Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ հիբրիդային  հեղաշրջման, կոնսպիրատիվ հանդիպումների, որոշ սուտ լուրերի  մասին. «Ինձ ազատեք որոշ անուններ տալու տհաճությունից»

Հունվար 25,2020 15:09

Կապանում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ Քննչական կոմիտեում իր հարցաքննությանը, սելֆիին եւ դրա վերաբերյալ արձագանքներին: Տարակուսանք հայտնեց, որ այդ ամենը որոշ շրջանակների կողմից թատրոն է որակվել:

Լրագրողի հարցին, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս խոսել էր հեղաշրջման փորձի կանխման մասին, ովքե՞ր են այդ փորձի հեղինակները եւ արդյոք նրանք ձերբակալված են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում: Մարդիկ ոչ թե նյութն են կարդում, այլ  վերնագիրը: Արմեն Գրիգորյանը կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, այլ տվել է ձեւակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության»:

Նիկոլ  Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ…այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում լուրջ փոփոխություններ են կրում: Ժամանակակից աշխարհում կա հիբրիդային պատերազմ հասկացություն; Իրականում պատերազմն ընթանում է, բայց այդ պատերազմը ոչ մեկ չի նկատում, եւ այլ պարամետրեր են գործում:

Եթե Արմեն Գրիգորյանի ասածներն այլ կերպ  ձեւակերպենք, կարող ենք դա մեկնաբանել որպես հիբրիդային մի երեւույթի նկարագրություն: Կարող ենք դա նաեւ անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ: Այդ պրոցեսը, սակայն, լիարժեք եւ վերջնականորեն պարտված է եւ ջախջախված: Հիբրիդային պրոցեսի անբաժանելի մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում ԶԼՄ-ներով եւ սոցիալական ցանցերով ՀՀ ղեկավարի,  նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար;

Ընդ որում դա արվում է՝ ներգրավելով քրեական աշխարհ, տարբեր ուժերի, կոռումպացված դեմքերի: Հեղաշրջում բառն այս պրոցեսում տեղավորվում է, որովհետեւ հընթացս այդ պրոցեսում ներգրավում են նաեւ գործող պաշտոնյաները, որոնք լինելով իշխանության ներսում գործում են ընդդեմ իշխանության: Դրա մեջ ներգրաված են լինում նախկին պաշտոնյաներ, դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ: Մի ժամանակ կար, որ մտածում էի, թե ողջ դատական համակարգն է ներգրաված սրա մեջ, բայց ժամանակը ցույց տվեց, որ ընդամենը առանձին փոքր խմբեր են: Սահմանադրական դատարանի կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ  փորձել են ՍԴ որոշ անդամների նույնպես ներգրավել էդ պրոցեսի մեջ, սակայն ուրախ եմ արձանագրել, որ ՍԴ անդամների ութսուն տոկոսն այդ պրոցեսում չկա: Հիմա չասեք տվեք անուններ, որովհետեւ ես տվեցի անուններ, այնպես որ՝ ինձ ազատեք կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից:

Կոնկրետ դատական պրոցեսներ կան, օրումեջ տարբեր օտարերկրյա մայրաքաղաքներ այցելություններ եւ կոնսպիրատիվ հանդիպումներ, միջազգային կազմակերպությունների հետ օրումեջ հանդիպումներ, այն հեղինակավոր միջազգային կազմակերպությունների  ղեկավարների հետ, որոնք երկար տարիներ Եվրոպայից հնազանդ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը եւ համահեղինակ են իշխանության բռնազավթման կոնկրետ կետերի: Նրանք լռել են. եւ նրանց լռությունն անվճա՞ր է եղել…Դրան էլ կանդրադառնան ազգային անվտանգության եւ ոչ միայն այդ մարմինները…Երբ  ապացույցները լինեն բավարար, կոնկրետ մարդիկ կենթարկվեն նաեւ քրեական պատասխանատվության»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն մի քանի ամիս է ամեն տեսակ վտանգները չեզոքացված են, քանի որ, նրա խոսքերով, ՀՀ իրավապահ համակարգը գործել է  արդյունավետ, ինչի համար առանձնահատուկ շնորհակալ է ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, իրավապահ  համակարգի մյուս ներկայացուցիչներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՀՀ-ում առաջին պաշտոնյաի մեկ ականջը պետք է ,,խուլ,,լինի,մեկ աչքը,,կույր,,:Եթե ամեն գրված կամ արտասանված բառին պատասխանեք,օրվա 24 ժամը չի հերիքի…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031