«Սայմոթեք» ինժեներական ընկերության ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանի կարծիքով «Արմաթ» ծրագիրը տապալելու առումով» ԿԳՄՍ նախարարը մասնակից է սաբոտաժին: Հրանտ Խաչատրյանն այսօր այս մասին ասաց «Զարկերակ» ակումբում հրավիրած ասուլիսում:
Նրա խոսքով. «Մենք լուրջ վտանգ էինք տեսնում, որ նախարարությունում կար սաբոտաժ, իսկ հիմա կարող ենք պնդել, որ նախարարը մասնակից է այդ սաբոտաժին»:
Նա օրինակ բերեց Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթը, որտեղ ամեն ինչ սկսվեց քաղցր բանից, եւ հայտնի է՝ ինչով վերջացավ:
Հրանտ Խաչատրյանն ասաց, որ ոլորտը համակարգող նախարարը տեխնոկրատ է, բայց բավականին գրագետ է. «Այս ծրագիրը կառավարության այլ ենթակառուցվածքների հետաքրքրության մեջ է, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների նախարարության, Ազգային ժողովն ունի պատկան ենթակառույցներ, որոնք պարտավոր են քննարկել այս ծրագիրը եւ օբյեկտիվ կարծիք հայտնել։ Վարչապետը կարող է ավելի շրջահայաց գտնվել` խնդիրը լուծել։ Այո, ուզում ենք մեր վարչապետին կանգնեցնենք երկընտրանքի առաջ, եւ նա պետք է վերջապես որոշում կայացնի, թե ինքը զբաղվում է կառավարության եւ ժողովրդի կողմից հաստատված նպատակների իրականացմամբ, թե շարունակում է պաշտպանել իր շրջապատում տարբեր պատճառներով հայտնված, բայց կառավարման փորձ եւ պիտանելիության չունեցող ընկերներին»,- ասաց պարոն Խաչատրյանը՝ նշելով, որ վարչապետին թվում է, թե իրենք թվերն են վիճարկում կամ դեմ են մրցույթ անցկացնելուն:
Կարդացեք նաև
Հրանտ Խաչատրյանը նշեց, որ համաձայն է վարչապետի ասած գաղափարական յուրաքանչյուր խոսքի հետ, բայց համաձայն չէ դրանց իրականացման հետ եւ շատ բաներ ինքն այլ կերպ կաներ։
«Բայց իշխանությունն իրենց ձեռքն է, անփորձությունը գնահատում ենք, հասկանում ենք, գիտենք, որ ժամանակ է պետք, բայց որ մեկուսանում են եւ կարծիք չեն լսում։ Հիմա արձագանքել ենք, ասել ենք, որ վարչապետի արձագանքին դրական ենք վերաբերվում։ Մենք հիմա սկզբունքորեն դնում ենք մրցույթի կազմակերպման հարցը, որը մենք հաղթելու ենք, և եթե կառավարությունն ի վիճակի չէ արդյունավետությունը որոշելու, մրցույթ կազմակերպել։ Խոստացված 600-ը հիմա դնել մրցույթի այդ վատ պայմաններով, նշանակում է կանգնեցնել ծրագիրը մեկ տարով»:
Հիշեցնենք` օրերս «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարեց, որ նամակ է ստացել ԿԳՄՍ նախարարից, որ «Արմաթի» հարցը կքննարկվի 2021 թվականի բյուջեում, ինչը նշանակում է, որ ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը դադարեցվում է: Կառավարության հունվարի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի շուրջ ստեղծված խնդրին՝ նշելով, որ «մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը»: Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է, որ պետք է խուսափենք մեկ անձից գնումներ կատարելուց եւ անենք մրցույթային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում ձեւավորվի տեխնիկական առաջադրանք, որից հետո մրցութային կարգով իրականացնեն այդ լաբորատորիաների ձեռքբերումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ