«Տիկին Սամսոնյան, ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, որովհետեւ եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում ՔՊ-ական 0 դպրոցի տնօրեն է ընտրվել, այնինչ հարյուրավոր մրցույթներ են եղել»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, որ բուհերի կառավարման խորհուրդները քաղաքականացված են իշխանության կողմից, իսկ ՔՊ-ական ակտիվիստներն ու որոշ պատգամավորներ արդեն ընդգրկված են նաեւ դպրոցների կառավարման խորհուրդներում:
«Եթե մի խոսքը լսեիք, ասում էի, որ ծնողական ու մանկավարժական խորհուրդների դերի մեծացում է տեղի ունենալու: Նրանք, ովքեր նշանակվելու են, զրո ազդեցություն են ունենալու այդ խորհուրդներում: Երբ ամբողջականի մեջ եք նայում, պետք է ալիքը փոխեք, բայց ցավում եմ, որ ձեր մոտ ալիքը փոխել չի լինում, դուք հին ալիքի վրա եք մնացել, կարծես հիմա Տարոն Մարգարյանի հետ եք խոսում որպես քաղաքապետի: Մի արեք նման բաներ: Մեզ պետք է, որ դուք կառուցողական առաջարկներ անեք մեզ: Եթե քաղաքականացվածությունից եք խոսում, Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեիք ձեր ներկայացուցչին՝ Քրիստ Մարուքյանին, ով իմ կողմից շատ հարգված մարդ է: Ցավում եմ, որ ինքն ուզում է դիմում գրի ու դուրս գա, որովհետեւ կարեւոր դեր ունի այնտեղ, հանգստացեք»,-դիմելով Անի Սամսոնյանին՝ ասաց Արայիկ Հարությունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ցաւալին այն է որ կարծում էք թէ ամէն մարդ յիմար է… Տիկինը նշեց թէ ՔՊ-ականները դպրոցների կառավարման խորհուրդներում տեղաւորուած են… հետեւաբար, ՔՊ-ական տնօրէն չնշանակելը մի այլ աժան խորամանկութիւն է, կեղծիք, աչքի փոշի… չնայած, տնօրէնին «ՔՊ-ական» լինելն ալ անպայման բացայայտ տուեալ չէ…