Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե համոզիչ չեն Ֆրանսիա 12 օրով մեկնելու թույլտվությանը սպասող կենսաթոշակառու հայ ամուսինների փաստարկները

Հունվար 25,2020 14:00

Մենք՝ հայաստանցիներս, հպարտությամբ ենք արձանագրում, որ մեր երկիր են գալիս այլ երկրների քաղաքացիներ, որոնց մենք պատշաճ հյուրընկալում ենք՝ մեզ համարելով հյուրընկալ, հյուրասեր, նրբանկատ:

Սակայն, արդյոք, այլ պետություններ գնալիս, հարգվում են նույնպես, հաշվի են առնվում մարդկային որոշ գործոններ:

Կենսաթոշակառուներ Ռոլանդ Ավետիսյանն ու նրա կինը անցյալ տարվա օգոստոսից սպասում էին, թե իրենց կարձագանքի  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գլխավոր հյուպատոսը, որին դիմել էին «Մուտքի վիզայի մերժման» բողոքարկմամբ:

Նրանց փորձերը հանդիպել կամ հեռախոսով զրուցել գլխավոր հյուպատոսի հետ, «առավել հիմնավորված պատասխան ու բացատրություն ստանալու մեր ներկայացրած փաստաթղթերով մեզ անվստահություն հայտնելու վերաբերյալ, անհաջողությամբ ավարտվեցին», «Առավոտին» տեղեկացնում են նրանք: Կենսաթոշակառուներին մերժել էին հետեւյալ հիմնավորմամբ՝ «նախատեսվող ճամփորդության նպատակը և պայմաններն ապացուցող ներկայացված տեղեկությունները վստահություն չեն ներշնչում»:

Ռոլանդ Ավետիսյանը գրել էր հյուպատոսին. «Մեր շրջագայության նպատակը մեկն է ու միակը. 1961-2001թթ. Հայաստանի երկու շրջաններում (Ալավերդի, Եղեգնաձոր) և Երևան քաղաքի դպրոցներում ֆրանսերեն լեզու ու գրականություն դասավանդող երկարամյա մանկավարժ կնոջս՝ Կիրակոսյան Ժենիկի երազած այցը, իր համար անչափ սիրելի դարձած Ֆրանսիա, հատկապես մայրաքաղաք Փարիզ, իրականություն դարձնելն է: Ավելորդ է հարցնել, ինչու այսքան ուշ ու «գերհասուն» տարիքում: Հայտնի է, որ սովետական  կարգերում այն իրականացնելն անհնար էր քաղաքական պատճառներով, հետագա տարիներին ֆինանսատնտեսական պատճառներով:

Վերջապես հաղթահարելով այդ արգելքները՝ մեր որդի Վահե Ավետիսյանը հնարավորություն ուներ հարազատ մորը այդպիսի նվերով երջանկացնել, ինձ վստահելով ուղեկցողի պատվավոր պարտավորությունը: Տուրիստական ուղևորության ընթացքը ու հագեցած ծրագրերը, հաճախակի տեղափոխություններն ու շրջագայությունը որոշակի դժվարություն կարող էին մատուցել տարեց թոշակառուներիս համար, ուստի խնդրել էինք տուր-գործակալին մեր ծրագրերը սահմանափակել միայն Փարիզի ու նրա արվարձանների սահմաններով և հյուրանոց ապահովել միայն Փարիզում, ինչը և նրանք ապահովել էին: Կարծում եմ՝ կհամաձայնեք, ոչ միայն վիրավորական, այլ անչափ անարդարացի է, ողջ գիտակցված կյանքը ֆրանսերեն լեզվին ու նրա մասսայականացմանը սիրով ու անշահախնդիր նվիրած մանկավարժին զրկել իրեն երազած ու սիրելի երկիր, ընդամենը 12 օրով, մուտք գործելու հնարավորությունից, ոչ բավարար ու հատուկ պատճառներով ու անհասկանալի «անվստահություն» հանգավորումով»:

Ռոլանդ Ավետիսյանը տեղեկացրել էր, որ կինը` Ժենիկ Կիրակոսյանը, 1961 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը և քառասուն երկար տարիներ անընդմեջ դասավանդել է ֆրանսերեն լեզու ու գրականություն: Զրուցակիցս` Ռ. Ավետիսյանը, 1958թ. ավարտել է նույն համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, 1968 թվականից գիտությունների թեկնածու է, 1978 թվականից դիպլոմավորված ավագ գիտական աշխատող, աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում, դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

«Մենք ինքնաբավ ընտանիք ենք, երջանիկ մեր Սուրբ հայրենիքում ձևավորված մեր համեստ ապրելակերպով, մեր զավակների ու անչափ սիրելի թոռնիկների հետ: Այլ երկրում ապրելու գայթակղությամբ չենք տառապում, ինչի համար կարող եք բացարձակապես անհոգ լինել: Ընտանիքում բոլորս ֆրանսիական արվեստի ու գրականության երկրպագուներ ենք, շնորհիվ Կիրակոսյան Ժենիկի նվիրվածության ու պրոպագանդայի, մեզ մոտ հարգի է ֆրանսիական մթնոլորտը Մանեի, Դեգայի և այլ մեծագույն նկարիչների ստեղծագործությունների կրկնօրինակներով, Էյֆելի հրաշակերտ աշտարակի 1:200 մասշտաբի մանրակերտով, որոնք որդուս ջանքերով ստեղծած գործեր են, իսկ Ֆրանսիայի գրողների հանճարեղ գործերը մեր զավակների ու թոռների սիրված արժեքներ են»,-ասել էին նրանք:

Նրանք գլխավոր հյուպատոսից խնդրել էին վերանայել մուտքի վիզա տալու խնդրանքը, վերանայել իրենց անվստահության վիրավորական ու անարդարացի վերդիկտը: «Եթե Դուք, մեծահոգաբար, վերանայելով Ձեր որոշումը, Կիրակոսյան Ժենիկին հնարավորություն տաք իրականացնելու իր կյանքի միակ երազանքը ու այցելել իրեն սիրելի ու երազած Փարիզ, մենք ամբողջ ընտանիքով անչափ երջանիկ ու շնորհակալ կլինենք: Եթե արդարացի ու վերջնական կհամարեք Ձեր որոշումը, ապա մենք ստիպված կլինենք այն ընդունել ըմբռնումով ու հարգանքով»,-նշել էին կենսաթոշակառուները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Հ.Գ.-Ակնկալում եմ հարգարժան հյուպատոսի արձագանքը:

«Առավոտ» օրաթերթ
24.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031