«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր ԱԺ նիստում արձագանքեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանի մեղադրանքին, որ դպրոցների կառավարման խորհուրդները քաղաքականացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, եւ որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ, այդ թվում՝ Վաղարշակ Հակոբյանը, դպրոցների կառավարման խորհուրդների կազմում են: Վաղարշակ Հակոբյանը նախ շեշտեց, որ հեղափոխությունից հետո բարեփոխումներ են եղել այդ թվում դպրոցների կառավարման խորհուրդներում՝ բովանդակային եւ փիլիսոփայական առումներով:
«Եթե դա դուր չի գալիս մեր որոշ ընդդիմադիր գործիչների, չի նշանակում, որ մենք այդ փոփոխությունները չպետք է իրականացնենք: Նախարարն իր խոսքում արդեն ասաց, որ հեղափոխությունից հետո որեւէ ՔՊ-ական մարդ չի դարձել դպրոցի տնօրեն, որ տեղի են ունենում արդար մրցույթներ: Որեւէ մեկը, քան գործող իշխանությունը, ավելի շահագրգռված չէ դպրոցներն ապաքաղաքականացնելու հարցում: Տիկին Սամսոնյան, դուք ասացիք, որ այդ խորհուրդները կարող են ծառայել իշխանիկներին: Տեղեկացնեմ, որ ՀՀԿ-ն վաղուց չկա, ՀՀ-ում իշխանիկներ էլ չկան, նրանց ծառայելու իմաստ չկա»,-նշեց Վաղարշակ Հակոբյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ