Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը 2020թ. հունվարի 22-ին և 23-ին եղել է Բաքվում՝ գնահատելու Ադրբեջանում փետրվարի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական մթնոլորտը:
Տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո ԵԽԽՎ պատվիրակությունը անհրաժեշտ է համարել շեշտել, որ բարելավման համար դեռ շատ տեղ կա, և որ մինչև ընտրության օրը մնացած ժամանակահատվածը պետք է օգտագործել գոնե որոշ բարելավումներ իրականացնելու համար:
Պետական հաստատությունների ներկայացուցիչները ողջունել են ԵԽԽՎ պատվիրակության կողմից ընտրությունների դիտարկումը և ընդգծել, որ իրենք քաղաքական կամք ունեն՝ ընտրությունները թափանցիկ, ազատ և արդար մթնոլորտում կազմակերպելու համար: Պատվիրակությունը հիշեցնում է, որ ընտրությունը և դրա դիտարկումը չեն վերաբերում միայն քվեարկության օրվան. դա մի գործընթաց է, որը ներառում է մի քանի փուլ, դրանցից յուրաքանչյուրը պետք է վերլուծվի և գնահատական ստանա, ինչը թույլ կտա գնահատել ընտրական ամբողջ գործընթացը:
Պատվիրակության զրուցակիցներից ոմանք լուրջ մտահոգություն են հայտնել հիմնարար իրավունքների, հատկապես խոսքի և հավաքների ազատության նկատմամբ հարգանքի բացակայության կապակցությամբ: Որոշ ընդդիմադիր կուսակցություններ պատվիրակությանը տեղեկացրել են, որ իրենք որոշել են բոյկոտել ընտրությունները՝ սահմանափակող ընտրական միջավայրի պատճառով:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է թեկնածուների գրանցմանը և ընտրություններին նրանց մասնակցությանը, պատվիրակությունը խիստ ափսոսանք է հայտնել, որ որոշ քաղաքական առաջնորդների թույլ չեն տվել ընտրություններին մասնակցել, քանի որ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի որոշումներին՝ նրանց դեմ քրեական գործերը չեն չեղարկվել: ԵԽԽՎ պատվիրակությունը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Ստրասբուրգի դատարանի որոշումների չկիրարկումը կասկածի տակ է դնում այդ երկրի քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ արդյունավետորեն մասնակցելու ընտրություններին:
Պատվիրակության զրուցակիցները փաստել են, որ չնայած Սահմանադրությամբ երաշխավորված է հավաքների հիմնարար ազատությունը, շարժումները և հավաքները խիստ սահմանափակված են իրավական շրջանակով և դրա կիրառմամբ, ինչպես նաև մատնանշել են համակարգված ոտնձգությունները և քրեական հետապնդումը կառավարության քննադատների նկատմամբ: ԵԽԽՎ-ի զրուցակիցներն ասել են, որ իշխանությունները չեն հարգում հավաքների ազատությունը՝ նկատելով, որ վերջին լիազորված քաղաքական հանրահավաքը տեղի է ունեցել Բաքվում 2019թ. հունվարին: Պատվիրակությանը տեղեկացրել են, որ իշխանությունները ֆիզիկական ուժ են գործադրել ՝ հոկտեմբերի 19-ին Բաքվում ընդդիմության չարտոնված հավաքը ցրելու համար, ձերբակալվել են բազմաթիվ ակտիվիստներ և ընդդիմության առաջնորդներ: ԵԽԽՎ-ն գտնում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր թեկնածուների հավաքների և արտահայտման ազատությունը երաշխավորելու համար:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը, ԵԽԽՎ պատվիրակությունը հիշեցնում է, որ GRECO- ի` Եվրախորհրդի հակակոռուպցիոն մարմնի կողմից քարոզչության ֆինանսավորման բարելավմանն ուղղված մի շարք առաջարկություններ ամբողջությամբ չեն կատարվել, ներառյալ հաշվետվության ժամանակաշրջանի, կուսակցությունների ֆինանսավորումն օրենքին համապատասխանեցնելու, վերահսկիչ մարմնի անկախության, արդյունավետ պատժամիջոցների բացակայության և քարոզչության ֆինանսավորման առավել պրոակտիվ մոնիտորինգի անհրաժեշտության վերաբերյալ:
Խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության իրավունքը երաշխավորված են Սահմանադրությամբ: Այնուամենայնիվ, զրպարտությունը շարունակում է մնալ հանցագործություն, որը կիրառելի է նաև առցանց տիրույթի համար, և որի համար սահմանված է մինչև երկու տարի ժամկետով պատիժ: 2017թ-ից Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն իրավունք ունի արգելափակել լրատվական կայքերն իրենց բովանդակության պատճառով ՝ առանց դատարանի նախնական որոշման: Այս պահի դրությամբ, ԵԽԽՎ պատվիրակության զրուցակիցների խոսքով, մի շարք լրատվական կայքեր արգելափակված են, և առցանց ակտիվիստներն ավելի ու ավելի են ենթարկվում կալանքի և ահաբեկման: Վերջերս Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ «Ադրբեջանում ոչ մի առաջընթաց չի գրանցվել խոսքի ազատության պաշտպանության հարցում»:
ԵԽԽՎ պատվիրակությունը Բաքվում էր Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահի հրավերով: Պատվիրակությունը հանդիպել է խորհրդարանի փոխնախագահի և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների, Միլի Մեջլիսում ներկայացված խորհրդարանական խմբակցությունների և կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, նախագահի և ԿԸՀ անդամների, քաղհասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի և անդամների, ինչպես նաև Բաքվում գտնվող դիվանագետների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ