Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը Ամուլսարի՝ փակուղի մտնելու եւ երազախաբության մասին

Հունվար 25,2020 18:49

Իր ասուլիսում խոսելով Ամուլսարի խնդրի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.«Կառավարությունը կարող է իրավական խնդիրներ ունենալ, որովհետեւ ենթադրում եմ, որ «Լիդիանը» արբիտրաժ կդիմի: Ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը,  եւ մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական ու անհարգալից: Այդ քայլերը չեն բխում ՀՀ շահերից»:

Նրա խոսքերով. «Հարցը մտել է փակուղի եւ  չի լուծվելու որեւէ սցենարով, քանի դեռ ճանապարհը փակված է։ Այսինքն նույն ստատուս քվոյի վրա հարցը մնալու է, ինչ 2018 թ-ին էր, այսինքն՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ:

Ես շահագրգռություն ունե՞մ, որ Ամուլսարի հանքը շահագործվի… Եվ այո, եւ ոչ: Շահագրգռություն ունեմ, որ հանքը շահագործվի, որովհետեւ  դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ։ Եթե Ամուլսարի հանքը շահագործվեր, մենք այս տարի ոչ թե կունենայինք 7,5,  այլ ավելի մեծ տնտեսական աճ կունենայինք, հազարավոր աշխատատեղեր եւ այլն եւ այլն:

Բայց մյուս կողմից, ոչ մի պարագայում չեմ համաձայնի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի  վնաս Հայաստանի, Ջերմուկի եւ հարակից գյուղերի բնակչության առողջության եւ Հայաստանի բնապահպանությանը անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին»:

Վարչապետն ասում է, որ Ամուլսարի խնդրով շահագրգիռ  շրջանակներ կան, որոնք օգտվում են փակուղային վիճակից. «Նրանք օգտվում են իրավիճակից, որպեսզի բորսայում բաներ տեղի ունենան, եւ իրենք ձեռք բերեն այնտեղ գոյություն ունեցող բաժնետոմսերը: Բայց իրենց էլ երազախաբություն է սպասվում, որովհետեւ մենք այդպիսի զարգացումներ  թույլ չենք տա եւ մանր  պրոցեսներ չենք նախատեսում: Եթե պարզվի ինչ-որ բան, անպայման կոշտ պատասխանատվության կենթարկվեն բոլոր ներգրավված անձինք»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031