Կապանում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ փաստերի, նշեց, որ ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է 108000 դրամ, իսկ որոշ դպրոցներում այն ավելի բարձր կլինի:
Նա ասաց, որ այսուհետ ամեն ինչ կանոնակարգված է լինելու մշակույթի ոլորտում։ «Հայաստանում նախկինում մշակույթը զարգացնելու խնդիր դրված չի եղել։ Մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որ քարոզարշավների ժամանակ իշխանությանը պաշտպանող ճառերով հանդես գան՝ իրենք էլ ներքին մեծ անհարմարավետություն ապրելով ու չուզենալով»,-ասաց վարչապետը՝ խոսելով իր ձեւակերպմամբ՝ մշակույթի գործիչների ազատագրման գործընթացից։
Փաշինյանը փաստեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա. «Եթե մինչեւ 2018թ. հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա հայտնի օրենսդրական փոփոխությունից հետո, որը մեր կառավարությունը ձեռնարկեց, արդեն իսկ հայտ են ներկայացրել 10 նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար…»:
Ասաց, որ սոցցանցերին հետեւելով՝ կարելի է տեսնել, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ շաբաթ-կիրակիները Հռոմում, Միլանում անցկացնելու պրակտիկա են որդեգրել, որովհետեւ մարդիկ 50 եվրոյով երկկողմանի թռիչքների տոմս են գնում: «Քսանհինգ տարի Հայաստանի Հանրապետությունում խոսվում էր, որ ավիաչվերթների շուկայում խնդիր ունենք, եւ Կառավարությունը հավաստիացնում էր, թե ամեն ինչ նորմալ է… Հիմա մենք տեսանք, թե ինչպիսին է իրականությունը»:
Կարդացեք նաև
Վարչապետը նաեւ հավելեց, որ 2019 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018թ նվազել է 29%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իսկ ԵՄ երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվը առաջին 9 ամիսներին կազմել է 2670 մարդ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ