Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2019 թ.-ի երրորդ եռամսյակում գործազրկությունը աճել է՝ կազմելով մոտ 217 հազար մարդ․ «Ազգ»

Հունվար 25,2020 11:09

Տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի մասին հայտարարություններ անելիս, վարչապետ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ խոսքը նո՞ր աշխատատեղերի, թե՞ ստվերից դուրս բերվածների մասին է: Վերջին անգամ նրա հայտարարած այդ ցուցանիշը 91 հազարն էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իրական կյանքում ոչ միայն նոր աշխատատեղեր չեն ավելանում, այլեւ գործազրկությունն ավելի է խորանում: Այն բանից հետո, երբ վիճակագրական կոմիտեն արձանագրեց 2019 թ.-ի առաջին եռամսյակում գործազրկության աճ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործող վարչապետը ձեռնամուխ եղավ վիճկոմի միջոցով այդ ցուցանիշը «ճշգրտելուն»՝ հօգուտ իրականությանը հակառակ եւ իր իշխանությանը ձեռնտու պատկեր ապահովելուն:

Հիշեցնենք, որ 2019 թ.-ի առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում աճել էր 6,7 տոկոսով, կազմելով 253,6 հազար մարդ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց, իսկ գործազուրկների թիվն ավելացել էր մոտ 16 հազարով: Գործազրկության մակարդակը աճել էր 0,9 տոկոսով եւ կազմել 21,9 տոկոս՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց: Սա նշանակում էր, որ «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կյանքի կտրուկ բարելավման Նիկոլ Փաշինյանի խոստումները ոչ միայն չէին իրականացել, այլեւ ընդհակառակը՝ կենսամակարդակն ավելի էր վատթարացել, իսկ մասնավորապես գործազրկությունը՝ աճել:

Արդեն հաջորդ՝ անցած տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում աշխատատեղերի թիվը վիճակագրական կոմիտեն ավելացրեց 46 հազարով: Չնայած, որ մեր նման փոքր երկրի աշխատաշուկայի համար նման ցուցանիշը գործնականում անհնար է եւ այդքան աշխատատեղերի ավելացում երեք ամսում կարող է լինել միայն այնպիսի մեծաքանակ բնակչություն ունեցող երկրներում ինչպես ԱՄՆ-ն կամ Ռուսաստանն է, ինչի մասին փորձագիտական մի շարք փաստարկներ բերվեցին, սակայն վիճկոմն ու նրան հրահանգողը մնացին իրենց դիրքերում: Սակայն հավաստիության պատրանք ստեղծելու համար, անցած տարվա արդեն երրորդ եռամսյակում ցուցանիշների «վագրային թռիչքի» թափը փոքր-ինչ նվազեցրին:

Երրորդ եռամսյակում գործազրկությունը, ըստ վիճկոմի, նախորդ եռամսյակի համեմատ բարձրացել էր 0,3 տոկոսով: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հավատարիմ մնալու համար էլ նույն հրապարակմամբ նշվում էր, որ զբաղվածության մակարդակն էլ է բարձրացել՝ 1,4 տոկոսով: Այս դիլեման վիճկոմը բացատրել է նրանով, որ առաջին ցուցանիշը հաշվարկել են աշխատուժի թվաքանակի համեմատ, երկրորդը՝ աշխատանքային ռեսուրսների թվաքանակի համեմատ:

Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ 2019 թ.-ի երրորդ եռամսյակում գործազրկությունը աճել է՝ կազմելով մոտ 217 հազար մարդ, նախորդ եռամսյակի 207 հազարի դիմաց: Համապատասխանաբար՝ բարձրացել է նաեւ գործազրկության մակարդակը՝ հասնելով 18 տոկոսի՝ նախորդ եռամսյակի 17,7 տոկոսի դիմաց:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031