2022 թվականից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Երեկ կառավարությունը հաստատել է այս մասին նախագիծը:
Արգելքը սահմանվում է մինչեւ 50 միկրոն հաստության տոպրակների վրա: Բայց նախագծում մի քանի բացառություններ կան: Այսօր այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Արգելքի տակ հայտնված մինչեւ 50 միկրոն հաստության տոպրակներն այն տոպրակներն են, որոնք տրամադրվում են սպառողին՝ առեւտուր անելիս: Սուպերմարկետներում հաճախորդի գնումների համար նախատեսված պոլիէթիլենային այդ տոպրակները մոտ 35 միկրոն հաստություն ունեն, ուստի եւս արգելվելու է դրանց կիրառումը:
Նախագծով սահմանված բացառությունները վերաբերում են կշռափաթեթավորման պարկերին, եւ երկրորդային հումքից պատրաստված աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակներին: Ղափլանյանն ասաց՝ նշված տոպրակների այլընտրանքը դեռ չկա ոչ միայն Հայաստանի շուկայում, այլեւ ԵՄ երկրներում:
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակից, նույն նախարարության բնապահպանական ռազմավարության եւ մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանն էլ նշեց՝ արգելված տոպրակներին այլընտրանք կլինեն թղթե եւ կտորից տոպրակները, չեն արգելվի բարակ, թափանցիկ այն տոպրակները, որոնք չունեն բռնակ:
Սպառողի համար սա հավելյալ ծախս է. Ավետիսյանն այլ կարծիքի է. «Եթե հաշվի առնենք, թե բազմակի օգտագործման այլընտրանքային տոպրակները որքան է հնարավոր օգտագործել, ապա ֆինանսական բեռ չի լինի սպառողի համար, ուղղակի մշակույթի ձեւավորման խնդիր է»: Ավետիսյանը վստահեցրեց՝ արգելքի տակ ընկած այս տոպրակների սպառումը քիչ չէ Հայաստանում՝ տարեկան 4000 տոննա, բայց սա ընդհանուր պլաստիկի արտադրության 30% տոկոսն է: Արտադրողները հումքը դրսից են ներկրում:
Իրինա Ղափլանյանն ասաց, որ նախքան նախագծի ընդունումը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են եղել, ընդունվել են առաջարկություններ: Ուշագրավ է, որ սուպերմարկետների ներկայացուցիչները դեմ չեն եղել, քանի որ, ինչպես փոխնախարարն ասաց, այդ տոպրակներն իրենց ֆիրմայի տարբերանշանով եւ այլ գրառումներով պատվիրելով ինքնարժեքը 10 դրամից ավելին է:
Մինչ նախագծի վերջնական տարբերակը, ըստ փոխնախարարի, տնտեսվարողների հետ նույնիսկ թեժ քննարկումներ են եղել, նախարարության մասնագետներն այցելել են արտադրամասեր, ծանոթացել պաշարներին՝ հասկանալու՝ որքան ժամանակ է հարկավոր դրանք սպառելու համար. «Նախագիծը երկար ժամանակ քննարկվել է, եղել է թափանցիկ ու բաց, մի քանի անգամ փոփոխվել է»,-ասաց փոխնախարարը:
Նա ասաց, որ առաջարկ է եղել տոպրակներ պատրաստել կենսաքայքայվող հումքից, բայց կար խնդիր, որովհետեւ պոլիմերային հումքից տոպրակը, ճիշտ է, քայքայվում է, բայց դառնում է միկրոպլաստիկ ու կրկին վտանգավոր է բնապահպանական տեսանկյունից. «Կենսաքայքայվողներ են նաեւ ոչ պոլիմերային հումքից պատրաստվածները, օրինակ՝ օսլայից, շաքարից եւ այլն, բայց սրանց հումքն ավելի թանկ է եւ որոշակի վերապրոֆիլավորում կպահանջի եւ որոշակի տնտեսական վերլուծություն»:
Արգելքի հերթը հետագայում կհասնի նաեւ պլաստիկե շշերին, թե ե՞րբ, դեռ պարզ չէ:
Փոխնախարարն ասաց. «Այս պահին մենք նախաձեռնել ենք այսպես կոչված դեպոզիտային համակարգի ներդրում՝ վճարի հետ վերադարձի ներդրում, որտեղ պլաստիկե եւ ապակուց, ալյումինե տարաները ենթակա են վերամշակման: ԵՄ երկրներում բավականին երկար ժամանակ արդեն գործում է նման մի համակարգ, որտեղ, հատկապես մանրածախ առեւտրի կենտրոններում տեղադրված են սարքեր, որոնք ընդունում են դատարկ տարաներն ու դրա դիմաց սպառողը ստանում է կտրոն՝ տվյալ կենտրոնում սպառելու համար: Բայց դեռ տնտեսական վերլուծություն պետք է արվի, հասկանալու, ինչ անել, որպեսզի տնտեսապես արդյունավետ աշխատելու հնարավորություն ստեղծեն մասնավորի հետ են լուծում գտնելու, քանի որ մասնավոր հատվածն է նշված գործընթացն իրականացնելու:
Զարգացած աշխարհը գնում է պլաստիկե ապրանքների արգելքով, որովհետեւ այն բնության մեջ չի քայքայվում, այսօր պլաստիկի ահռելի մեծ քանակությամբ թափոն է կուտակված բնության մեջ, ինչը շատ վտանգավոր է:
Ղափլանյանն ասաց, որ օրինակ՝ ԵՄ երկրներում մորֆոլոգիական հետազոտություններ են արել, ստուգելու ջրային ավազանները՝ ծովերը, օվկիանոսներն եւ այլն, ապա կազմել են ապրանքների ցանկ, որոնց օգտագործումն արգելվելու է, օրինակ՝ պլաստիկե մեկանգամյա սպասքը, ձողիկներն ու նմանատիպ բաները:
Փոխնախարարն ասաց, որ մեկ այլ ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ ծովամթերքում առկա է միկրոպլաստիկ: Քանի որ պոլիէթիլենային հումքից պատրաստված ապրանքների թափոնները չեն քայքայվում՝ դրանք մտնում են սննդի շղթա:
Փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ Գերմանիայում հետազոտությամբ պարզվել է, որ անգամ գարեջրի մեջ է առկա այս վտանգավոր նյութը. «Գերմանիան գարեջրի նմուշներ է վերցրել, ուսումնասիրություն կատարել, ու պարզվել է՝ նույնիսկ գարեջրում առկա է միկրոպլաստիկը, իսկ գարեջրի արտադրությունում բարձր ֆիլտրացիոն համակարգեր են, եւ եթե միկրոպլաստիկն անցնում է նման արտադրության մեջ ու մտնում սննդային շղթա, սա շատ վտանգավոր է»:
Ըստ Ղափլանյանի, ԱՄՆ նահանգներից մեկում կատարված հետազոտությամբ անձրեւաջրերում էլ են միկրոպլաստիկ հայտնաբերել:
Պոլիէթիլենային տոպրակների եւ պլաստիկի վտանգների մասին նախարարությունը արշավ է սկսել ու շարունակելու է:
Փոխնախարարը վստահեցրեց՝ պետք է սոցիալական գովազդների միջոցով հասնեն մշակույթի փոփոխման:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ