«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր ԱԺ նիստում արձագանքեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանի մեղադրանքին, որ դպրոցների կառավարման խորհուրդները քաղաքականացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, եւ որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ, այդ թվում՝ Սոֆյա Հովսեփյանը, դպրոցների կառավարման խորհուրդների կազմում են: «Տիկին Սամսոնյանը բարձրագոչ արտահայտություններ հնչեցրեց՝ չգիտես ինչու անընդհատ դավադրությունների տեսություն փնտրելով»,-նշեց Սոֆյա Հովսեփյանը:
Ապա` տեղեկացրեց, որ ըստ կարգի՝ դպրոցների կառավարման խորհուրդների անդամներ է նշանակում այդ թվում Երեւանի քաղաքապետը. «Շնորհակալ եմ, որ որպես կրթության ոլորտի փորձագետի՝ նա ինձ վստահել է եւ նշանակել: Ես ամեն ինչ անում եմ՝ մանկավարժական խորհրդին օգնելու համար մասնագիտական առումով, մինչեւ առկա կարգի փոփոխությունը: Դրանից հետո ես մեծ սիրով կթողնեմ այդ պաշտոնը նրանց, ովքեր կհամաձայնեն լինել այդ պաշտոնում»:
Անի Սամսոնյանը պատասխանեց, որ դպրոցների կառավարման խորհուրդներում կա քաղաքական ու կուսակցական ազդեցություն, եւ սա մտածելու տեղիք է տալիս. «Այն, որ կուսակցականները ներառվել են կառավարման խորհուրդներում, բարեփոխում չեմ համարում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ