Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատմական որակեց օրը՝ նկատի ունենալով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընթացող ԵՊԲՀ համակարգմամբ՝ Հայաստանում շահած առաջին Հորիզոն 2020 թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկային գիտաժողովը: Նաեւ հավելեց, որ COBRAIN նախագծի հաղթանակը գրեթե համընկել է համալսարանի հիմնադրման 100-ամյակին:
«Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա:
Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:
Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։
Կարդացեք նաև
Թյուբինգենի Թբերհարդ Կարլ համալսարանից Լուսինե Դանիելյանը հույս հայտնեց, որ այդպիսով հարթակ է ստեղծվում՝ «Հորիզոն Եվրոպային» դիմելու համար:
Հոա Հու Նյուգենը՝ Բոխումի Ռուր համալսարանից նշեց, որ հաճելի է երկրորդ անգամ լինել Հայաստանում: Ներկայացնելով իր համալսարանի առավելությունները՝ ասաց, որ այն 6300 միջազգային ուսանող ունի եւ համարվում է Գերմանիայի տասը խոշոր համալսարաններից մեկը:
«Շատերս ներգաղթյալներ ենք, որոնք գալիս են մեկ այլ երկիր վերապատրաստվելու եւ գերազանցություն կառուցելու; Հուսով եմ, որ հայ ուսանողները հետագայում կվերադառնան Հայաստան եւ կշենացնեն իրենց հայրենիքը»,-հավելեց նա:
Դենիզ Կիրիկը՝ Շվեդիայի Լունդի համալսարանից նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, եւ իրեն հաճելի է ելույթ ունենալ նման լսարանի առաջ; Ներկայացնելով իր համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ նշեց, որ այն ամենախոշորներից է: Ընդգծեց, որ իրենց մոտ գիտական հետազոտությունների մասնակցում է 14000-ից ավելի մարդ: «Շուրջ 90000 բնակիչ ունեցող քաղաքում կեսը գիտնական է: Աջ թեքվեք կենսաբանի կտեսնեք, ձախ թեքվեք՝ բժշկի, ուղիղ գնաք՝ մաթեմատիկոսի»,-ժպտալով ասաց Դենիզ Կիրիկը:
COBRAIN նախագծի համակարգող, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ուրախ էր, որ ծրագրի ասպիրանտները կկարողանան ընդլայնել իրենց գիտելիքները, նաեւ համալսարանը հնարավորություն կունենա ասպիրանտական ծրագրեր բերել արտասահմանից: Ի թիվս այլնի՝ նա նաեւ անդրադարձավ տեխնոլոգիաների զարգացմանը, Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի միջոցով գիտելիքների փոխանցմանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի հայտնիության բարձրացմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ