Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ին ընտրող հայրենակիցներ, դուք սխալվել եք… Իրենք մեզ մեղադրում են ոչ տղամարդկության մեջ, ես էլ ասում եմ՝ ներողություն, բայց դուք պիտակ ունեք լուծելու». Արթուր Մանուկյան

Հունվար 24,2020 15:48

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ ԲՀԿ-ն «բամփված կուսակցություն է՝ իր բամփված առաջնորդով…տղամարդկությունից են խոսում, բայց իրենք էդ բառի տակից դեռ դուրս չեն եկել, իրենք հավերժ մնալու են էդ բառի տակ, իրենք բամփված են»:

Այսօր լրագրողների հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ականները չե՞ն փորձել ձեր հետ հաշիվ մաքրել՝ նման արտահայտությունների համար: Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Չէ, ես ընդամենը կրկնել եմ հայտնի քաղաքական գործչին, ես ինքս չեմ հորինել, դա իմ վերաբերմունքը չի: Ես ընդամենը կրկնեմ հայտնի քաղաքական գործչի մի քանի անգամ ասած, մի քանի անգամ պնդած արտահայտությունը: Իրենք մեզ մեղադրում են ոչ տղամարդկության մեջ, ես էլ ասում եմ՝ ներողություն, բայց դուք հարց ունեք, պիտակ ունեք լուծելու, լուծեք ձեր պիտակը, հետո տղամարդկությունից կփորձենք ընդհանուր հայտարարի գալ՝ որն է տղամարդկությունը, որն է ոչ տղամարդկությունը»:

Մանուկյանի խոսքով՝ «Երբ որ քեզ 3 տառանոց Что? Где? Когда? Են առաջարկում, դու էլ ընկնում ես տառերի հետեւից, փորձում ես գտնել 3 տառանոցը, գտնում ես 6-7 տառանոց: Հասկանո՞ւմ եք, եկեք ոչ մենք մեզ չհասկացողի տեղ դնենք, ոչ էլ իրենց: Հիմա անթույլատրելի տեղում անթույլատրելի արտահայտություն է արել, մենք էլ փորձել ենք բացատրել մարդկանց, որ չի կարելի այդպիսի վարքագիծ ցուցաբերել, էդ ոչ դրա տեղն է, ոչ էլ… Որեւէ մեկն իրավունք չունի հայհոյել, մենք ամրագրել ենք օրենքով: Պետք չի նախ հայհոյել, առավել եւս՝ այստեղ»:

Մանուկյանն ասել էր, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, որ ԲՀԿ-ն հայտնվել է ԱԺ-ում: Հարցին՝ դուք իսկապե՞ս գտնում եք, որ այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ձայն են տվել Ծառուկյանին եւ իր թիմին, սխալվել են՝ Մանուկյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ էդ 100 հազարավոր մարդիկ կարող են եւ սխալված լինել, ինչպես ես հիմա, սխալը մարդու համար է: Ես գտնում եմ, որ 100 հազար մարդ սխալվել է, որ ձայն է տվել ԲՀԿ-ին»:

Հարցին՝ որտե՞ղ է իրենց տեղը, եթե ոչ ԱԺ-ն՝ Արթուր Մանուկյանը ցույց տվեց Ծառուկյանի ու յուրայինների տեղը. «Մարդիկ բիզնեսմեններ են, չէ՞, թող զբաղվեն իրենց բիզնեսով: Էդ վտանգը առաջանում է, երբ որ մարդը բիզնեսով է զբաղվում ու գալիս է ԱԺ: Ենթադրենք, մարդը ունի ՀԷԿ ու քննարկվում է օրենք ՀԷԿ-երի մասին, էդ վտանգ է, չէ՞: Պարզ է, որ մարդն իր շահերն է պահելու, օբյեկտիվության ցուցիչ չկա, որ ստուգենք: Էդ պատճառով մարդիկ օրենք են մտցրել, որ չի կարելի, եթե բիզնես ունես, գնա բիզնեսով զբաղվի, դու քո բիզնեսի շահերը պիտի հետապնդես, ուզես թե չուզես»:

Դիտարկմանը, որ նրանց ընտրողներն են ընտրում, նրանց կամքին ո՞նց բռնանալ՝ Մանուկյանը պատասխանեց. «Չեմ բռնանում, ասում եմ սխալվել եք: Ես իմ կյանքում լիքը սխալներ եմ արել, նրանք մի քանի անգամ սխալվել են: Սխալվել եք, ԲՀԿ-ին ընտրող հայրենակիցներ, սիրելիներս, դուք սխալվել եք»:

Հարցին՝ հնարավո՞ր է նաեւ «Իմ քայլի» ընտրողները սխալված լինեն՝ Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Հնարավոր է, կյանքը ցույց կտա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031