողվել ընտրել ռեկտոր, արդյո՞ք խնդրահարույց չէ, Արայիկ Հարությունյանն ասաց․ «Խնդրահարույց է, բայց գործընթացներ են, որոնք բնորոշ են հետհեղափոխական  շատ պետությունների։ Ուսումնասիրեք պատմությունը և կտեսնեք, որ դա նորմալ գործընթաց է, ամեն ինչ կհանդարտվի և կընտրվեն ռեկտորներ, և օրենքը կաշխատի և կունենանք լավագույն գործընթացները բուհերում ակադեմիական ազատությունների տեսակետից, ինքնավարության տեսակետից, այն, ինչ շատ բուհերում մեզ հաջողվել  է հասնել»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Լրագրողները, նախարարին հիշեցնելով Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին, ասացին, որ նախարարին  մեղադրում են հովանավորչություն անելու մեջ, որի պատճառով էլ  քրեական գործը տեղից չի շարժվում։

Նախարարը հարցրեց․ «Այսինքն, ես ի՞նչ եմ անում», որին լրագրողները հակադարձեցին՝ ձեր թիմակից ընկերոջ քեռուն հովանավորչություն եք անում։ «Չէ, ես ուզում եմ  նկարագրեք, ես ի՞նչ գործողություն եմ անում, իսկ ձեր այս բուհից այլ քրեական գործեր կա՞ն, որոնք ավելի երկար են տևում»։ Լրագրողներն ասացին․ «Իհարկե, Սահակ Մինասյանի քրեական գործը»։

«Այնտեղ էլ  է հովանավորչությո՞ւն»,- հարցրեց նախարարը՝ շարունակելով․ «Չէ, չէ, մի վայրկյան, համեմատեք, համեմատեք մի վայրկյան, նոր տրամաբանական հարցեր տվեք»։

Երբ լրագրողներից մեկն ասաց, որ բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է ՀՔԾ-ում, նախարարը շարունակեց․ «Ձեր հարցի տրամաբանությունը քանդվեց այստեղ, որովհետև  եթե կա մի քրեական գործ, որը նույն մեղադրանքներով ինձ հետ որևէ առնչություն չունի, բայց ավելի երկար է տևում, ձեր հարցն անտեղին է»։

Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի, նրա զարմիկի՝  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժ/պ Կարեն Պետրոսյանի հետ, նախարարը հայտարարեց․ «Աշխատանքային, և դուք որևէ տեղ չեք տեսնի, որ նախարարի և նախարարության գործունեության վրա որևէ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան, քան գործընկերայինները, դա միանշանակ։ Ֆիքսեք ձեզ համար և տարբեր ստատուսագիրների թեմաները մի դարձրեք ձեր լուրջ լրատվամիջոցների թեմաներ։ Ես կարծում եմ, որ նման թեմաները լրատվամիջոցների թեմաներ դարձնելը ոչ պրոֆեսիոնալ է»։

Լրագրողների դիտարկմանը, թե այս ամենն աղմուկ հանեց այն ժամանակ, երբ Երվանդ Սերոբյանի որդին վերջերս նշանակվեց Գյումրու հիվանդանոցներից մեկի տնօրեն, նախարարը հարցրեց․ «Կներեք, է՞դ էլ  է իմ ոլորտը»։

Դիտարկմանը, թե խոսվում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանը շիրակյան թևն է վերադասավորում, նախարարն ասաց․ «Ես ուրախ եմ, որ ինձ վերագրվում են այնպիսի կարողություններ, որոնք կարող են այդպիսի մեծ փոփոխություններ իրականացնել մի մեծ մարզի մակարդակով, բայց իմ լիազորությունները սահմանափակվում են բացառապես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031