Մարզպետ Հայկ Չոբանյանը հուվարի 24-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է ՀՀ ՏԿԵ և Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ մարզպետների և տեսչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ քննարկվել են սպանդանոցների կառուցման և սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները:
Կառավարության անդամները գործընկերների ուշադրությունն են հրավիրել մարզերում առկա սպանդանոցների քարտեզագրման, անհրաժեշտ նվազագույն հեռավորության վրա գտնվող սպանդանոցների առկայության, համայնքներում դրանց կարիքի գնահատման, փոքր և շարժական սպանդանոցների հասանելիության ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սպանդանոցների կառուցմանն և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ֆինանսավորման հարցերը, ներկայացվել են լիզինգի և վարկերի սուբսիդավորման՝ այս պահին առկա պետական աջակցության ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին դիտարկել այդ ծրագրերը որոշակի փոփոխության ենթարկելու հնարավորությունները՝ պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Կարդացեք նաև
Ընդգծվել է նաև հանրության հետ ինտենսիվ շփումների անհրաժեշտությունը. տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է յուրաքանչյուր մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին և շահառու բոլոր խմբերին մասնակից դարձնել գործընթացին, կառուցողական քննարկումներ անցկացնել վերջիններիս հուզող հարցերի շուրջ՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրելով սպանդանոցային մորթի իրականացման մեխանիզմներն ու դրա համալիր ազդեցությունը շահառուների վրա:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ