«Պարոն նախարար, այնքան էի հավատացել ձեր նախորդ հայտարարություններին, որ բուհերի կառավարման խորհուրդները չպետք է լինեն քաղաքականացված…մտքովս չէր անցնում, որ…իսկապես զարմացած եմ, տիկին Սամսոնյան»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, որ բուհերի կառավարման խորհուրդները քաղաքականացված են իշխանության կողմից, իսկ ՔՊ-ական ակտիվիստներն ու որոշ պատգամավորներ արդեն ընդգրկված են նաեւ դպրոցների կառավարման խորհուրդներում:
Նաիրա Զոհրաբյանը դիմեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Մտքովս էլ չէր անցնի: Ինձ թվում էր, որ ձեզանից որեւէ մեկը, որ ձեր քաղաքական թիմի անդամ է, որեւէ ակտիվիստ բուհերի կառավարման խորհուրդներում այլեւս ներկայացված չեն: Չասեք, թե չեք քաղաքականացնելու խորհուրդները, որովհետեւ ձեր ներկայությունը բուհական խորհուրդներում արդեն քաղաքականացրել է դրանք: Երբ տարիներ առաջ կարճ ժամանակով եղա Գեղարվեստի պետական ակադեմիայի խորհրդի կազմում, հասկացա, որ ոչ մի բանով չենք կարող խորհուրդներին օգնել: Դիմում գրեցի եւ դուրս եկա խորհրդի կազմից եւ մյուս պատգամավորներին էլ նույն կոչն արեցի: Հիմա էլ կոչով դիմում եմ՝ մի արեք նախորդների սխալները, դուրս եկեք այդ խորհուրդներից»:
«Իմ քայլը» խմբակցության անունից արձագանքեց պատգամավոր, Կրթության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը եւ Նաիրա Զոհրաբյանին կոչ արեց դիտարկել, թե ովքեր են բուհերի խորհուրդների նախագահները. «Կտեսնեք, որ գործարար եւ այլ ոլորտների մարդիկ են: Քաղաքականացված եւ կուսակցականացված հասկացությունները մի խառնեք, դրանք տարբեր բաներ են: Մենք առավելագույնս աշխատել ենք զերծ պահել դրանից: Ոչ միայն բուհերը, այլեւ դպրոցներն ու քոլեջները դրանից զերծ են: Մի անգամ քոլեջներից մեկում հրահանգեցի հանել Նիկոլ Փաշինյանի նկարը: Շոկի մեջ էին, չէին գիտակցում, որ իրավիճակ է փոխվել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ