Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին հորդորում են ԱԱԾ նոր պետ, ոստիկանապետ ընտրելիս 3 անգամ ստուգել, ընտրել մեկին, ով սաբոտաժ չի անի

Հունվար 25,2020 14:30

 Ինչու Փաշինյանը արդեն 4 ամիս է՝ չի նշանակում  ԱԱԾ պետ ու ոստիկանապետ, պարզվում է՝ ընտրությունը մեծ չէ  

Հայաստանում այն իրավիճակն է, որ երկրի վարչապետն անընդհատ խոսում է հակահեղափոխականների նկրտումների մասին, երկրի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի դին է հայտնաբերվում իր բնակարանում, Մարտի 1-ի գործով կարեւոր վկաներն էլի տարօրինակ հանգամանքներում մահանում են կամ փախուստի են դիմում ու այս իրավիճակում ոստիկանապետ չունենք, ԱԱԾ տնօրեն չունենք, ժամանակավոր պաշտոնակատարներ են: Հիշեցնենք, որ ԱԱԾ վերջին տնօրենը՝ Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել 2019-ի սեպտեմբերի 16-ին, այսինքն, արդեն մոտ 4 ամիս է՝ նշանակում չի արվել այդ պաշտոնում, իսկ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 18-ին:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նշանակումներ չի անում, յուրայինների շրջանակը նե՞ղ է, չի՞ կարողանում գտնել մարդկանց, որոնց կարելի է իսկապես վստահել ու խնդիր չե՞ք տեսնում, որ այսքան ժամանակ չունենք այդ պաշտոններում հիմնական կադրեր՝ պատասխանեց. «Կարծում եմ, միանշանակ, խնդիր կա: Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ դրանք կարեւորագույն պաշտոններ են եւ այդ պաշտոններում նշանակումները պետք է մաքսիմալ զգուշավոր արվեն: Գիտեմ նաեւ, որ ունենք օրենսդրական սահմանափակում պահանջների, որ ներկայացվում են ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի թեկնածուներին: Պետք է փաստեմ, որ ցավոք, ընտրությունը մեծ չէ, բայց հույս ունեմ, որ այդ նշանակումը սարերի հետեւում չէ, որովհետեւ իսկապես շատ կարեւոր պաշտոնների մասին ենք խոսում եւ պետք է օր առաջ հնարավորության դեպքում արվի նշանակում՝ չմոռանալով նաեւ նշանակման որակի մասին, նաեւ արժեքային տիրույթում համապատասխանության մասին, հեղափոխական արժեքների կրողը պետք է լինի, լինի մեկը, ով սաբոտաժ չի անի, ինչպես մենք տեսել ենք ոչ միայն ոստիկանության եւ ԱԱԾ-ի տարբեր օղակներում, այլ նաեւ շատ այլ պետական կառավարման մարմիններում: Շատ կարեւոր պահանջներ են այս ամենը, եթե կարելի է համարել պահանջ եւ այդ պահանջներին բավարարելը շատ դժվար է, հետեւաբար եւ ընտրությունը դժվարացնում է»:

Ըստ Ջուլհակյանի, բնական է, որ Փաշինյանը նշանակումներ պետք է անի իր համար վստահելի շրջանակներից. «Այդտեղ որեւէ արգահատելի բան չկա: Պարզ է, որ մարդը, որը կառավարում է մի ամբողջ պետություն, մանավանդ, որ պետություն, որը գտնվում է այնպիսի վիճակում, ինչպիսին մեր պետությունն է՝ հետհեղափոխական, երբ ամեն օր անձինք, որոնք տոտալ կերպով մերժվել են ՀՀ քաղաքացու կողմից եւ գիտենք ինչ անցյալ ու բովանդակություն են ունեցել, ռեւանշիստական նկրտումներ են դրսեւորում, պարզ է, որ պետք է հնարավորինս զգուշավոր լինի նման երկրի ղեկավարը եւ պետք է իր համար վստահելի կադրեր ընտրի: Ես որեւէ վատ բան այդտեղ չեմ տեսնում, ավելին, հորդորում եմ, որ մեկ-երկու անգամ ստուգվելու փոխարեն պետք է 3 անգամ ստուգվեն կադրերը նշանակվելուց առաջ, որպեսզի մենք ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ տարբեր մարմիններում՝ հաշվի առնելով, որ հեղափոխությունը դեռ շարունակվում է, դեռ պետք է հեղափոխվեն պետական կառավարման մարմինները եւ այն ոլորտները, որտեղ ունեցել ենք լրջագույն խնդիրներ»:

Հռիփսիմե  ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031