Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Ազգային ժողովում է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե «Բջնիի» հետ կապված գործընթացն ինչ փուլում է:
Հիշեցնենք, որ Սուքիասյանների ընտանիքը եւ «Բջնի» հանքային ջրերի գործարանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ավելի քան 214 միլիոն եվրո գնահատելով գործարանին պետության կողմից հասցված նյութական եւ բարոյական վնասը:
Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ գործընթացը գնում է»:
Լրագրողները փոխանցեցին՝ Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ 1 մլն դոլարով է վաճառելու, այսինքն այնպես, որ չկարողանա գնել՝ նա ասաց. «Ես չեմ մեկնաբանում ինչ-որ անհասկանալի մարդկանց ու անհասկանալի արտահայտությունները: Չե՛մ մեկնաբանում, ի՞նչը մեկնաբանեմ: Ես կարծում եմ, այդ գործարանը ոչ մեկի սեփականությունը չէ, այդ գործարանի սեփականությունը, թե ումն էր, պետք է պետական մարմինները որոշեն: Դրա համար ես չեմ կարող պատասխանել մի մարդու, որն ասում է՝ ե՛ս պետք է վաճառեմ, եթե ես դեռ չգիտեմ՝ նրա՞ սեփականությունն է, թե՞ ձեր»:
Կարդացեք նաև
Լրագրողները փոխանցեցին՝ Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ աճուրդ է եղել ու ինքը օրինական գնել է աճուրդով՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես ինչքան գիտեմ, Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ են գնացել աճուրդի, էդ մի հատ ճշտեք: Սերժ Սարգսյանի հետ են գնացել, Սերժ Սարգսյանը, սիգարետը բերանը դրած, գնացել է»:
Ռուբեն Հայրապետյանն ասել էր՝ հարկերը չեք վճարել, ինքն է վճարել, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Ես հիմա ձեզ մի քանի բանում կմեղադրեմ, դուք հետո սկսեք պաշտպանվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ