Կարծես թե ուրվագծվում է, որ ապրիլից սպառողների համար գազի գինը կբարձրանա, բայց դա կարծես թե իշխանության ներկայացուցիչներին մեծապես չի մտահոգում։ Իշխանության ներսից արդեն հայտարարություններ են հնչում, որ եթե գազի գինը բարձրացվի, իշխանությունը ունի պլան Բ, և պետությունը կմեղմի թանկացման հետևանքները։
Ուշագրավ է, սակայն, որ գազի գնի հնարավոր բարձրացումը անդրադառնալու է բազմաթիվ ոլորտների, ծառայությունների վրա, դրանք ևս թանկանալու են, և պարզ չէ, թե պետությունը այդ բոլոր ծախսերը ինչպես է մեղմելու, ինչպես է սուբսիդավորելու այդ ամենը, այն դեպքում, երբ բյուջեով նման ծախս նախատեսված չէ։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ այն, որ արդեն իշխանության ներսից խոսում են կոմպենսացիայի մասին, փաստում է, որ սակագնի բարձրացման որոշումը սկզբունքորեն արդեն կայացված է, պարզապես մնում է որոշել, թե դա երբ կմտնի ուժի մեջ։ «Օրենքով սահմանված կարգով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտը ներկայացնելուց հետո մինչև 90 օր կարող է ուսումնասիրել, քննարկել հայտը, և դրական որոշումից հետո միայն մեկ ամիս անց սակագնի բարձրացման որոշումը կարող է մտնել ուժի մեջ։ Պետք չէ մտածել, թե սակագինը ակնթարթորեն է բարձրացվելու»,- ասաց Դավթյանը։
Անդրադառնալով սակագնի մեղմացման քաղաքականությանը, որի մասին խոսել է նաև փոխվարչապես Մհեր Գրիգորյանը, դա արդեն իրականացվում է՝ սկսած 2019-ի հունվարի 1-ից ի վեր, երբ սահմանին գազի գինը բարձրացավ՝ հասնելով 165 դոլարի. «Ակնհայտ է, որ դրա հետևանքով Հայաստանը մեկ տարվա մեջ կուտակեց պարտք, որը, որոշ փորձագիտական գնահատականներով, հասնում է 30 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ուստի եթե հաշվի առնենք, որ սակագինը վերանայվելու է 10 տոկոսի չափով, և հաշվի առնենք գործող սպառման ծավալները թե՛ տնտեսվարողների, թե՛ բնակչության համար, ու եթե կառավարությունը գնա սակագնի 100 տոկոս մեղմացման, ապա կարող ենք տարեկան կտրվածքով ակնկալել ևս 30-40 միլիոն դոլարի հավելյալ ծանրաբեռնվածություն բյուջեի համար։ Սա, կրկնում եմ, այն դեպքում, եթե խոսք գնա սակագնի աճի ամբողջական սուբսիդավորման մոդելի մասին, քանի որ կարող է խոսք գնալ նաև մասնակի սուբսիդավորման մասին»։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում