«Փոխաբերական բաներ է ասում, որոնք կապ չունեն իր՝ 2018թ.-ի մայիսի մեկին արտահայտած մտքերի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած մտքին, որ «իմ կոստյումը Սերժ Սարգսյանի «կոստյումից» տարբերվում է նրանով, որ իմ գրպաններում միլիոններ չկան, իսկ ժողովրդավարական կառավարման պայմաններում սուպերվարչապետություն չի կարող լինել»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, ի դեպ, այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է 2018թ. մայիսի մեկի Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում նա ասել էր. «Իրապես, սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ Ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում…»: Էդմոն Մարուքյանը նշեց. «Նա պետք է հետեւողական լինի եւ իր տված խոստումը կատարի, այլ ասելու բան չունեմ»:
Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստանն» ԱԺ ամբիոնից քանիցս բարձրաձայնել է, որ գործող պետական կառավարման համակարգը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում» է, որը, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հակառակ խոստմանը, չի «հանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ