Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ

Հունվար 24,2020 15:02

Այսօր լրագրողների հարցերին ի պատասխան` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց. «Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու։ Իրոք ցավ եմ ապրում դրա համար, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, եւ այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասաց, ինչու ասաց, ոնց վարվեց եւ այլն, եւ այլն, չի լինելու»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Հատուկ քննչական ծառայության քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում էին՝ խուզարկություն անելու նպատակով:

Թովմասյանի խոսքով, ինքը երկու-երեք անգամ հրավիրվել է հարցաքննության. «Այսօր էլ խուզարկություն է իրականացվել տանը, այս ընթացքում իմ խնդրանքը, միջնորդությունը եղել է մեկը, որ ամբողջ ընթացքը տեսաձայնագրվի: Եվ իմ միջնորդությունը ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունն ու բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի՝ ձեռնպահ մնալը, եւ մեր միջնորդությունները մերժելը, որ գործողությունները չտեսաձայնագրվեն»:

«Բայց ցավոք սրտի, այն ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում իմ շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ։ Եվ այդ ամենն արվում է շատ կոպիտ, այդ ամբողջն արվում է արդեն ակնհայտ, եւ դրա մասին ոչ միայն մեր, այլ միջազգային հանրությունը ամբողջությամբ տեղյակ է։ Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև այս պարագայում Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական, երրորդական է։ Շատ ավելի կարեւոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը այդ քան արագ, թույլ տվեք այդ բառն օգտագործել, մսխել»,-ասաց նա։

Թովմասյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ նշելով, որ իր համար շատ կարեւոր է այս գործի նկատմամբ հանրային վերահսկողությունը։ Նա չանդրադարձավ քննչական մարմնի գործողությունների իրավական կողմին՝ նշելով, որ այդ հարցը կթողնի իր փաստաբանական խմբին։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031