Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա մի քաղաքական համատեքստ, որտեղ մենք քաղաքականապես ընկճված ենք, և չէինք ցանկանա, որ բացահայտվեր». Մարիա Կարապետյան

Հունվար 24,2020 17:10

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցի կարծիքով՝ «Human Rights Watch» -ն անգամ խիզախության աստիճանի հասնող գնահատականներ է տվել:

«Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ մարտահրավերներ է արձանագրել «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների ոլորտում» թեմայով քննարկմանը իրավապաշտպանը հայտարարեց. «Սա շատ կարևոր էր, քանի որ այն, ինչ ասում էին մենք ներսում, մի իրավիճակ է, ինչ ասում է նման հեղինակավոր կառույցը՝ այլ: Այս զեկույցը գնահատելի էր մեր պահանջներն ավելի հիմնավոր դարձնելու առումով»:

Ըստ Նինա Կարապետյանցի՝ սա բացառիկ իրավիճակ է: Նա մանրամասնեց. «Human Rights Watch-ի արձանագրած խնդիրները արդեն իսկ ընդունվել են մեր իշխանությունների կողմից, ավելին՝ այս խնդիրները կարգավորելու համար քայլեր են ձեռնարկվել, այլ հարց է՝ որքանով արդյունավետ են դրանք՝ կարող ենք կարծել, որ դրանք չափից դուրս թավշոտ են, բայց դա չէ կարևորը: Այն, որ իշխանություններն ընդունում են՝ ունենք նման խնդիրներ, սա բացառիկ իրավիճակ է»:

Միևնույն ժամանակ Նինա Կարապետյանցն ասաց՝ շատ կուզեր, որ մեր նոր իշխանությունները չթաքնվեն օրենքի թիկունքում, այլ հասկանան, որ շատ խնդիրներ նաև պիտի լուծվեն՝ իրավունքը որպես հենք ընդունելով:

Դիտարկմանը՝ կա կարծիք, որ «Human Rights Watch»-ի զեկույցում քաղաքական նպատակահարմարությամբ են նայում իշխանությանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն արձագանքեց. «Զեկույցում կարմիր թելով տարբեր խնդիրերի հետ կապված անցնում է այն միտքը, որ թե՛ նախկինում կատարված գործողությունների ժամանակ, թե՛ հեղափոխությունից հետո պահվածքի տեսակետից իրավապահ մարմինների գործունեությունը մտահոգիչ է. դա վերաբերում է Սասնա ծռերի, Էլեկտրիկ Երևանի, Ամուլսարի բնապահպան-ակտիվիստների հետ կապված՝ ոստիկանական գործողություններին»:

Արթուր Սաքունցն ասաց, որ ներկայիս իշխանությունները տուրք չպետք է տան պոպուլիզմի խոսքին, ինչը փորձում են առանձին խմբեր անել, որոնք որևէ առնչություն չունեն իրավական այդ պարտավորությունների հետ և հետևողականորեն համարձակ քայլեր ձեռնարկեն:

Միևնույն ժամանակ Արթուր Սաքունցն ասաց, որ այսօրվա իշխանությունը որևէ մեկին լռեցնելու խնդիր չունի, չունի կենսական անհրաժեշտություն, որ ասենք մտահոգված լինի, թե իշխանությունը կարող է կորցնել. «Այլ հարց է, որ հեղափոխությամբ իշխանությունից հեռացվածները հիմա այդ նույն տեխնոլոգիան, բառապաշարը փորձում են իրենց վրա վերցնել և փորձում են իրենց ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհեր»:

Արթուր Սաքունցն առաջարկեց ԱԺ-ում լսումներ կազմակերպել քննչական մարմինների վարքագծի անհամաչափության վերաբերյալ:

Այն կարծիքներին, թե այս զեկույցն ազդակ է, որ ներկայիս իշխանությունը հապաղում է բարեփոխումների իրականացման հարցում, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն արձագանքեց. «Դեռևս դեկտեմբերին հրապարակված, ՀՀ կառավարության նիստում հաստատված մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգը կատարում է նույնաբովանդակ արձանագրումներ: Սա ձեռքբերում է, որ մենք իրականությունը նույն կերպ ենք տեսնում: Իրավապահ համակարգը, դատաիրավական համակարգն այս խնդիրներին արձագանքելու վերջնական ինստանցիան է: Մեր քաղաքական ուժի համար քաղաքականապես նպատակահարմար է բոլոր գործերը բացահայտելը: Չկա մի քաղաքական համատեքստ, որտեղ մենք քաղաքականապես ընկճված ենք, և չէինք ցանկանա, որ բացահայտվեր: Պարզապես խնդիրներն այնքան շատ են, որ յուրաքանչյուր դերակատար կենտրոնանում է իր ոլորտի վրա»:

Մարիա Կարապետյանը վստահեցրեց՝ շարունակելու են խոսել հանրության հետ մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին և քայլեր ձեռնարկել, մեր հանրությանը տրամադրել այն գործիքները, որոնք երաշխիք կլինեն, որ նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031