Լրահոս
Օրվա լրահոսը

Դավոսի հայաստանյան ուղերձը 

Հունվար 25,2020 12:00

«Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր», Արմեն Սարգսյանի դիտարկումը՝ համաշխարհային տնտեսական  համաժողովում 

Ներդրումներ գրավելու՝ աշխարհում խոշորագույն հարթակներից մեկի՝ Դավոսի ամենամյա համաշխարհային տնտեսական համաժողովի նկատմամբ Հայաստանը տարիներ շարունակ հետաքրքրություն չի ցուցաբերել: Հայաստանի իշխանություններն առավելապես չեն մասնակցել այդ համաժողովին, ի տարբերություն Ադրբեջանի ու Վրաստանի, որոնք ամեն տարի նախագահների, վարչապետների մակարդակով մասնակցել են, խոսել խոշոր նախագծերից: Հայաստանյան պաշտոնատար անձանց պատճառաբանությունները տարբեր էին: ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարո՞ւմ մասնակցել համաժողովին, օրինակ՝ 2017թ. հունվարին հարցրել էին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: «Ոչ, այդպես չէ, ուղղակի հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու հաշվի առնելով այլ հանգամանքներ չենք կարողացել մասնակցել համաժողովին», պատասխանել էր նա:

Բացառություններ, իհարկե, եղել են. 2009-ին Հայաստանից Դավոսի համաժողովին մասնակցել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, 2018թ. հունվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր մեկնել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, իսկ անցյալ տարի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր մեկնել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Իսկ ընդհանրապես, Հայաստանը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 1992 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությամբ:

Այս շաբաթ համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր մեկնել Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը: «Դուք եղել եք Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։ Ֆորումը ակնկալում է լսել Ձեր տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության, նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային քաղաքականության եւ ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ», Արմեն Սարգսյանին ուղղված նամակում նշել էր Կլաուս Շվաբը:

Դավոսի այս տարվա ֆորումն անց կացվեց՝ «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման եւ կայունության» խորագրի ներքո: Տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներն ու ավելի քան 3000 մասնակիցները քննարկում էին տնտեսության, տեխնոլոգիաների, էկոլոգիայի, արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր, գլոբալ, տարածաշրջանային եւ արդյունաբերական օրակարգերը, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Ֆորումի այս տարվա բանախոսների թվում էին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը եւ այլք: Այսպես, ի՞նչ ուղերձ հղեց Դավոսում Հայաստանն՝ աշխարհին այս տարի, ո՞րն էր Հայաստանի ասելիքը, ի՞նչ ենք մենք ակնկալում, ի՞նչ ուղղությամբ ենք առաջ ընթանում:

Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցեց՝ «Հավասարակշռելով ներքին եւ գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը: Նրա հետ որպես բանախոս հանդես եկավ տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը, որը եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլիթոնի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը, Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահը։

Անդրադառնալով համաշխարհային ռիսկերին՝ ՀՀ նախագահը խոսեց դրանց քվանտային վարքագծի եւ քվանտային քաղաքականության հիմքերի մասին։ «Ես այդ տեսությունը ներկայացրել եմ 600 էջանոց գրքում, որը շուտով լույս կտեսնի: Հասկանալու համար, թե որքան հեռու կգնա քո երկիրը, պետք է դիտարկել աշխարհի ներկայիս վիճակը։ Ես սրա մասին մտածում էի նախագահ դառնալուց առաջ», ասել է ՀՀ նախագահը։ Նրա փոխանցմամբ՝ փոխվում է նաեւ ժողովրդավարությունը, քանի որ նորմալ ժողովրդավարական երկրներում դու քվեարկում ես քո խորհրդարանի, նախագահի օգտին հաջորդ հինգ տարիների համար, այնուհետեւ սպասում ես արդյունքներին. «Այժմ դու ամեն օր քվեարկում ես քո ֆեյսբուքյան էջում։ Մենք այսօր ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, որը քվանտային է եւ գնալով դառնում է ավելի բարդ, քանի որ չկան կարգավորումներ ոչ միայն այն իմաստով, որ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում, այլ՝ չկան կարգավորումներ նաեւ սոցիալական հարթակում։ Ուստի, բարի գալուստ նոր աշխարհ, որը, ինչպես բնությունը, դասական չէ, այլ՝ քվանտային։ Եվ ես անձնապես ոգեւորված եմ դրանից, քանի որ մենք ունենք գիտնականներ, ովքեր պետք է հասկանան՝ ինչպես է այդ քվանտային քաղաքականությունն աշխատում»։

Այնուհետեւ ՀՀ նախագահը նշել է. «Մենք ապրում ենք անորոշ, անկանխատեսելի աշխարհում: Ես միշտ մտածել եմ, որ անորոշությունը հնարավորություն է ստեղծում: Հնարավորություններ են բացվում փոքր երկրների համար, քանի որ տեխնոլոգիական առումով մենք բոլորս սկսում ենք նույն մակարդակից: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ կան շատ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, հիանալի կրթական համակարգեր ծրագրավորման ոլորտում։ Ամեն ինչ փոխվելու է, քանի որ ապագայում մեքենաշինության համար այլեւս գործարաններ անհրաժեշտ չեն լինի: 5, 10, 15 տարի հետո, երբ դուք գնաք առեւտրի կենտրոն, մինչեւ ձեր երեխայի համար սնունդ կգնեք, ձեր մեքենան պատրաստ կլինի: Ձեր մեքենան կունենա երեք հազար բաղադրիչ, այն կլինի էլեկտրական, որը ձեզ համար կպատրաստեն երկու ռոբոտ: Սա է իրականությունը: Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացները կտրուկ կփոխվեն: Մենք այսօր աշխատում ենք գտնել մեծ շուկաներ, որտեղ աշխատուժն ավելի էժան է, իսկ ապագայում մեծ ընկերությունների առավելությունը կլինի այն, որ նրանք նոու հաու կունենան: Սա շատ կարեւոր է, քանի որ աշխարհի ապագան մեծապես կախված է ստարտափերից»։

Արմեն Սարգսյանը նաեւ հավելել է. «Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, եւ ես չեմ վախենում այդ փաստից: Կարծում եմ՝ այն արագությունը, որ մենք ունենալու ենք, կհանգեցնի նրան, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կլինի վերջինը, քանի որ այն շատ արագ տեղի կունենա: Չորրորդը, հինգերորդը, վեցերորդը կլինի մեր էվոլյուցիան, հեղափոխությունը, քանի որ մենք ապրելու ենք այս նոր աշխարհում եւ պետք է սկսենք ստանդարտներից դուրս մտածել: Պետք է զուգահեռաբար զարգացնել բոլոր ոլորտները, պետք է զարգացնել զբոսաշրջությունը, մշակույթը, պետք է արտադրել եւ վաճառել ամեն ինչ։ Բայց այս ամենի հիմքում պետք է լինեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Այս ամենի լավ օրինակներ կան Աֆրիկայում եւս. նայեք Ռուանդային, որտեղ էլեկտրոնային կառավարման համակարգը մեծ փոփոխություններ է բերել: Ես շատ լավատես եմ: Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր, այլ՝ երիտասարդների աշխարհ է լինելու»:

Արմեն Սարգսյանը Դավոսում նաեւ հանդիպումներ ունեցավ համաժողովի մասնակից մի շարք երկրների, կառավարությունների ղեկավարների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահն ու հարեւան Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան քննարկել էին հայ-վրացական հարաբերությունների օրակարգը: Նրանք նշել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր եւ հսկայական ներուժ: Ընդգծելով, որ փոխշահավետ համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարեւորել են գործնական քայլերի եւ համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության եւ մատակարարման, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում, ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել էր Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ, որը նաեւ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։ Նրանք անդրադարձել էին հայ-շվեյցարական հարաբերությունների օրակարգին, կարեւորել էին ակտիվ միջխորհրդարանական համագործակցության դերը, ինչպես նաեւ մտքեր փոխանակել նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

Դավոսում ՀՀ նախագահը հանդիպել էր Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ։ «Զրուցակիցներն անդրադարձել են նախագահ Սարգսյանի՝ վերջերս Կատարի Պետություն կատարած արդյունավետ այցերին եւ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Կատարում ՀՀ դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաեւ ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջեւ գործարար շփումների ակտիվացման համար», ասվում էր հաղորդագրությունում: Կատարի պետական ներդրումային հիմնադրամը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի եւ այլ ոլորտներ։ Նրա կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ իրենց կառույցը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ եւ պատրաստակամ է համագործակցել մեր երկրի համապատասխան կառույցների հետ:

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել էր համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ: Այս հանդիպմանը կարեւորվել էր ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։ Համակարծիք լինելով, որ «Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական հիշյալ ծրագրի համար՝ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները եւ առաջիկայում ստորագրել փոխգործակցության մասին հուշագիր։ Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաեւ աշխարհի խոշորագույն արդյունաբերական եւ տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ «Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման եւ մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են լինել գործընկերներ», նշվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում։

Իսկ ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ հանդիպմանը վերջինս ընդգծել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը եւ որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը։ Նրանք մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցության նոր հնարավորություններին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Նշելով, որ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին՝ նախագահն ասել է, որ մեր երկիրը կարեւորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը եւ երկու երկրների դինամիկ հարաբերությունների համատեքստում շարունակելու է ակտիվացնել ու խորացնել կապերը նաեւ անմիջականորեն Իրաքյան Քուրդիստանի հետ։

Արմեն Սարգսյանը համաժողովի շրջանակում հանդիպել է նաեւ աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։ ՀՀ նախագահը եւ Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031