Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազի հարուցած քրգործն ու Արթիկի համայնքապետարանի պաշտոնական գռեհկաբանությունը

Հունվար 24,2020 21:12

Երկու օր առաջ ՀՀ  գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն Aravot.am-ին տրամադրել  էր դատախազության պաշտոնական տեղեկատվությունն առ այն,  որ հարուցվել  է քրեական գործ Արթիկի համայնքապետի կողմից յուրացումներ կատարելու կասկածանքով։

Ըստ քրգործի, Արթիկի մի խումբ բնակիչների անուններով համայնքային բյուջեից որպես սոցիալական օգնություն գումարներ են դուրս գրվել, սակայն դրանք առերևույթ յուրացվել են ։

Դատախազության մեզ տրամադրած տեղեկատվության մեջ բառացիորեն նշված է հետևյալը․ «Ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Արթիկ համայնքի ղեկավարը 2018 թվականի օգոստոսի 6-ի հրաման-կարգադրությամբ համայնքի մի քանի տասնյակ բնակիչների որպես դրամական օգնություն համայնքային բյուջեից հատկացվել է ընդհանուր մոտ 400.000 ՀՀ դրամ, սակայն այդ գումարները նշված անձանց չեն տրամադրվել և յուրացվել են համայնքի ղեկավարի կողմից:

Նշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Արթիկ քաղաքի մի շարք բնակիչներ չեն ստացել իրենց անվամբ ցույց տրված զգալի չափերի դրամական օգնությունը։ Բացի այդ, նշված անձինք հերքել են դրամական օգնության ցուցակներում համապատասխան տվյալների դիմաց դրված ստորագրությունն իրենց կողմից կատարված լինելու հանգամանքը։

Նկատի ունենալով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ և անհրաժեշտ է դեպքի բոլոր հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ նշված փաստի կապակցությամբ 2020 թվականի հունվարի 21-ին նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:

Aravot.am-ը  դատախազության պաշտոնական տեղեկատվությունը ստանալուն պես՝  փորձել է կապ հաստատել  Արթիկի համայնքապետ Մխիթար Վարագյանի հետ։ Նրան բազմիցս զանգահարել ենք, որպեսզի լսենք  նրա պարզաբանումները փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին։  Պարոն Վարագյանի հեռախոսահամարը երկու օր առաջ եղել  է հասանելի, սակայն մեր բազմաթիվ զանգերին նա չի արձագանքել։  Այսօր այլևս Վարագյանն անհասանելի է, մեզ տեղեկություն են տրամադրել այն մասին, որ նա արտերկրում է։

Ինչևէ, չնայած  Aravot.am-ը տառացիորեն հրապարակել էր դատախազության պաշտոնական տեղեկատվությունը, սրան հաջորդել  է Արթիկի համայնքապետարանի՝  լրագրողի հասցեին անձնական վիրավորանքներ պարունակող պաշտոնական հերքումը։

Մի կողմ ենք թողնում Արթիկի համայնքապետարանի առանձին աշխատակիցների հուզումնախառն «գրառում-դասերը»՝ հասցեագրված լրագրողին ու լրատվամիջոցին, մի կողմ ենք թողնում նաև առանձին օգտատերերի վիրավորական  գրառումները, չնայած  նրանց մեջ ցավալիորեն կան համայնքապետարանի աշխատակիցներ, որոնք չնայած զբաղեցրած պաշտոններին՝  չեն տարբերակում պաշտոնական տեղեկատվությունը, բառացիորեն  հրապարակում ենք Արթիկի համայնքապետարանի հերքումը։

«Հերքում

Արթիկի համայնքապետարանը հերքում է վերջին օրերս aravot.am կայքում, ինչպես նաև առանձին ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչեցված մեղադրանքներն այն մասին, որ իբրև 2018 թվականի օգոստոս ամսին համայնքի բյուջեից քաղաքացիներին սոցիալական աջակցության նպատակով դուրս գրված 400 000 ՀՀ դրամը յուրացվել է համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի կողմից։

Հավաստիացնում ենք, որ այս լուրերը ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և համարվում են հոգեկան որոշակի շեղումներով տառապող անձի երևակայության արգասիք, ով պարբերաբար մտացածին զրպարտանքներ է հնչեցնում համայնքապետարանի գործունեության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի ֆոնին ավելորդ չենք համարում տեղեկացնել, որ համայնքային բյուջեից սոցիալական օժանդակությանն ուղղված դրամական միջոցները տրվում են խիստ ընթացակարգով։

Սոցիալական օժանդակություն տրամադրվում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին։ Նշված անձանց վերաբերյալ տվյալները մեզ տրամադրում է Շիրակի զինկոմիսարիատի Արթիկի բաժանմունքը։

Սոցիալական ամենամյա միանվագ օժանդակություն տրամադրվում է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց` համաձայն նրանց գրավոր դիմումի։ Քաղաքացիների դիմումները քննվում են սոցիալական աջակցության հանձնաժողովում, որի կազմում ընդգրկված են ավագանու 3 անդամ, համայնքապետարանի աշխատակիցներ, իսկ հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Հարությունյանն է։ Ընդունված դիմումները՝ համապատասխան փաստաթղթային տվյալներով տեղադրվում են համայնքապետարանի պաշտոնական կայք։

Դիմումները քննարկելուց հետո սոցիալական օժանդակություն տրամադրվող անձանց անունները ներկայացվում են ավագանու նիստի հաստատմանը։ Ապա` սոցիալական օժանդակություն ստացող անձինք իրենց անձնագրերով ներկայանում են Արթիկի համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժին, համապատասխան փաստաթղթի իրենց անվան դիմաց ստորագրում, ստանում գումարը։ Նրանցից վերցվում է անձնագրի պատճենը։ Եթե անձն ունի առողջական խնդիր, գումարը նրան հանձնվում է տանը՝ համապատասխան փաստաթղթային գործառույթից հետո։ Իսկ եթե անձը երկրից բացակայելու պատճառով չի ներկայանում գումար ստանալու, համապատասխան արձանագրություն կազմելուց հետո այդ գումարը հետ է վերադարձվում համայնքապետարանի բանկային հաշվեհամարին։

Այս բոլոր փաստաթղթերը մեզ մոտ պահպանվում են, հրապարակված են պաշտոնական տեղեկատուում, դրանք տրամադրել ենք իրավապահ մարմինների քննությանը։

Ցանկանում ենք բոլոր արթիկցիներին ևս մեկ անգամ տեղեկացնել, որ նման կեղծ հայտարարությունները` ուղղված Արթիկի համայնքապետարանի և համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի դեմ, զրպարտություն են, ինչի համար այդ անձինք և ապատեղեկատվություն տարածող կայքերը պիտի պատասխան տան։

Դրանք էժանագին փորձեր են` համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի բարի համբավն արատավորելու, համայնքում բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտ ստեղծելու և այդ ֆոնին էժանագին հեղինակություն ձեռք բերելու համար»։

Կարծում ենք նման բառապաշարով, նման տոնով պաշտոնական պատասխանները քննության թեմա պիտի դառնան Շիրակի մարզպետի, ինչու չէ նաև տարածքային կառավարման ու  զարգացման նախարարության կողմից․ թերևս արժե պարզել՝ պաշտոնական տեղեկատվություն ընթերցելու անկարող անձինք ինչպե՞ս են դարձել  համայնքային ծառայողներ։

Հ.Գ.

Ի դեպ, մեր հրապարակումից րոպեներ անց Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում փոխեցին իրենց հերքման բովանդակությունը՝ լրագրողին հասցեագրված անձնական վիրավորանքը խմբագրելով ու դարձնելով  այսպես․ «Հավաստիացնում ենք, որ այս լուրերը ոչ մի առնչություն չունեն իրականության հետ, սրանք համարվում են տեղական ինքնակառավարմանը վերաբերող գործընթացներին ոչ լիարժեքորեն տիրապետող անձանց երևակայության արգասիք, ովքեր պարբերաբար մտացածին զրպարտանքներ են հնչեցնում համայնքապետարանի գործունեության վերաբերյալ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝  Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031