Սպարտացի ծնողները նրան ուղարկել էին կռիվ, ու ասել՝ կամ վահանովդ դարձիր, կամ վահանիդ վրա։ Այդ վահանը նա երբեք չլքեց, չթողեց իր կյանքի ռազմադաշտի մեջ, չճողոպրեց՝ ինչպես թշվառ մի դասալիք։ Նա իր նշանով ծնված, իր ժողովրդի հավատարիմ զինվորն էր, այնպիսի մի արյունոտ ու հուսահատ ժամանակի, երբ վիշտն ու պայքարը, հին ցավն ու վիրավորանքը գոյակից, հայության ճակատն էինք մաքրում ստրկության հին ու նոր թույներից։
Նա այդ պայքարի ու ազատության հորիզոններում, խրոխտ ու վեհ սավառնող մի արծիվ էր։ Շքեղ ու արհամարհական՝ մեր երկրի արժանապատվության, Արցախի վիրավոր հողի ու ճահճահոտ Կրեմլի ոստնակեղեւ տրամաբանության խաչմերուկներում։ Մի ամբողջ ԽՍՀՄ երկիր է տեսել այդ դժնի ժամանակների, գեհենի քուրայով անցնող հայ պատգամավորների ազնվական, մեծ իդեալի համար մղվող արյունոտ պայքարի ոդիսականը։ Եվ Գոհարը մեկն էր նրանցից։
Գոհար Ենոքյանի կյանքը անօրինակ զրկանքների, ծանր ու դաժան մանկության, անկարելի սիրո ու հերոսության տարիներ էին։ Սիբիրի մահվան ճամբարներից, Կրեմլի հոգեկան ու ֆիզիկական կտտանքներից, մինչեւ ցորենի հատիկ թռցնող, հացփորի տագնապից չազատված, անկախ Հայաստանի խուժան ղեկավարներից մի մկնահոտ կենդանու ցինիկ կեպեզեն։ Դիմացավ, չվհատվեց։ Քաջասիրտ էր ու հպարտ։ Թույլ չտվեց, որ սոված անտերը թրիքոտ սմբակը մաքրի իր ազնիվ հետքի վրա։ Ընտանիքի հիմն ու շաղախն էր՝ մայր, քույր, եղբայր, կարող էր լիուլի սիրել ու երջանիկ լինել, երջանկացնել ընտանիքը։ Բայց իր սրտի սերը միայն տափակ մետաղ հաշվելը չէր։ Սպարտացի իր պապերից հաջորդական ճիգով պահած անկեղծ ու մաքուր երդումը ուներ՝ Կյանքին ու Ազգին։ Ու սիրտը բաց, հոգին վերք ու մոխիր՝ գնաց իր նշանին ընդառաջ։
«Ես չեմ կշտանում էս երկրից, ես մեռնում եմ էս երկրի համար»,- ասում էր՝ աչքերը թաց, Քասախի կիրճի պռնկին նստած, երբ կրկին ու կրկին գնում էինք ձորի լռությունն ու վանքի օրհնանքն առնելու, հետո՝ Արտաշես Տեր-Հովհաննիսյանի մոտ՝ մեր անվախճան տագնապներն ու ձախողումները նրա քաշած մառ գինու մեջ խեղդելու։ Կոմանդոսը, Գոհարը, ես, Վրեժը, Ռուզանը, Արսենը։ Ընկերներով։ Գնում էինք նորից լսելու՝ խոսքով պսակված Գոհարի ապրումը՝ Կրեմլի չարագուշակ ամբիոններից։ Կուլիսներից, ուր, ավաղ, մարդկային տառապանքի արժեքը գրպանիդ սակարանով էր չափվում։ Մերկ, փշաքաղող նրա լռությունը, շրջափակված Հայաստանից սեւ լուր առնելիս։ Նրա ծածուկ ու հուսահատ արցունքները՝ Արցախի թշնամու ու հյուսիսային աղվեսի կարմիր ախպերությունից գժված։
Կարդացեք նաև
Այս ամենը ես էլ էի տեսել, միասին էինք Մոսկվայում։ Անցյալ ամռանը էլ չգնացինք Քասախի կիրճ, ոչ էլ Արտաշի մոտ։ Գնացինք սիրելի Գոհարի շիրիմին ծաղիկներ դնելու…
Ասում են՝ Հայաստանում սկսել են արժեւորել կանանց, նրանց անանձնական նվիրումը ընտանիքին, երկրին։ Վարչապետի գունագեղ խոսքն էլ եմ լսել այս առիթով։ Կհավատամ, երբ հարգանքն ու գնահատանքը, Հայաստանի նոր իշխանությունների հոգեկերտվածքում, իրապես, ամենօրյա կյանքի կոփվածք դառնա։
Գոհար Ենոքյանն, ավաղ, չարժանացավ այդ բախտին։ Նրա հոգեհանգստի ու թաղման արարողությանը պետական այրերից ոչ մեկը չմասնակցեց։ Կուսակցության համապատասխան ղեկավարն էլ մերժեց հրավերը։ Շահ չկար։ Նրան թաղեցին ընտանիքն ու մտերիմները, ընկերները, որոնց համար Գոհար Ենոքյանն իրական արժեք էր։
Ինչ պատճառով վեհ իդեալներից խոսող, թավիշե իշխանությունը անտեսեց այս ցավալի կորուստը։ Կամ՝ ինչու է ԽՍՀՄ հայ պատգամավորների հանդեպ դեռ առաջին նախագահից ծայր առած չարությունն ու արհամարհանքը փոխանցվել այսօրվա թավիշե իշխանությանը։ Դե եկեք ջնջենք այդ շրջանը մեր պատմությունից, մեր սրտից ու գիտակցությունից։ Ու հեշտորեն ազատվենք երախտիքի պարտքից։
Մի տարի է անցել Գոհար Ենոքյանի մահից։ Բայց հոգուս վերքը չի բուժվում։ Չի ընկալում իշխանությունների այս անգութ ու անխնա պահվածքը՝ իր արժանավոր զավակների հանդեպ։
Եվ Գոհարը միակը չէ։ Անկախության երեսուն տարիներին հայ ժողովուրդը այդպես էլ չծնեց այն հերոսին, ով կենդանության օրոք, համընդհանուր սիրո ու մեծարանքի արժանանար։ Ում ժողովուրդն է պաշտել իր մաքուր սրտով, իշխանությունն է մերժել, եւ հակառակը։ Իշխանության հերոսը մեկն է, ժողովրդինը՝ մեկ ուրիշը։ Ազատություն ավետող վերջին հեղափոխությունն էլ չցրեց խավարային բաժանարարը մեր հոգում։
Մինչդեռ Գոհար Ենոքյանը ժողովրդի սիրելի հերոսն էր։ Հողմածեծ մի արծիվ էր, երկրային ճախրանքից հոգնած, որ խոյացավ վեր՝ խառնվելու երկրի անհունին։ Իսկ արծվի ճախրանքը տեսնելու համար, թերեւս, արծվի սլացք է պետք ու անհունի խորքը տեսնելու երջանկություն։
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա, 25 հունվարի, 2020
«Առավոտ» օրաթերթ
25.01.2020