Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր»

Հունվար 25,2020 11:54

«Սյունիք բերող ճանապարհը լավ սպասարկված էր, եւ ես հույս ունեմ, որ դա իմ այցելության հետ կապ չունի»,-ասաց Կապան այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ասուլիսն այս անգամ Կապանում է: «Ցավով եմ արձանագրում, որ ունենք հայրենակիցներ, որոնք ոչ մի անգամ չեն եղել Սյունիքում»,-ասաց վարչապետը՝ կոչ անելով բոլորին այցելել Սյունիք:

Նա հրապարակեց նոր 100 փաստերը, որոնց երրորդ գրքույկն է հրապարակվել: Վարչապետի խոսքերով, երկու տարվա ընթացքում` 2018-19թթ.  կառավարությանը հաջողվել է պետբյուջեի հարկային եկամուտները ավելացնել 505,4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ պարտքերի մարմանը, իսկ մի մասով ավելացել են պետական  բյուջեի եկամուտները, 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275,7 մլրդ դրամ։ «Այ որ դուք երկար տարիներ գրում էիք, որ հարկայինը գերավճարներ է հավաքում, նշեմ, որ այժմ 2020թ հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը կազմում է 76,6 մլրդ դրամ, իսկ դա նշանակում է, որ կառավարությունը մեկուկես տարվա ընթացքում բիզնեսին վերադարձրել է մոտ 200 մլրդ դրամի պարտք»,-հավելեց վարչապետը:

Նա նշեց, որ պետական եկամուտների աճը 2017թ համեմատությամբ կազմել է  43,6 %: Ասաց, որ ժամկետանց որեւէ պարտք տնտեսվարողին չունեն;

Վարչապետը փաստեց, որ 2019թ երեք եռամսյակների տվյալներով՝  ՀՀ ՀՆԱ աճը կազմել է 7,5 %, ինչը 1,6 %-ով գերազանցում է 2017թ. համապատասխան ցուցանիշը:  Երեք եռամսյակի տվյալներով ՀՀ-ն տնտեսական աճի տեմպով ՝ առաջինն է Եվրասիական տնտեսական միության տարածքում, ԱՊՀ երկրների շարքում եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ նաեւ եվրոպական ողջ տարածքում: 2020թ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը  2017թ ցուցանիշի նկատմամբ աճել են 21 %-ով, իսկ 2018թ․ ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով:

Վարչապետը շեշտեց, որ 2020 թ․ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր, արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, եւ դրանք քննարկվելու ու վավերացվելու են ԱԺ-ի կողմից:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ տարբեր ոլորտներին ուղղված ծախսերին,օրինակ ասաց, որ առողջապահության ոլորտին ուղղված ծախսերը 2017թ համեմատությամբ ավելացել են 37 %-ով, 2019-ի համեմատ 24  %-ով` կազմելով 113,7մլրդ դրամ, կամ կրթության ոլորտին ուղղված ծախսերը 2017թ համեմատությամբ ավելացել են 30 %-ով, 18թ համեմատ 32 %-ով, 2019-ի համեմատ 14%-ով`կազմելով 101,1 մլրդ դրամ: Բնակարանային շինարարությանն ուղղված ֆինանսավորումը 2017 թ․ համեմատությամբ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ երկու անգամ, իսկ 2019 համեմատ 27 %-ով եւ կազմում է 22,9 մլրդ դրամ: 2020 թ․ բյուջեով ճանապարհաշինությանն  ուղղվող ֆինանսավորումը 2017թ համեմատ ավելացել է 64%-ով, 2019-ի համեմատ 94%-ով: 25,9 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել Հյուսիս-հարավի շարունակման համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031