Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոված չլինես կամ բանալի բառեր 

Հունվար 25,2020 15:00

Արդեն թերահավատ եմ, թե քրեական ենթամշակույթից մեր հանրությանը հետ կանգնեցնելու օրենքն անկեղծ է ներդրվում. չէ՞ որ հենց այդ օրենքը նախագծողներն են լայնորեն օգտվում քրեական բառամթերքից: Իսկ Լեզուն արձանագրում է այն, ինչ արտադրում է Միտքը:

Մինչեւ բուհերի ոչ հումանիտար բաժիններում հայոց լեզվի դեմ, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ, բայց պետական մակարդակով արշավանքը, ինքս խուսափել եմ իշխանական լուրջ սայթաքումների մասին բարձրաձայնելուց. նույնը խնդրել եմ Պահպանողական կուսակցության ղեկավար կազմին: Միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ հայոց լեզուն այժմ էլ պետք է պաշտպանել ոչ թե Համիդից, Նիկոլայ 2-ից, Սուսլովից, այլ բարակ ձայնով հենց մեր «դուխովներից», ինչպես Խաչատուր Աբովյանը կասեր, «փակ լեզուն իսկույն կապը կտրեց»:

Չբարձրաձայնելու պատճառներից մեկն այն էր, որ չարժեր լրացուցիչ հոգս դառնալ՝ ամրանալ փորձող մեր նոր իշխանության համար ու զոմբիների եւ ազատ վարձու ֆեյքերի ինստիտուցիոնալացված մատյան գնդերի կողմից հանիրավի արժանանալ քրեական բառապաշարից, իմա՝ քրեական մտածողությունից, փոխ առնված ու այլոց պարագայում կիրառված ամենահաճախադեպ որակմանը՝ «աբիժնիկ»: Այժմ այդ հայհոյանքն իշխանահաճ հատվածի կողմից տրվում է ամեն անգամ, երբ փաստերի սովի են հանդիպում. իսկ այդ սովը սկսում է համատարած դառնալ՝ նույնիսկ քյալլայազարդ «Ճոխ սեղանի մոտ»:

Հանուն ճշմարտության ասեմ, որ առաջին անգամ ընդվզելու ցանկություն առաջացավ, երբ 2018թ. գեղեցիկ շարժման օրերին հանդիպեցի «դուխով»՝ կիսաքրեական բառապաշարից վերցված եւ դարձյալ ռուսերեն բառին: Առաջին անգամ լսելիս կարելի էր ենթադրել, թե դա ոճավորման համար արված միանգամյա կիրառում է՝ միանգամայն ընդունելի եւ տեղին: Ցավոք, քրեական բառապաշարի այդ դրսեւորումը դարձավ «բրենդային»՝ Երեւանից մինչեւ Լոս Անջելես:

Չարտահայտվելու պատճառներից մեկն էլ, թերեւս, «շահարկել» բառն է (փառք Աստծո, հայերեն): Իշխանությանը բարեհաճորեն տրամադրվածներից, քվե տվածներից շատերս զսպել ենք որեւէ թերություն նշելու ցանկությունը ոչ միայն այն պատճառով, որ «ամենագետ» իշխանությունը խանդով, թշնամաբար ու ցասումով է ընդունում նույնիսկ բարի ցանկությամբ ասված ցանկացած խոսք, կամ որ ջուր չլցվի իշխանության «մրցակցի» դերը ստանձնածների ջրաղացին, այլեւ որովհետեւ ամեն անգամ այլոց կողմից արված այդպիսի զգուշացումները որակվել են որպես շահարկում: Մի՞թե շահարկում է, երբ ոմանք հիշատակում են Նոր Հաճնում կատարված ողբերգությունը, ուր, մեղմ ասած, փոքր չէ իշխանության շտապողականության, ոչ պրոֆեսիոնալ հաշվարկի ու մոտեցման չափաբաժինը:

Այնտեղ, ուր պետք է շտապել, հապաղում ենք, իսկ այնտեղ, ուր պետք է յոթ չափել եւ մեկ կտրել, սափրիչի ածելին առած՝ զարգացնում ենք տիեզերական արագություններ ու առաջին հերթին՝ մեր ինքնության հիմնասյան՝ հայոց լեզվի գլխին: Ինչպես ասացվածքում է՝ «Էշի խրտնածը ձիուց արագ է վազում»: Ի դեպ, ցարական Ռուսաստանում հայկական դպրոցներն արգելվել են երեք անգամ՝ 1885թ., 1897թ., 1903թ.: Հետաքրքիրն այն է, որ առաջին անգամ հայերենը դուրս մղելիս Ռուսաստանի կրթության նախարարը եւս ծագմամբ «հայ» էր՝ կոմս Դելյանով դարձած Իվան Դելյանը, ուստի նեղանալու առնվազն բարոյական իրավունք չունենք, երբ մեզ «առմյաշկա» են անվանում:

Լեզվական մի քստմնելի կաղապար եւս դարձել է «բրենդային». ով հանդգնում է թերություններ նշել, նրանց ասվում է. «Բա դու ո՞ւր էիր այն ժամանակ»: Իսկ Ժամանակի սկիզբն էլ «Բրյումերի 23»-ն է: Այսօր այդպիսի հարց երեւի իրավունք ունեն տալու միայն Շահեն Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը եւ էլի մի քանի հոգի, ովքեր ոչ թե քայլելով ու «ծափ ու ծիծաղով» հասան իշխանության, այլ խորհրդային ամենասոսկալի բանտերի միջով անցնելով՝ վառ պահեցին Ազատության դողդոջ լույսը, որը սոսկահար ուրացել էին ակադեմիկոսներից մինչեւ Չարենցի ասած բանվոր Պողոսը: Բայց չեմ լսել, որ Հայրիկյանը կամ Արշակյանը հարցնեն, ասենք, ԱԻ նախարար եւ ԿԳԲ-ի գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին կամ ներկայիս Արդարադատության երիտասարդ նախարարին, թե ո՞ւր էին այն ժամանակ: Ա՛յն ժամանակ, երբ պայքարը խիզախում եւ բարոյականություն էր պահանջում եւ ոչ հոխորտանք: Նույնիսկ բազմաչարչրկված Շմայսից չենք լսել, թե ո՞ւր էին մեր օրերում մարտական աննկուն արծիվներ դարձածները՝ չի բացառվում գեներալական պաշտոնակալումներով: Սա արդյո՞ք քրեական լեզվամտածողությունից չէ, թե՝ «Դու սո՛ւս, երբ մե՛նք ենք խոսում»:

Խորհրդային քրեական աշխարհը, ըստ գրականության, ուներ իր չգրված ներքին կանոնագիրը, ուր ամեն բան արվում էր այդ կանոնագրի հասկացությունների («պանյատների») ու պատկերացումների շրջանակում, չոր զոռբայությունը կիրառվում էր բացառապես այդ աշխարհից դուրս եղողների համար, այն էլ՝ հիմնավորմամբ՝ դարձյալ այդ պատկերացումների շրջանակում: Հիմա էլ նույնն է. այդպիսի զոռբայությունը քաղաքական դասակարգի կողմից կիրառվում է հենց քաղաքական դասակարգից դուրս՝ ամբողջ հանրության գլխին, իսկ այդ հանրության ներսում գործում է ջունգլիի հոշոտման օրենքը՝ առանց միջոցների խտրության: Խաբելն ընդհանրապես վատ բան է, բայց գոնե խաբեն եւ ոչ թե «քյոլեն»,- ինչպես մի բարեկամս ասաց մի առիթով: Ո՞ւր ենք գնում այսպես, ո՞ւմ պատվերն ենք կատարում, ո՜ւմ դեմ: Մեր հարեւան իրանցի ժողովուրդը հաջողություն ասելիս կամ երախտագիտություն հայտնելիս օգտագործում է «Հոգնած չլինես» գեղեցիկ մաղթանքը: Մի քիչ մեղանչելով իրանական այդ հրաշալի լեզվակաղապարի դեմ՝ այսօր մաղթում ենք՝ «Սոված չլինես»:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության  նախագահ

Հ.Գ.1. Այս հոդվածը գրվել էր ավելի քան երկու ամիս առաջ, բայց չհրապարակվեց իմ բարեկամներ Շանթ Հարությունյանի եւ Պետրոս Մակեյանի հետ զրուցելուցս հետո. խորին երախտագիտությունս նրանց:

Հ.Գ.2. Հոդվածաշարի հաջորդ հրապարակումներն այն մանիպուլյացիաների մասին են, որոնք կիրառվում են մեր հանրության դեմ:

«Առավոտ» օրաթերթ
24.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031