Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Իմ կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, իմ գրպանում միլիարդներ չկան»

Հունվար 25,2020 16:15

«2018թ. մայիսի սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, եւ մենք կարող ենք իրար հետ չգիտեմ ինչեր անել: Սակայն նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը»,- Կապանում կայացած ասուլիսում պատասխանելով Ազատություն ռ/կ-ի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո’չ ունեցել եմ, ո’չ ունեմ, ո’չ էլ կունենամ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին, այս մասին էլ ասաց. «Կիսանախագահական համակարգը ՀՀ Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, եւ դա գործնականում բոլորս իրար հետ տեսել ենք, եւ դա ապացուցված է:

Հեղափոխության առաջին օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին, որ հին համակարգում լավ էր, բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի: Հենց խնդիր էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, եւ բուֆեր էր առաջանում: Այս դեպքում, ասում էին, ամբողջ պատասխանատվությունը քեզ վրա է, արագ այդ ամենը փոխի:

Իսկ ես պատասխանում էի, որ պետության իրական լիդերը եւ ես էլ անձամբ՝ որպես անձ իմ պատասխանատվությունն ուրիշի վրա չեմ գցի։ Մեր ձախողումները առաջին հերթին եկել են դրանից: Կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է։ Այս տարբերակը պետք է Հայաստանի համար բացառել»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Տեսականորեն պետք է կիսատ որեւէ բան չունենանք, կամ պետք է ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ ունենանք, կամ ամբողջական նախագահական կառավարման, երբ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է: Իմ կարծիքով չպետք է կառավարման համակարգ փոխել առնվազն այնքան ժամանակ, մինչեւ չենք համոզվել, որ այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է…Դեռ նոր է ու ամեն ինչ լավ է»:

Արդյոք դժգո՞հ է իր թիմակիցներից՝ հատկապես ԱԺ «իմ քայլը» խմբակցության անդամներից, որոնց հետ շատ հաճախ հանդիպումներ են տեղի ունենում, այս հարցի վերաբերյալ Փաշինյանը նշեց. «Ինչքան հանդիպում եմ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, դուք իմանում եք, իրենք էլ կցանկանային, որ հանդիպումներն ավելի հաճախ լինեին: Մեր քաղաքական թիմը անհատ մարդկանց քաղաքական թիմ է, քննարկումների ընթացքում դրվագներ են լինում, ես եմ դժգոհ լինում, լինում է իրենք են դժգոհություն արտահայտում, դրվագներ են լինում՝ կառավարության ներկայացուցիչներն են խնդիր տեսնում ԱԺ աշխատանքում… Դա խնդիր չէ… Ես վատ սովորություն ունեմ, ինքս ինձանից երբեք գոհ չեմ եւ գոհ չեմ լինելու, հետեւաբար քչանում է հավանականությունը, որ ես ուրիշի աշխատանքից շատ գոհ կլինեմ…»: Օրինակ բերեց նաեւ Ադրբեջանի խորհրդարանի լուծարումը, ասաց, որ այնտեղ այդ պահանջը առաջացել է ՀՀ խորհրդարանի գործունեությանը հետեւելու արդյունքում, ՀՀ միջազգային իմիջի փոփոխության արդյունքում:

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին էլ ասաց, որ դա քմահաճույք չէ, եթե որեւէ նախադրյալ չկա, չի կարող այդպիսի բան լինել. «Իմ կանխավարկածն այն է, որ կունենանք հերթական խորհրդարանական ընտրություններ: Ամեն ինչ տանում է դրան։ Մյուս կողմից էլ, մենք հո նախորդ իշխանության նմա՞ն չենք, եթե քաղաքական պրոցեսը դրա անհրաժեշտությունը կառաջացնի, կառաջացնի… Կան ուժեր, որ թեժ աշնան, թեժ գարնան ռեժիմի մեջ են… ասում են՝ հեսա երեք ամիս մնաց, մի ամիս մնաց, դրանք ինքնաոչնչացմամբ են զբաղված»:

Այնուամենայնիվ, նպատակ ունի՞ ազատվել Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումից», այս հարցին էլ վարչապետն այսպես պատասխանեց. «Ես ապրում եմ այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը, որը նորոգեցի եւ սեւը դարձրի սպիտակ: Նույնն էլ տեղի է ունենում պետական կառավարման համակարգի հետ։ Մի անգամ ասել եմ, որ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող։ Այն պայմաններում, երբ ժողովուրդն է որոշում, թե ով է իշխանությունը, սուպերվարչապետական համակարգը գոյություն ունենալ չի կարող: Իմ  կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, որովհետեւ իմ գրպանում միլիարդներ չկան, որոնք  կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու համար, իմ գրպանում 20-25 լրատվամիջոց չկա… Սա է մեր կոստյումների տարբերությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031