Լրահոս
Օրվա լրահոսը

10,4%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են նախկինում չհայտնածի վերաբերյալ. Ոստիկանության կոլեգիայի նիստում ամփոփվեցին օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հունվար 24,2020 18:12

Հունվարի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ։ Ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2019 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նշվեց, որ 2019 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել են հասարակական կարգն ու անվտանգությունը:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ նշեց, որ 2019 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2.172 դեպքով (2018 թ.` 24.678, 2019 թ.` 26.850), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ինչպես և առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի հայտնաբերման աճով:

Գրանցված 26.850 հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում ոչ մեծ (54,4%) և միջին ծանրության (27,8%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 82,2%-ը:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ 2019 թ. ընթացքում իրականացված ծավալուն օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ կրճատվել է աճի տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, դեկտեմբեր՝ 8,8%):

Զեկուցողը նկատեց, որ դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն (եթե 2018 թ. ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 203.539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. դրանց թիվն աճել է 42.882-ով` կազմելով` 246.421): Ի դեպ, 10,4%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն նախկինում չհայտնած դեպքերի վերաբերյալ:

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (20,1%-ից 16,0%), փոխարենը` աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (48,8%-ից՝ 52,9%):

Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով բացահայտման աշխատանքները՝ նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 32.623 հանցագործության դեպքերի 58,0%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ:

Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 34,0%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 57,8%:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման ընդհանուր ցուցանիշից առավել բարձր է սպանությունների՝ 72,7%, սպանության փորձերի՝ 70,5%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 84,6%, այդ թվում՝ ծանր՝ 72,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 85,5%, ավազակության՝ 78,8%, խարդախության՝ 60,8%, յուրացման կամ վատնման՝ 59,0% և տրանսպորտային միջոց փախցնելու՝ 80,4% դեպքերի բացահայտման արդյունավետությունը:

Հաշվետու ժամանակահատվածում 46-ով (1.475-1.521) աճել է ինչպես նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, այնպես էլ 51-ով կամ 37,2%-ով հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (137-188):

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է 1.280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 135-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Հաշվետու տարում ՀՀ տարածքում արձանագրվել է 4.799 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 341 և մարմնական վնասվածքներ ստացել 6.801 անձ:

Ոստիկանության պետի տեղակալները ներկայացրին իրենց կողմից համակարգվող ոլորտներում կատարված աշխատանքները։

Խոսվեց 2019 թվականին ոստիկանության զորքերի իրականացրած ծառայության, ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների, միջազգային համագործակցության, օրենսդրական նախաձեռնությունների, կադրային քաղաքականության և այլ ոլորտներում կատարված աշխատանքների մասին։
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը վերլուծելով իրականացված աշխատանքը՝ շնորհակալություն հայտնեց սրտացավ ծառայության համար։

Նա խոսեց նաև բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումների ակտիվացման անհրաժեշտության, ոստիկանության տնտեսական ու կադրային քաղաքականության և այլ խնդիրների մասին։

Արման Սարգսյանը վեր հանեց նաև 2019 թվականի ընթացում ոստիկանության ծառայողների թերություններն ու բացթողումները և նշեց, որ ամեն ինչ կարվի դրանք վերացնելու համար։

Ընդգծելով, որ ծառայության հանդեպ անտարբեր ոստիկանը տեղ չունի համակարգում` ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ ամփոփումից և վերլուծությունից հետո կլինեն նաև կադրային փոփոխություններ։

Կոլեգիայի նիստի ավարտին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հատուկ հանձնաժողովի կողմից տարբեր ծառայությունների գծով տարվա լավագույն ճանաչված ծառայողներին ու բաժինների պետերին հանձնեց լավագույնների դրոշներն ու պարգևները։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031