«Ոմանց երեւակայության մասշտաբը հասել է այնտեղ, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված ցավալի դեպքից հետո հայկական համացանցում նյութ է հայտնվում, ասում են՝ իրանցի գեներալի պորտֆելի մեջ թուղթ են գտել վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների հարաբերությունների մասին: Պլանն այն է, որ ցածրացնեն վարչապետին, նրա ընտանիքի անդամներին եւ իշխանության մյուս անդամներին, որից հետո գործի մեջ մտնի կամ հընթացս դատական համակարգը, հետո ՍԴ-ն, հետո ավելի վատ լուրեր տարածվեն: Ասեն, որ ՀՀ ղեկավարությունը առողջական վիճակի բերումով ի վիճակի չէ կառավարել երկիրը եւ այլն…»,- Կապանում կայացած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հիբրիդային պատերազմի դրսեւորումների մասին:
«Մենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք, այդպիսի բան լինել չի կարող: Իսկ ովքեր ուզում են փորձել իրենց հոտառությունը, դուք գիտեք՝ նրանց հետ ինչ է տեղի ունենալու: Հիմա էլ ջախջախված վիճակով, փյունիկի նման հույս ունեն, որ վերջին շանսը Արցախի նախագահական ընտրություններն են, ուզում են՝ բոլորի կողմից եւ ժողովրդի կողմից մերժված ինչ-որ մեկին, ինչ-որ մանիպուլյացիայի արդյունքում դարձնել Արցախի նախագահ:
Բայց դա էլ չի ստացվելու, որովհետեւ ՀՀ եւ Արցախի Հանրապետության ղեկավարների եւ Կառավարությունների համար այս սցենարը պարզ է, այս սցենարի սպառնալիքները ազգային անվտանգության համար պարզ են, սցենարը պարզ է նաեւ Արցախի ժողովրդի համար; Բայց շարունակում են, ասում են՝ այ տեսեք, ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում կառավարությունն Արցախի հարցում, եւ ահա, եթե Ղարաբաղում ընտրվի այնպիսի նախագահ, որը դեմ չէ ՀՀ իշխանություններին, դա սպառնալիքներ է ստեղծում Արցախի համար:
Անգամ սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի գյոզալ ժառանգությունը այս իշխանությունը կորցնում է: Հիմա առիթ է, որ տեսնենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում»,-ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Ապա հավելեց. «Վերջերս ԶԼՄ-ներից մեկում մի հոդված տպագրվեց, որտեղ ըստ էության փաստաթղթից մեջբերվում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը»: Վարչապետը կետ առ կետ անդրադարձավ այդ ժառանգությանը, ու ասաց, որ դրա վերաբերյալ հերքում չի եղել, այդ թվում խոսքը վերաբերում է յոթ շրջանների վերադարձին Ադրբեջանին, պայմանով որ պահպանվում է Ղարաբաղը Հայաստանին կապով միջանցքը: Ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուները կարող են ասել, թե որքանով է այդ տեքստն ընդունելի իրենց համար: «Թող նաեւ Արցախի ժողովուրդն ասի, այս տեքստն իր համար ընդունելի է, թե ոչ , թող հայ ժողովուրդն ասի…Եթե Արցախի եւ Հայաստանի ժողովուրդները կընդունեն, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ»,-շեշտեց նա:
Հարց հնչեց նաեւ այն մասին, որ դեռեւս 2016թ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ եւ համաձայնությամբ, արդյոք նույն կերպ է մտածում այսօր: «Ինչ ասել եմ 2016թ, դա կա իմ ֆեյսբուքյան էջում, եւ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաեւ ՌԴ գործընկերների հետ: Շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական-դաշնակցային մթնոլորտում այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք ,մանրամասն վերլուծել իրավիճակը եւ փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները…»,-ասաց վարչապետը:
Հարցերից մեկն էլ վերաբերում էր ՍԴ-ի շուրջ իրավիճակին, նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելուն, նաեւ ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատար լինելուն: «Ավանդույթ կա ԱԱԾ-ում եւ Ոստիկանությունում, երբ որեւէ մեկը նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, իրենք այդ ընթացքում աշխատում են իրենց տեղակալի աշխատասենյակում: Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին եւ Արման Սարգսյանին նշանակել եմ համապատասխան պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատար, ինքս երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանության պետի աշխատասենյակներ, ասել եմ՝ այդտեղ աշխատեք: Ասել եմ նաեւ, որ ձեզ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Ասել եմ, որ ես իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք օրենքով սահմանված առաջիկա վեց ամսվա ընթացքում պետք է կայացնեք ձեր բաժին որոշումը»,-հայտնեց վարչապետը:
Հավելեց, որ ԱԱԾ եւ Ոստիկանական համակարգերի միջեւ կան լիարժեք եւ փոխադարձ վստահություն, սակայն դա չի նշանակում, որ կլինեն պաշտոնյաներ, որոնք տարբեր երեւույթների մեջ ներքաշված կլինեն: Հայտնեց նաեւ, որ ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում բարեփոխումներ են սկսվում, ինչի արդյունքում երկու մարմիններն ավելի ուժեղ կառույցներ են դառնալու:
ՍԴ-ի մասին էլ ասաց. «ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մենք այսօր չունենք, եւ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ, եւ հիմա պարզվեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ՝ ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Մենք չենք կարող այս իրավիճակին նայել ու ասել, որ դե լավ, թեթեւ կեղծիք են գործել: Պաշտոնական կեղծիքի արդյունքում ՍԴ-ն օկուպացվել է մեկ անձի եւ մի խմբի կողմից, որը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն է…
ՍԴ նախագահը ՍԴ անդամների ու վաղ կենսաթոշակի գնալու մասին խոսելով՝ ասում է նրանք հերոս մարդիկ են, դուխ է տալիս: Էդ հանուն ինչի՞ պայքարում են նրանք հերոս մարդիկ, սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ, հանուն ինչի է պայքարում ՍԴ-ն…Բա Հայաստանի բոլոր ժամանակների կեղծված խորհրդարանական ընտրությունները, բա 96 թ կեղծված նախագահական ընտրությունները… Հանուն ընտրակեղծիքների համար մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում ՍԴ նախագահը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ