Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ «Երկու տարի է, բոլորս սպասում ենք, որ գոնե համեմատական իմաստով հիմնական ցուցանիշների, եթե չասեմ հեղափոխական, գոնե առաջանցիկ աճ պետք է լինի». «Փաստ»

Հունվար 25,2020 11:47

Որակումները, որոնք արվում են «տնտեսական հեղափոխության արդյունքի», «աննախադեպ ցուցանիշների» տրամաբանության մեջ, ըստ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, գուցե կարող են ազդել ներքին լսարանի վրա, բայց միջազգային շուկան, ինչպես նաև օտարերկրյա ներդրողն այլ կանոնների է հետևում։

Այդ կանոններին ու գործոններին դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ դիտարկենք այն հայտարարությունը, ըստ որի՝ հայաստանյան բանկերից մեկը 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր՝ 6.5 տոկոսով։

Նշենք, որ այս փաստը որպես տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն էր համարվել։

Թադևոս Ավետիսյանը նկատում է՝ այս երևույթն իրականում ֆինանսական շուկայում որոշակի աշխուժություն է ենթադրում և այդ առումով դրական է.

«Բայց, ընդհանուր առմամբ, սա ոչ թե Հայաստանում ինչ-որ հեղափոխական արդյունքի հետևանք է, այլ հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով, որոնք արձանագրվում են ոչ թե վերջին մի քանի ամիսներին, այլ նախորդ 2-3 տարիներին։

Այս առումով նախ նշենք, որ Հայաստանի ֆինանսական շուկան ուղիղ կապի մեջ է միջազգային ֆինանսական շուկայի հետ, այդ թվում՝ պարտատոմսերի առումով։

Եվ այստեղ Հայաստանը չի կարող թելադրող լինել, պետք է հետևի այն միտումներին, որոնք ձևավորվել են նախորդ 2-3 տարիներին։

Ինչ վերաբերում է այդ միտումներին, ապա միջազգային ֆինանսական շուկայում փողի գինն էապես նվազում է՝ միջբանկային տոկոսադրույք կոչվածը զգալիորեն նվազել է։

Եվ այս հանգամանքը չէր կարող չանդրադառնալ զարգացող այնպիսի փոքր տնտեսություն ունեցող երկրի վրա, ինչպիսին Հայաստանն է։

«Երկու տարի է, ինչ խոսում ենք, ու բոլորս սպասում, որ գոնե համեմատական իմաստով հիմնական ցուցանիշների, եթե չասեմ հեղափոխական, գոնե առաջանցիկ աճ պետք է լինի։ Բայց 2019թ.-ին 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, 2018թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, հունվար-ապրիլին այն 9,5 տոկոս էր, իսկ հետո նվազեց։

Իսկ 2020թ.-ի համար կանխատեսվել է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ։ Եթե հաշվի առնենք, որ, ըստ պետական բյուջեի, գնաճը լինելու է 4,5 տոկոս, ապա նշանակում է, որ իրական տնտեսական աճ գրեթե չենք ունենալու։ Սրանք մտահոգություններ են, որոնք ունեն իրենց հիմքերը՝ պայմանավորված թե՛ տեսական, թե՛ վիճակագրական ցուցանիշներով։

Եթե շարունակենք այս ամբողջ համաշղթայում փնտրել մեկ-երկու դրական արձանագրումներ և դրանց վրա փորձենք «արխային» լինել, այդպես չենք հասնելու այն նպատակների գոնե նվազագույն շեմին, որոնց մասին ամեն օր հայտարարվում է, և որոնք դրված են կառավարության ծրագրում։

Տարածաշրջանի միտումների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, հանրության մոտ դրական սպասումների ֆոնին պետք է լինեն ոչ թե դրվագային ներկայացումներ կամ թվային մանիպուլյացիաներ, այլ իրական քայլեր ու իրական արդյունքներ։

Միայն ճիշտ ու հստակ քայլերը կբերեն արագընթաց զարգացման։

Իսկ առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների և միայն ներքին ռեսուրսներով անհնար կլինի առաջանցիկ տնտեսական աճ սպասել»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ կարևորելով ներառական զարգացումը:

Հոդվածն ամբողջությամբ՝  «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031