Արդյո՞ք Հայաստանում հեղափոխությունից հետո տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ: Քանի որ դրա մասին են խոսում բազմաթիվ իշխանավորներ, այդ թվում՝ իշխող ընտանիքի անդամները, պետք է ենթադրել, որ դա ներկա պահիս պաշտոնական տեսակետ է: Եթե նման փորձ եղել է, ապա դա ծանրագույն հանցագործություն է, որի բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին պետք է անհապաղ ազատազրկել: Բայց այն «փակագծերը», որոնք օրերս բացեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինձ թվում է, հնարավոր չէ որակել որպես պետական հեղաշրջման փորձ:
Պաշտոնյան թվարկել է հետեւյալ գործողությունները՝ իշխող քաղաքական թիմին սեւացնելը, ինչպես նաեւ պնդումները, որ պետական համակարգը չի աշխատի, որ տնտեսությունը ձախողվելու է, որ իշխանությունը հողեր է հանձնելու եւ Հայաստան որեւէ սպառազինություն չի մտել: Կարելի է մտածել, որ առաջին անգամ է Երրորդ հանրապետության մեջ ընդդիմությունը նման պնդումներ անում: Անցած 30 տարիների ընթացքում ո՞ր ընդդիմադիրը չի ասել, որ երկիրը կործանվում է, տնտեսությունը փլուզվում է եւ այլն: Կամ՝ արդյո՞ք իշխող քաղաքական թիմի սեւացումը աշխարհում արտառոց երեւույթ է: Միացրեք CNN-ը եւ կտեսնեք, թե ինչպես է այդ լրատվամիջոցն առավոտվանից երեկո սեւացնում Թրամփի քաղաքական թիմին: Սակայն ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ,Բրայանը, կարծես թե, երբեք չի ասել, որ CNN-ը պետական հեղաշրջում է իրականացնում՝ CNN-ը հարգված եւ սոլիդ հեռուստաալիք է համարվում:
Վերադառնալով Հայաստան՝ եկեք հիշենք՝ 30 տարվա ընթացքում քանի՞ ընդդիմադիր է պնդել, թե իշխանությունները հողեր են հանձնում: Դա, իհարկե, սուտ էր, եւ հիմա էլ նրանք, ովքեր նման բան են ասում, շատ լավ գիտեն, որ «հողերի հանձնումը» ֆանտաստիկայի ոլորտից է: Բայց ի՞նչ արած՝ «հողեր հանձնելու» մասին խոսելը Հայաստանում ընդդիմադիր քարոզչության կայուն ավանդույթներից մեկն է: Ակնհայտ սուտ է նաեւ, որ մեր երկիր սպառազինություն չէր մտնում: Բայց երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ընդդիմությունը պնդում էր, թե մեր տանկերը լիցքավորված էին ջրով, ոչ թե դիզելային վառելիքով, դա նույնպես սուտ էր: Ի՞նչ է, նման պնդումները պետական հեղաշրջման փո՞րձ էին: Իհարկե, ոչ:
Ավելին՝ ներկայիս իշխանությունն ԱԺ-ում հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ նման պնդումներն «ապացուցելու» նպատակով: Թե՛ պնդումներն էին քարոզչություն, եւ թե՛ հանձնաժողովի ստեղծումը: Այդ ամենը, սակայն, կապ չունի պետական հեղաշրջման հետ: Պետական հեղաշրջման փորձը, որքան հասկանում եմ, մարդկանց եւ խմբերի գործունեությունն է՝ իշխանությունը բռնի տապալելու ուղղությամբ: Եթե Հայաստանում կան նման մարդիկ կամ խմբեր, ապա, կրկնեմ, նրանց տեղը բանտում է: 1996-ի սեպտեմբերին գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը «պետական հեղաշրջման փորձ» որակեց Վազգեն Մանուկյանի կողմնակիցների՝ Ազգային ժողովի շենք ներխուժումը եւ խորհրդարանի նախագահի ու փոխնախագահի հանդեպ բռնությունը: Իրականում դա, կարծում եմ, զանգվածային անկարգությունների մաս կազմող խուլիգանություն էր, ամբոխի ստորին բնազդների դրսեւորում: Ուրիշ հարց՝ արժե՞, արդյոք, այդ բնազդները հրահրել:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բայց քանի որ նման երեւոյթներ կանոնաւոր կերպով կը կրկնուին եկող-գացող ՛՛ ընդիմադիրներէ – և կը ստեղծեն անառողջ մթնոլորտ երկրին մէջ ,պատճառ դառնալով գաղթելու օտար ափեր և դանդաղեցնելով կարելի ներդրումներ -չէք ՞ կարծեր որ ՛՛պատժական կամ զսպող՛՛ օրէնք մը հարկաւոր է նման յերիւրանքներ տարածողներու հանդէպ .այլապէս իշխանութիւնը /որ շատ ընելիքներ ունի/ աւելորդ ժամանակ պիտի անցնէ նման հարցերով ուժ վատնելու ։