Այս պահին Ազգային ժողովում է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Թե որն է այցի նպատակը՝ նա պատասխանեց՝ Ազգային ժողովի բուֆետի կարկանդակներին եմ կարոտել:
Սուքիասյանը մտավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակ: Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Սուքիասյանը եկել է փորձի փոխանակման համար: Սուքիասյանը պնդեց, որ չէ, փորձ չունի փոխանակելու, իսկապես կարկանդակների համար է եկել:
Aravot.am-ը հարցրեց՝ Սերժ Սարգսյանին ուղղված ձեր քննադատությունից հետո ձեզ հիշեցնում էին, թե ինչպես էիք «Ռոսիա մոլի» բացմանը նրան հրավիրել, ժպտում եւ այլն, ինչպե՞ս կարձագանքեք: Սուքիասյանը պատասխանեց. «Նախեւառաջ Խաչատուր Սուքիասյանը, ցանկացած ՀՀ քաղաքացի ոչ թե անձին է ընդունում, այլեւ ինստիտուտն է հարգում եւ ընդունում: Խոսքը գնում է այդ պահին Հայաստանի նախագահական ինստիտուտի մասին: Այդ պահին, այդ ժամանակ ով կլինի այդ ինստիտուտում ներգրավված կամ ընտրված մարդը, իհարկե, դու էդ ինստիտուտն ես հարգում: Արդեն կնայենք այդ անձի վարքագիծը՝ այդ անձը, որպես այդ ինստիտուտի իրավունքի ներկայացուցիչ, ի՞նչ ձեւ է այդ իրավունքը իրացրել, թե՞ ուրիշ իրավունքներ է իրեն վերցրել: Ես կարծում եմ, այդ անձը, ում մասին ես ասում եմ, այլ իրավունքներ էլ է վերցրել, դա արդեն իմ ասելու խնդիրն է, բայց մնացածը պետք է այլ ինստիտուտներ զբաղվեն դրանով»:
Հարցրեցինք՝ այսինքն, որպես գործարար չէի՞ք ուզում իշխանություններին տանիք պահեիք, դրա համար համագործակցում էիք՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Լսեք, եթե տանիք պահեինք, այդ ժամանակվանից իրանց հետ կունենայինք նորմալ փոխհարաբերություն: Ես 90-ականների վերջից մինչեւ հիմա այդ մարդկանց հետ ոչ մի այլ հարաբերություն չեմ ունեցել: Իհարկե, ինձ չեն վերցրել, մսաղացի տակ չեն մտցրել, բայց ամեն անգամ խնդիրներ են ստեղծել: Լավ, ինքներս բոլորս լավ չե՞նք հասկացել ինչով են զբաղվել: Իրենց զբաղմունքը, բացի նրանից, ինչ Սահմանադրությամբ տրված է, դրանից բացի չե՞նք հասկացել էլ ինչ են արել»:
Կարդացեք նաև
Իսկ թե ի՞նչ են արել՝ Սուքիասյանն ասաց՝ ամեն ինչ: Հարցին՝ ինչո՞ւ չէիք ասում՝ նա պատասխանեց. «Ձեր եղբայրը, կինը, կամ ամուսինը մի բան կասի՝ մի հատ մեծ ծանր բանով կտան գլխին, նորմա՞լ է դա: Հետո դուք էլ, որպես լրագրող, կասեք՝ գիտեք ինչ, նա անցավ, վերեւից մի բան ընկավ գլխին, ոչ թե վերեւից տվեցին գլխին, որովհետեւ մնացածը նրանց սպասարկողներն են: Մարդը 45 հոգու բիզնես է խլում, 45 լրատվական կառույց պաշտպանում է, էդ թվերին, ի՞նչ է դրա անունը, կարա՞ք ինձ ասեք»:
Ճշտեցին՝ խոսքը Սերժ Սարգսյանի՞ մասին է, նա՞ է 45 հոգու բիզնես խլել՝ Սուքիասյանը պատասխանեց՝ ոչ, Սերժ Սարգսյանը չէ, վերցնենք մի ուրիշ պաշտոնյա:
Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանին դուք էիք հրավիրել «Ռոսիա մոլի» բացմանը, ինքն է այդ ինստիտուտի ղեկավարը՝ Սուքիասյանը պատասխանեց. «Իհարկե, ինքը պետք է գար, որ գովազդեր «Ռոսիա մոլը» որովհետեւ ես շատ տուժած էի, պետք է գար, որ գովազդեր: Որովհետեւ, երբ որ ինքն է գալիս, գալիս եք, լուսաբանում եք»:
Դիտարկմանը, որ օգտագործել եք ձեր բիզնեսում՝ Խաչատուր Սուքիասյանը արձագանքեց. «Չեմ օգտագործել, ես ասել եմ՝ մետրոն օգտագործեք, պարոն Սարգսյան, մետրոյով եկեք ու նա ընդունել է, մետրոյով է եկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ