Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքը սահուն կերպով Նախիջեւանի է վերածվում

Հունվար 24,2020 16:55

Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում։ Այստեղ բախվում են Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի շահերը։ Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություններ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչը արտահայտվում է տարբեր ձեւերով։ Սակայն այստեղ գլխավոր խաղացողները վերոնշյալ չորս պետություններն են, որոնց նպատակները տարբեր են։ Թուրքիան ու Ադրբեջանը այլ շահեր ու ծրագրեր ունեն Ջավախքի նկատմամբ, Հայաստանն ու Վրաստանը` ուրիշ։ Չնայած, որ Հայաստանի ու Վրաստանի շահերը գլոբալ առումով համընկնում են, սակայն ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի նրանք չեն գործում միասնական թիմով եւ դրանով հաճախ ջուր լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին։

Թուրքիան ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ 1830-ական թվականներին ստիպված էր զիջել Ախալցխայի փաշալիքը Ռուսական կայսրությանը։ Այն մինչեւ հիմա հավակնություններ ունի Աջարիայի ու Ջավախքի նկատմամբ, բայց ի տարբերություն 1918 թվականի, երբ Թուրքիան բացահայտ ձեւով հարձակվել էր Սամցխե-Ջավախքի վրա, հիմա Թուրքիան փորձում է այս շրջաններին տիրանալ ֆինանսական ներդրումների ու մարդկային ներհոսքի միջոցով։ Սակայն չի բացառվում, որ օրերից մի օր անհավասարակշիռ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխարհաքաղաքական դեպքերի բերումով որոշի զորք մտցնել Աջարիա ու Ջավախք։ Դեպքերի նման զարգացումը այս պարագայում ֆանտաստիկայի ժանրից է թվում եւ այն այս պայմաններում քիչ հավանական է, սակայն ոչ մեկ չգիտի ինչ իրավիճակ է լինելու վաղը մեր տարածաշրջանում։ Ու եթե մենք հաշվի առնենք Թուրքիայի ռազմական ագրեսիան Իրաքում ու Սիրիայում, ինչպես նաեւ հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը ու ագրեսիվ պահվածքը Հայաստանի նկատմամբ, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում բացահայտելով Թուրքիայի իրական պատկերը։ Նույնիսկ ինքը Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք չի թաքցրել, որ հավակնություններ ունի Բաթումիի նկատմամբ։

Եվ ահա այս պայմաններում արդեն ուղիղ 30 տարի է ինչ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը արագ տեմպերով հայաթափվում է խնդիրներ ստեղծելով Վրաստանի ու Հայաստանի անվտանգության համար։ Հետաքրքրականը այն է, որ ոչ Հայաստանը եւ առավել եւս ոչ Վրաստանը չեն գիտակցում այս վտանգի հետեւանքները։ Վրաստանը նույնիսկ կարծում է, որ ինքնուրույն կարողանալու է լուծել այս դեմոգրաֆիկ խնդիրը, որը ստեղծվել է հայերի հեռացման հետեւանքով։ Սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հայաթափված Ախալցխա քաղաքում հայերի տեղը զբաղեցրել են նույն շրջանի գյուղերից քաղաք իջած վրացիները, ինչի հետեւանքով իրենց վրացական գյուղերն են դատարկվել։ Դրանից բացի նրանց մի մասը հեռացել է Թբիլիսի, ցանկանալով ապրել մայրաքաղաքում։ Վերջին տասնամյակներին, եթե ինչ-որ ներգաղթ էլ եղել է դա կատարվել է այսպես կոչված թուրք-մեսխեթցիների հաշվին։ Այսպիսով պետք է փաստենք, որ շրջանը կամաց-կամաց հայաթափվում է` վտանգելով իր քրիստոնեական դիմագիծը։ Նույն իրավիճակն է նաեւ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում։ Ուղակի այնտեղ գյուղերի շատ լինելու պատճառով խնդիրը այդքան աչքի չի ընկնում ինչպես Ախալցխայում։

Ադրբեջանը իր հերթին ամեն ջանք գործադրում է, որ Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանում, որը սահմանակցում է Սամցխե-Ջավախքին, գնալով ավելանա ադրբեջանական բնակչությունը ու դրա հետ մեկտեղ իր ազդեցությունը։ Նրանց ծրագիրը շատ պարզ է։ Այստեղով իրականացվում են նրանց տնտեսական եւ տրանսպորտային խոշորագույն նախագծերը, որոնք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը եւ Բաքու-Թբիլիսի-Կարսը։ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ տրանսպորտային ու էներգետիկ կապը արդեն փաստացի կա եւ մնում է այն ամրագրել թուրքական ազգաբնակչության ներկայությամբ։ Իսկ հայաթափված եւ թուրք-մեսխեթցիներով բնակեցված Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի վերջին հանգրվանը Թուրքիան ու Ադրբեջանն է լինելու։ Նման չարաբաստիկ սցենարի իրականացման դեպքում Վրաստանը կարող է կորցնել այս գեղեցիկ շրջանը, իսկ Հայաստանը հայտնվել Թուրքիայի ու Ադրբեջանի լիակատար շրջափակման մեջ։ Այս իրավիճակում Նախիջեւանի հայաթափման ցավալի ու վտանգավոր հետեւանքները շատ ավելի մեղմ են թվալու, քան Ջավախքի հնարավոր հայաթափման հետեւանքները։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանի իշխանությունները պետք է լավ վերլուծեն այս տարածաշրջանում կատարվող իրադարձությունները եւ փորձեն անկեղծ զրույց սկսել Վրաստանի իշխանությունների հետ կանխելու համար թուրք-ադրբեջանական նենգ ծրագիրը Սամցխե-Ջավախքի ու Աջարիայի վերաբերյալ։ Դա հարկավոր է անել ինչպես Հայաստանի այնպես էլ Վրաստանի անկախության ու ինքնիշխանության ապահովման համար։

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031