Երեկ զենքը ձեռքին՝ «Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած եւ կրակոցներ արձակած 32- ամյա Արթուր Թորոսյանը աշխատել է «Բերկուտ» անվտանգության ծառայությունում՝ որպես պահնորդ: Նա, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է 2019-ի հոկտեմբերին:
«Բերկուտ» անվտանգության ծառայության տնօրեն Վահագն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատվելու պատճառով չի հետաքրքրվել, մտածել է, թե բարձրագույն կրթություն ստացած տղա է, հավանաբար ուզում է իր մասնագիտությամբ աշխատել.
«Ինքը մի բուհ արդեն ավարտել էր, Կառավարման ակադեմիայում էլ սովորում էր, իմ կարծիքով՝ երեւի իր մասնագիտությամբ էր ուզում գնալ, աշխատել»,- իր երկուսուկես տարվա աշխատակցի մասին ասաց Հարությունյանը եւ շարունակեց. «Իմ շփումը իր հետ շատ չի եղել, բայց ինչքանով ես գիտեմ, որպես պահնորդ, նորմալ է իրեն դրսեւորել, գրագետ տղա, այսպես ասեմ: Անգամ ինձ համար զարմանալի էր, որ հնարավոր է՝ այսպիսի բան անի»:
Մեր հարցին՝ հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր երկուսուկես տարվա ընթացքում չի՞ նկատվել նրա մոտ՝ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ միայն չի նկատել, այլեւ գիտի, որ աշխատանքի ընդունվելուց առաջ բժշկական զննություն է անցել, որ պահնորդի որակավորում ստանա:
Կարդացեք նաև
«Այսինքն՝ այդ ամենը ինքը անցել է: Միգուցե ինչ-որ բաներ իր մոտ հետո ի հայտ են եկել, ես դա կարող էի չտեսնել, որովհետեւ մեր հարաբերությունները ամենօրյա չէին»,- հավելեց նա:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում