Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանդանոց գնալու ցնծությունը (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Հունվար 25,2020 19:09

Երբ հայրենիքը կանչում է իր որդիներին ինքնասպան լինելու համար, մենք ոգեշնչվում ենք՝ կրկին ու կրկին հիշելով հոգեզառանցական մեր օրհներգն ու համոզվելով, որ այն, ինչը թշվառ և անտեր էր մի ժամանակ, այժմ հղի է ժողովրդավարությամբ, որտեղ ազատությունն ու անկախությունը մորեմերկ քույրեր են: Եվ քանի որ մեր ազգային օրհներգը երաժշտական փոփոխություններ չի կրել անհիշելի ժամանակներից ի վեր, այսօր իսկ դեռ ցմբացնում ենք թշվառ անտերության մեղեդին՝ ազատ անկախություն երևակայելով: Բայց չէ՞ որ մեր պապերի կենդանի հիշատակն անշեջ հուր է մեր սրտերում, և հենց պապերի հանդեպ հարգանքն է այն կարևոր խթանը, որից ազգանվեր գործերն են սկզբնավորվում: Ահա սխալված չենք լինի, եթե ազգային օրհներգը առավոտյան հնչեցնենք «Մեր հայրենիք, թշվառ-ազատ» տարբերակով, իսկ երեկոյան ցմբացնենք «Մեր հայրենիք անտեր-անկախը»: Թե չէ, քանի՞ կոպեկ կարժենա մեր ինքնագլուխ ժողովրդավարությունը, եթե չի կայանալու պապենական հողերի ու պատկերացումների վրա:

Այ հիմա ճիշտ ժամանակն է հիշելու նրանց, ովքեր մի բուռ պապենական հող են լցնում իրենց գրպանները ինքնասպանությունից առաջ ու չեն ափսոսում, որ  վերադարձել են՝ հայրենիքից զկրտացող կանչն ընդունելով, և հիմա չունեն որևէ այլ զբաղմունք՝ հրազենի հետ պահմտոցի խաղալուց բացի: Սրանով կարելի է բացատրել այն առանձնահատուկ հաճելի հանգամանքը, որ մեկ գնդակով ինքնասպանվողի շուրջը բազմաթիվ պարկուճներ են գտնվում:

«Ինչպե՞ս»,- կզարմանա շարքային քաղաքացին՝ իրականության իսկությանը կասկածելով: Այս զարմացողները հակապետական էլեմենտներ են: Նրանք ոչ մի կերպ չեն հասկանում, որ բերանի մեջ կրակող քաղաքացին նախ իրականացնում է ինքնասպանության նախավարժանք՝ մոտավորապես կրակելով իր մարմնի տարբեր տեղերին՝ կանխավ վայելելով վրիպելու հաճույքն ու հրճվելով այն գիտակցությունից, որ մահվան հետ խաղերը շատ օգտակար զբաղմունք կարող են լինել աբորիգենների հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ահա այսպես և հենց այս ճանապարհով, թշվառը դառնում է ազատ, իսկ անտերը հասնում է անկախության:

Վերոնշյալ ճշմարտություններն անքակտելի թելերով են կապակցված իմ պետության այլևայլ որոշումներին, որտեղ առաջնայինը սպանդանոցներն են: Հետայսու, դավաճան կհամարվի այն անասնապահը, ով չի զբաղվում իր անասունների ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելու հայրենանվեր, ես կասեի՝ պատվական աշխատանքով:

– Սա ի՞նչ նորություն է, ախր,- ողբում էին մի խումբ հետամնաց հովիվներ, որոնք սուր կտրող գործիքներով ոչխար մորթելուց զատ ուրիշ բան չէին տեսել իրենց լուսավոր կյանքում և առավել քան լուսավոր իրենց ապագայում:- Հիմա՝ ի՞նչ, 500 կիլոգրամանոց անասունը ես ո՞նց հասցնեմ սպանդանոց, եթե ցլիկը տասներկու կիլոմետր քայլելու հավես չունի: Հը՞:

– Մի րոպե, մի րոպե, ի՞նչ եք տագնապ հարուցում՝ քաղաքաբնակների ախորժակը փակելով,- ամեն բան իր կարգն ունի: Ցլիկների համար ռետինե փչովի կովեր ենք տեղադրել սպանդանոցներում: Մի անգամ որ տեսնեն՝ բերաններից լոզը կթափվի:

– Իմ պապերը իրենց անասուններին մորթել են չոլերում, չոլերում էլ մորթազերծել են: Մենք ինչո՞վ ենք պակաս: Հրանտ Մաթևոսյանի ողջ գրականությունը սա է վկայում:

–  Բայց, հարգելի հովիվներ, մի մոռացեք, որ հիմա ժամանակները այլ են:Պապերը ի՞նչ են երգել:

– Դլեյաման, մեկ էլ՝ «Արի, արի, արի»՝ Սիլվա Կապուտիկյանի բառերով:

– Իսկ ազգային օրհնե՞րգն ինչ բառերով են երգել:

– Իսկ ո՞վ ասաց, թե երգել են:

– Այսի՛նքն:

– Այ մարդ, մենք ժամանակ չունենք, դեռ չորս կիլոգրամ խոտ պիտի արածենք մինչև մայրամուտ:

– Շատ լավ եք անում, արածելը ոչ ոք չի արգելափակել իրավունքի ուժով: Բայց անգամ արածող անասունները պիտի հիշեն, որ երկրի խոտն աճում է խորհրդարանում մշակվող օրենքների շնորհիվ: Եվ եթե պետությունն իր որդիներին հրավիրում է ինքնասպանության, սա չէ՞ որ հայրենիքի շահն է կարևորում նախ և առաջ ու նպաստավոր է հյութեղ խոտ աճեցնելու համար:

– Գլուխներս տարաք, էլի: Ա՛ռ, էս ճիպոտը քեզ, տեսնեմ ոնց ես գլուխ հանելու: Ախր ամեն անասուն իր լեզուն ունի, և նրանք շատ մոտ են կանգնած այն ճշմարտությանը, որ եթե իրենց մորն անգամ մտքից հանեն, մայր լեզուն պիտի չմոռանան (Ս.Կ.):

– Բայց իզուր եք տաքանում, այ չոբան երիտասարդներ, խոսքն այստեղ բոլորովին այլ բան է կարևորում:

– Յա՛խկ: Ոնց ենք զզվում ձեզանից, մենակ թե իմանաք:

– Է՜, զզվում եք՝ լավ եք անում, այ էդպես զզվելով էլ ձեր անասունները կտանեք սպանդանոց, ու՝ վե՛րջ:

– Հեշտ եք ասում, է՜: Բա որ իմ կովը, ա՛յ էս սիրուն, չալպտուրիկ Ծաղիկը չի ցանկանում, որ իր կենսագրությունը սպանդանոցում ավարտվի, ես նրան ո՞նց համոզեմ:

– Իսկ հայրենիքը ո՞նց է համոզում իր որդիներին, որ վերադառնան արտասահմանից ու տեղում ինքնասպանվեն: Սրա մասին մտածե՞լ եք:

– Նալլաթ քեզ, չար սատանա: Եվ էդ մարդիկ գալի՞ս են:

– Այն էլ՝ մեծ ուրախությամբ:

– Գուրգե՜ն, ա՛յ Գուրգեն, քո խոզերն ի՞նչ եղան:

– Ինչ պիտի լինեին, այ Գվիդոն, կամավոր նետվեցին քարափից, ու իմ գյոզալ, կույս խոզուկներից մինը չփրկվեց:

– Ինչո՞ւ:

– Որովհետև պետական դևեր էին մտել խեղճ խոզերիս մեջ:

– Վա՜յ, վա՜յ, վա՜յ:

– Այ տեսնո՞ւմ եք, թե պետությունն ինչ զորություն ունի: Հիմա ասեմ, թե ինչ պիտի անեք:

– Լավ էլի…

– Լսի՛ր, այ հաստագլուխ, ուսադիրներս տեսնո՞ւմ ես:

– Ոչ: Այո:

– Հատ-հատ կուտացնեմ՝ ավագ լեյտենատ խոզապահ կդառնաս:

-Ներեցեք:

– Դե ուրեմն լսիր: Ամեն առավոտ կհավաքեք ձեր անասունները, շարք կկանգնեցնեք ու բերանացի կհնչեցնեք ազգային օրհներգը՝ շարունակ կրկնելով. «Հայրենիքը կանչում է»: Այ դրանից հետո կտեսնեք, թե ոնց են սպանդանոց գնում: Այ դրանից հետո կտեսնեք…

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել