Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Կուտոյանի մահվան բացահայտման մի տարբերակ կա միայն

Հունվար 25,2020 12:30

Անկախ այն հանգամանքից, թե կատարվածը սպանություն է, կամովին կամ ստիպողական ինքնասպանություն, այն իր երեւացող մասով այնքան անհետք ու մաքուր է արվել, որ այդ գործը կարող է բացահայտվել մի դեպքում միայն, եթե դեպքի վայրում եղել են տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսել են մինչ սպանությունն այդտեղ մուտք ու ելք արած մարդկանց դեմքերը, քանզի մինչ այս պահը Կուտոյանից բացի, որեւէ մեկ ուրիշի մասին խոսք չկա, որը նշանակում է ոչ այլ ինչ, քան այլ անձանց մասին որեւէ տեղեկատվության իսպառ բացակայություն, իհարկե, եթե նշված ժամանակահատվածում այդպիսիք եղել են: Եթե նույնիսկ մի շարք թվով պատահական անցորդներ նկատած լինեն այդ մուտք մտնող անցորդների, ապա միեւնույն է՝ նրանք այդ մարդկանց ոչ դեմքերը կհիշեն, ոչ էլ որեւէ այլ բան, այնպես որ, միեւնույն է, որեւէ կասկածյալի մասին նոր հանգամանք չի առաջանա եւ այստեղ շրջանը կփակվի:

Պատահական չէ, որ իրավապահների կողմից որպես ամենահավանական վարկած առաջ է քաշվում ինքնասպանությունը, քանզի սպանության վարկածի համար գոնե մեկ կասկածյալի անուն պետք է շրջանառվեր, որը փաստացի չկա:

Այսպիսով, այս դեպքի բացահայտումը համարյա անհնար է դառնում հենց այս պատճառով: Կատարվածից մինչեւ այս պահն ընկած ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի շոշափվեր գեթ մեկ անուն, իսկ քանի որ դա չկա, ապա չափազանց հավանական է դառնում այն իրողությունը, որ վերջնարդյունքում հավանաբար կաշխատի հենց ինքնասպանության վարկածը, եւ որեւէ փորձաքննություն այս հարցի պատասխանը տալ չի կարող: Հանգուցյալին դրդել են ինքնասպանության, թե ինքն է գնացել այդ քայլին, դա եւս անհնար է պարզել, քանզի այս դեպքում եւս նորից ամեն ինչ գալիս է նրան, որ բացի իր անձից, ընդհանրապես որեւէ այլ անուն չի շոշափվում:

Մաթեմատիկորեն ասած, որոշ պայմանների բացակայության պատճառով խնդիրը դառնում է ոչ կոռեկտ, որի հետեւանքով նրա լուծման բոլոր ճանապարհները փակվում են եւ վերջնարդյունքում խնդիրը դառնում է անլուծելի: Քավ լիցի, ես բնավ կոչ չեմ անում դադարեցնել գործի քննությունը, ուղղակի բարձրաձայնում եմ, որ ոչ բավարար տեղեկատվության պատճառով, այս խնդիրը չի լուծվի եւ չափազանց մեծ հավանականությամբ  ինքնասպանության վարկածը կդառնա այս գործի բացահայտման վերջնական արդյունք:

Վերացական կարող է հնչել, սակայն այս գործի բացահայտման մեկ անհավանական տարբերակ եւս կա. դրդված ինքնասպանության պարագայում, տեսականորեն բացառված չէ, որ դեպքի հետագա գործընթացներում կազմակերպիչների եւ կատարողների ներսում, կամ միմյանց միջեւ որոշակի  նախնական պայմանավորվածություններ խախտվեն, որի հետեւանքով առաջանան այնպիսի հակասություններ, որ նրանցից ինչ-որ մեկը, կամ մի քանիսը իրավապահ մարմիններին ներկայացնեն տեղի ունեցածի իրական պատկերը, որից հետո մնացածն արդեն տեխնիկայի հարց է:

Վերջին հաշվով, այս գործի բացահայտման ամենամեծ դժվարությունը կայանում է նրանում, որ դեպքից հետո առկա փաստացի իրավիճակը կառչելու որեւէ տեղ չի տալիս, որից հնարավոր լիներ ինչ-ինչ զարգացումներ ապահովել ու խորացնել եւ հասնել դեպքի ամբողջական բացահայտմանը:

Ես գուշակ չեմ, սակայն կարծում եմ, որ վերը նշված վերլուծությունները բերում են հետեւյալին. կամ այս գործը չի բացահայտվի, կամ իրավապահ մարմինների կողմից այն կհաստատվի որպես ինքնասպանություն:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի  ճարտարագիտական  ակադեմիայի թղթակից անդամ 

«Առավոտ» օրաթերթ
24.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031