Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է բարձրանում գազի գինը․ «Ազգ»

Հունվար 25,2020 11:38

Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի մեկից, ամենայն հավանականությամբ, բարձրանում է գազի գինը, գոնե հայտնի է, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը այդ հարցով դիմելու է համապատասխան հանձնաժողով: Սրա մասին, այսինքն՝ գնի բարձրացման, «Ազգ»-ում գրել էինք դեռ անցած տարի, շեշտելով, որ գազի ներկա գինը, խոսքը ներքին սպառմանի մասին է, գործող իշխանությունները երկար պահպանել չեն կարող, հետեւաբար հարկավոր են լուծումներ, իսկ թանկացումը դառնում է անխուսափելի:

Եվ ահա, արդեն պաշտոնապես հաստատվում է, որ գազի գնի բարձրացումը հավանական է նաեւ սպառողների համար՝ այստեղից բխող հետեւանքներով, իսկ դրանք, մեղմ ասած, այնքան էլ լավը չեն: Գազի գնի բարձրացումը կհանգեցնի շղթայական ռեակցիայի՝ բերելով նաեւ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման եւ այդպես շարունակ:

Ճշգրիտ կերպով հաշվարկել այն բացասական հետեւանքները, որ գազի գնի բարձրացումը կբերի մեր տնտեսության համար՝ բավականին դժվար է, սակայն պարզ է, որ պետությունը իսկապես կկանգնի խնդիրների առջեւ, որոնց լուծումները, գոնե ներկա իշխանությունների կարողականության պայմաններում, անիրական են: Իսկ դա պայմանավորված է ոչ միայն մեր «թավշյա» իշխանությունների քաղաքական ու տնտեսական զարգացման տեսլականի բացակայության, այլեւ ամենապարզունակ՝ կարեւորը երկրորդականից տարբերելու անընդունակության հետ:

Սկսենք նրանից, որ գազի գնագոյացման մեջ շատ մեծ է քաղաքական գործոնը, հետեւաբար 2019 թ. հունվարի մեկից գազի գնի 15 դոլար բարձրացումը արդեն իսկ հուշում էր, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում մենք ունենք խնդիրներ: Այդ խնդիրներն սկսվեցին ոչ միայն ՀԱՊԿ քարտուղար գեներալ Խաչատուրովի ձերբակալումից հետո, այլեւ հենց էներգետիկ բնագավառում առկա պայմանավորվածությունները պահելու անկարողության հետ:

Հիշեցնենք, որ մինչեւ 2018թ. ՀՀ-ն գազի գնի շուրջ ուներ պայմանագիր Ռուսաստանի հետ, համաձայն որի՝ մենք սահմանին պետք է վճարեինք 150 դոլար հազար խորանարդ մետրի համար: Սակայն կար նաեւ, այն ժամանակվա վարչապետներ Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ պայմանավորվածություն, համաձայն որի՝ մեզ տրվել էր եւս 15 դոլարի զեղչ, արդյունքում իրականում վճարում էինք 135 դոլար:

Նման պայմանավորվածության նպատակն էր նպաստել ՀՀ-ում ջերմոցային տնտեսության զարգացմանը: Հիշեցնենք, որ կառավարությունը ջերմոցներին գազը վաճառում էր 100 դոլար հազար խ/մ-ի դիմաց գնով: Նպատակն էր ՀՀ-ում սկսել ջերմոցների լայնամասշտաբ կառուցում, որպեսզի Հայաստանը կարողանա մեծաքանակ լոլիկ արտահանել ՌԴ, այդպիսով մրցակցություն ստեղծելով Թուրքիայի հետ՝ Ռուսաստանի ներքին շուկայում:

Իսկ նմանատիպ մրցակցություն հնարավոր էր, եթե ՀՀ-ն կարողանար ջերմոցային տնտեսությունները հասցնել արդյունաբերական մասշտաբների, իսկ այստեղ խոսքը վերաբերում էր գոնե 100 հազար հեկտար ջերմոցների կառուցմանը: Նման մասշտաբային ծրագրի իրականացումը ՀՀ-ին կարող էր դուրս բերել տարածաշրջանի առաջատար պետությունների շարքը գյուղատնտեսության բնագավառում եւ իրական մրցակցություն ստեղծել Թուրքիայի հետ:

Ռուսաստանյան շուկայում մրցակցելու համար ՀՀ-ն ուներ մեկ առավելություն եւս, դա ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքն էր, ինչը Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները ազատում էր մաքսային տուրքերից: Եվ այսպես, ծրագրի իրականացման համար հարկավոր էր էժան գազ, որը ապահովում էր ՌԴ-ն. ջերմոցային տնտեսական մեծ հզորություն, որի համար նախատեսված գումարները արդեն կային, նաեւ՝ սպառման հսկայական շուկա, որը հանձին ԵԱՏՄ-ի ապահովված էր:

Նմանատիպ ծրագրերը հոռետեությամբ ընկալողներին համար ասեմ, որ աշխարհում գյուղատնտեսական ապրանքների ամենախոշոր արտահանողների տասնյակում են Հոլանդիան (2-րդ տեղում է եւ զիջում է միայն ԱՄՆ-ին), որի ընդհանուր տարածքը 42 հազար քառակուսի կիլոմետր է, այսինքն ՀՀ-ի եւ Արցախի տարածքը միասին, եւ Իսրայելը, որը էլ ավելի փոքր է, քան ՀՀ-ն:

Ծրագիրը «հաջող» կերպով խափանվեց հայտնի «հեղափոխության» հետեւանքով, երբ իշխանության եկած դիլետանտները, սկսված գործընթացը շարունակելու ու դրա արդյունքները վայելելու փոխարեն «խաչակրաց» արշավանք սկսեցին «Գազպրոմ-Արմենիայի» դեմ: Իսկ դրա պատճառը ՀՀ վարչապետին կից ինչ-որ հանձնաժողովն էր, որը զբաղվելով գազի եւ էլեկտրաէներգիայի գնագոյացման խնդրով՝ կեղծ վստահությամբ հաղորդում էր, թե իբր մեկ ամսվա ընթացքում կարող են նվազեցնել այդ էներգակիրների գները:

 

Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031